Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շարժումները սկսվում են բնապահպանությունից

Նոյեմբեր 08,1995 16:40

Երեկ խորհրդարանը անկասելի մոտենում էր իր աշխատանքային վաղաժամկետ ավարտին։ Մեծ ընդմիջումից առաջ օրակարգում բաց էր մնացել միայն «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը։ «ՀՀ պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն հավակնում է «բազմաչարչար» մակդիրին՝ կառավարությունը համառորեն զլանում է իր համաձայնությունը տալուց։ Ս. Գեւորգյանը դա համարեց ոչ թե հեռահար միտումի, այլ տարրական անկազմակերպության արդյունք։ Պատգամավորների գործնական արագաշարժությունը չի համապատասխանում տեսական աշխատունակությանը։ Ինչպես նշեց Արա Սահակյանը, օրենքի նախագծեր բնավ չեն կուտակվում. այն, ինչ բերվում է օրակարգ, անմիջապես քննարկվում է։ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովը ներկայացրեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» օրենքի նախագիծը։ Սա թերեւս միակ փաստաթուղթն էր, որի քննարկմանը կառավարությունը գործուն չմասնակցեց՝ ի զարմանս Արմեն Եղիազարյանի:

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը տեսական լավագույն դրույթներ պարունակող նախագիծը քննադատեց զուտ գործնական դիրքերից. նախարարի անցյալ պաշտոնը հարուստ փորձ է ընձեռել։ Ազգային ժողովը Սահմանադրության ընդունումից հետո իրավունք չունի նոր գործադիր մարմին ստեղծելու, ուստի բնապահպանության տեսչությունը կամ լիազոր մարմինը միարժեք պետք է գտնվի կառավարության կազմում։ Ա. Եղիազարյանը մտահոգված էր, որ բարդ հայեցակարգերը, հստակ չափանիշների բացակայության դեպքում, օրենքը կդարձեն խոչընդոտ լուրջ տնտեսական քաղաքականության համար։ Առանց մշակված հայտանիշերի՝ ո՞վ է իրավասու որոշելու տվյալ օբյեկտի բնապահպանական նպատակահարմարությունը։ Ընդսմին, նա զգուշացրեց ամերիկյան մոդելի պարզունակ կրկնօրինակումից. «Ամերիկան տառապում է բազում մոլուցքներով՝ ներառյալ բնապահպանությունը», մեզ մոտ դատարանները դժվար թե զբաղվեն բնապահպանական հայցադիմումների շահախնդիր վարույթով։ Որպես հակակշիռ՝ կոմունիստական խմբակցությունը նշեց. «Մեր շարժումը սկսվեց էկոլոգիական հարցերից», այսինքն՝ օրենքի ընդունումից հետո ակնկալիքներն աճում են։ Ի վերջո, 138 կողմ, 5 դեմ եւ 11 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Սկսվեց Սահմանադրական դատարանի մասին օրենքի քննարկումը, պատգամավորներն ակնհայտորեն շտապում էին։ Նախագիծը ներկայացնող Էդվարդ Եգորյանը փաստեց նաեւ իրենց՝ փաստաթուղթը կազմողների շտապողականությունը, սակայն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո խորհրդարանը տեւական ժամանակ կունենա շեշտադրումները ճշգրտելու համար, իսկ հիմնականը արդեն որոշված է Սահմանադրությամբ։ Բաբկեն Արարքցյանը հակված էր դեպի առավել հիմնավոր վերլուծությունները։ Արդյունքում, նախագծի քննարկումը բավական ձգձգվեց՝ հիմնականում ընթանալով խմբագրական եւ իրավական ձեւակերպումների պարզաբանման ուղիով։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930