Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք գրագետ վիճենք

Նոյեմբեր 08,1995 14:04

Չնայած իր պատանի հասակին, «Առավոտ» թերթը հասցրել է նվաճել լուրջ եւ ինտելեկտուալ պարբերականի վարկ։ Եվ, ընդհանուր առմամբ, ընթերցողի այս գնահատականը արդարացի է։ Այդ հանգամանքը հաշվի առնելով, առավել ցավալի է հանդիպել այդ թերթի էջերում, մեղմ ասած, ոչ այնքան խելամիտ հրապարակումներ։ Այսպես, Գ. Մարտիրոսյանի «Չբաժանված սեր» հոդվածում նշվում է, թե պաշտոնական թերթերը (խոսքը «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթերի մասին է), ձեւական տեսակետից պահպանում են ԱԺ-ի խոսափողի կարգավիճակը։ Այդ վերջին ծանր հանգամանքը, իբր ստիպում է նրանց չափից ավելի սիրել իշխանություններին, իսկ մնացած, անկախ թերթերը, այդ հաճույքից զրկված են։

Աստված վկա, եթե դա տպագրված լիներ որեւէ բուլվարային թերթոնում, ես չէի պատասխանի՝ ժամանակի խնայողության նկատառումներով։ Սակայն, քանի որ հոդվածը լույս է տեսել «Առավոտում», ուրեմն իրական վիճակի թյուրըմբռնումը հեռու է գնացել։

Սիրելի գործընկերներ եւ ընթերցողներ, սույն գրությամբ հայտնում եմ ձեզ, որ ներկայումս Հայաստանում պաշտոնական թերթեր, այդ բառի սովորական իմաստով, գոյություն չունեն։ «ՀՀ»-ի եւ «ՌԱ»-ի հիմնադիրը հանդիսացող նախկին ԳԽ-ի բարեհաջող վախճանից հետո, ԱԺ-ն այդ հարցում չդարձավ նրա իրավաժառանգորդը, եւ ես լուրջ կասկածներ ունեմ, որ չի էլ դառնալու։ Այդ պատճառով, հենց ձեւական տեսակետից նշված թերթերը ոչ մեկի խոսափողը չեն եւ իրենցից ներկայացնում են նույնքան անկախ պարբերականներ, ինչպիսին է, օրինակ, «Առավոտը»։

Սակայն դա, իսկապես, չի խանգարում միանգամայն լոյալ եւ «ըմբռնումով» մոտենալ ներկա իշխանությունների ռազմավարությանը արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականության հիմնական հարցերում։ Այսինքն՝ չլինելով պաշտոնաթերթեր, այդ պարբերակաները վառ արտահայտված «օֆիցիոզ» են։ Մասնագիտական անգրագիտությունը վերացնելու նպատակով, ինձ թույլ տամ պարզաբանել, որ «օֆիցիոզը» զանգվածային լրատվության միջոց է, որը իրավական առումով ազատ եւ անկախ է, ոչ մեկի օրգանը չի հանդիսանում, սակայն, ընդհանուր առմամբ, կիսում է պետության եւ նրա ղեկավարների հիմնական հայացքները, սկզբունքները եւ մոտեցումները։

Դա, կարծում եմ, սկզբունքային պահ է։ Աշխարհահռչակ թերթերը՝ լոնդոնյան «Թայմզը», վաշինգթոնյան «Վաշինգթոն փոստը» կամ փարիզյան «Լը Մոնդը» լիակատար անկախ պարբերականներ են, սակայն բոլորի կողմից ընդունված են որպես «օֆիցիոզ»։ Ընդսմին, այդ թերթերի հիմնական կողմնորոշումները համարյա չեն փոխվում կախված այն հանգամանքից, թե որ կուսակցությունն է տվյալ պահին իշխանության ղեկի մոտ։ Նրանք հետեւողականորեն պաշտպանում են պետության շահերը, եւ, հետեւաբար, այն մարդկանց քաղաքականությունը, որոնք այդ շահերը մարմնավորում են։ Այսինքն՝ եթե Անգլիայում իշխանության գան, ասենք, ֆաշիստները, «Թայմզը» այլեւս «օֆիցիոզ» չի լինելու։ Ուրեմն, խոսքն առաջին հերթին համոզմունքների մասին է, որոնք եւ հիմք են դառնում «օֆիցիոզի» կարգավիճակի համար։ Դրանով, ի դեպ, «օֆիցիոզ»  թերթերը տարբերվում են այլ պարբերականներից, որոնք արտահայտում են կուսակցական, դասակարգային, խմբակային կամ կորպորատիվ շահեր։

Չձգտելով անցկացնել անհարգի զուգահեռներ, նշենք, որ, ըստ էության, նույնն է իրավիճակը մեր դեպքում։ «ՀՀ»-ի եւ «ՌԱ»-ի կողմից անցկացվող քաղաքականությունը պետական շահերի քաղաքականություն է։ Հանդգնեմ նաեւ նշել, որ այդ իմաստով մեր երկրում նման թերթեր այլեւս գոյություն չունեն։ Ուստի իշխանություններին չափից դուրս համակրելու մեղադրանքը պարզապես ծիծաղելի է։ Եվ հակառակը՝ տխուր է այն փաստը, որ հոդվածի հեղինակին շատ լավ հայտնի է ճշմարիտ իրավիճակը։ Տպավորություն է ստեղծվում, որ հոդվածը գրվել է պարզապես գեղեցիկ եւ սուր գրելու նպատակով։ Իհարկե, լրագրողը պետք է գեղեցիկ գրի։ Բայց նաեւ գրագետ։

Ընդունեք հարգանքներիս հավաստիքը։

Արմեն ԽԱՄԲԱԲՅԱՆ

«Ռեսպուբլիկա Արմենիա»

ձեւականորեն անկախ թերթի խմբագրի պաշտոնակատար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930