«Դրո»-ի դատավարության նիստերում այդպես էլ չավարտվեցին Գեղամ Մանուկյանի ցուցմունքները։ Նրա ելույթը տեւում է արդեն երեք նիստ։ Ամբաստանյալը շարունակում էր ապացուցել «Դրո»-Դաշնակցություն կապի անհիմն եւ մտացածին լինելը, ինչպես նաեւ մանրամասն կանգ առավ իրեն ներկայացված մեղադրանքի վրա: Ոչ «Դրո» կառույցի, ոչ էլ նույնիսկ ապահովվական խորհրդի գոյությունը նա կասկածի տակ չէր դնում, սակայն բացառում էր նրանց մեջ գոյություն ունեցող կապը։ Հիմնվելով ՀՅԴ կանոնագրի վրա, նա նշեց, որ «ապահովվական խորհուրդ» կոչվածը միայն խորհրդատվական մարմին էր եւ չուներ ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունք։ Հետեւաբար, Գ. Մանուկյանի կարծիքով, նա չէր կարող նոր կառույցներ ստեղծել։
Բացի այդ, նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ 92-ին Արծրունու կողմից ներկայացրած «Դրո» կառույցի նախագիծը հավանության չարժանացավ, քանի որ այն, թեեւ համապատասխանում էր Հայաստանի օրենքին, սակայն խախտում էր Դաշնակցության սկզբունքներն ու նրա կանոնագիրը, որոնք գոյություն ունեն արդեն 100 տարի եւ կուսակցության հիմնական օրենքն են։
Իր ելույթի մեծ մասը Մանուկյանը նվիրեց «Դրո»-ի կանոնադրության առաջին եւ երկրորդ տարբերակի համեմատական վերլուծությանը, որտեղ գտել էր էական տարբերություններ եւ կուսակցական սկզբունքների խախտումներ։ Արծրունին իրեն համարում էր փոքր-ինչ ավելի լավ դաշնակցական, քան ինքը՝ Դաշնակցությունն է, ասաց Մանուկյանը։
Խոսելով «Դրո» կառույցում իր մասնակցության մասին, ամբաստանյալը վկայակոչեց բազմաթիվ մեջբերումներ Արծրունու նամակներից, որոնցում
Կարդացեք նաև
վերջինս խոսում էր «Դրո»-ի ծրագրերը Մանուկյանից գաղտնի պահելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ դժգոհում էր Մանուկյանի կրավորական դիրքից։ Իր չմասնակցելը Մանուկյանն ապացուցում էր նաեւ գործուն որեւէ փաստաթղթի բացակայությամբ, որը գրված էր «112-րդի» կողմից (Մանուկյանի գաղտնագիրն էր):
Ամբաստանյալը հիշատակեց նաեւ մի դրվագ, որը տեղի էր ունեցել 92-ի սկզբին։ Հրանտ Մարգարյանը, իմանալով, որ Գեղամ Մանուկյանն աշխատանք է փնտրում, առաջարկեց բարեխոսել Արծրունու մոտ՝ որեւէ հարմար աշխատանք գտնելու համար։ Սակայն, ըստ Մանուկյանի, Արծրունին այն ժամանակ ուշադրության արժանի ոչ մի գործ չառաջարկեց։
Գ. Մանուկյանը նաեւ մանրամասնորեն պատմեց իր արխիվային գործունեության մասին, որը, սակայն, նրա խոսքերով, «Դրո» կառույցի հետ ոչ մի կապ չուներ։ Արխիվը պատկանում էր Հրանտ Մարգարյանին եւ մատչելի էր միայն Մանուկյանին, որն արխիվի նյութերի հիման վրա պատրաստում էր ամփոփագրեր՝ տարբեր քաղաքական խնդիրների վերաբերյալ։
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ