Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական մտածելակերպը» բյուրոկրատի մենաշնո՞րհն է

Նոյեմբեր 08,1995 12:47
jenya

Երբ 10-րդ, եթե ոչ 100-րդ անգամ բախտ է վիճակվում լսել տարբեր հասարակական եւ քաղաքական կազմավորումներին, ինչպես նաեւ անհատներին ուղղված «պետական մտածելակերպ» ունենալու պահանջը եւ, հավասարապես, այն չունենալու մեղադրանքները, ակամա սկսում ես խորհել։ Մանավանդ, որ այդ եզրույթը ինքնին բավականին անորոշ է եւ միգամած, որին տրվում են ամենածայրահեղ մեկնություններ՝ կախված այն հանգամանքից, թե ովքեր են այդ մտածելակերպին հավակնող մարդիկ։ Այնպես որ վատ չէր լինի, սկզբի համար, պարզաբանել այդ հասկացության էությունը։ Եթե դատելու լինենք պաշտոնական քարոզչությունից եւ իշխող կուսակցության քաղաքական լիդերների հայտարարություններից, «պետական մտածելակերպը» հասու է միայն պետական վերնախավին եւ նրան ենթակա բյուրոկրատական ապարատին, որոնց, բնականաբար լրացնում են ՀՀՇ-ն եւ «Հանրապետություն» միավորման նրա զինակիցները։ Պատճառաբանությունը բավականին պարզունակ է. հենց այդ մարդկանց է պատկանում պետական կառույցների ստեղծման եւ ղեկավարման մենաշնորհը։ Մնացած բոլորին, նրանց, ովքեր չեն գտնվում իշխանության ղեկի մոտ՝ ընդդիմադիր կուսակցություններին, անկախ մամուլին (էլ չենք խոսում միջին քաղաքացու մասին, որը տառապում է օրվա հացի «ստորին» հոգսերով), նախատեսված է լավագույն դեպքում ստատիստի դեր, իսկ վատագույն դեպքում՝ պետության երդվյալ թշնամու կարգավիճակ։

Մինչդեռ մոռացվում է, որ «պետական մտածելակերպը» անբաժանելի է «պետություն» հասկացությունից եւ նրա կառուցման սկզբունքներից։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ այսօր կառուցվող հայկական պետությունը երրորդ փորձն է, եւ դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի կոմունիստական ֆունկցիոներներին մեղադրել կոմունիստական պետության մտածելակերպին դավաճանելու մեջ։ Այնպես որ հարցն այն է, թե ինչպիսի պետություն է այսօր կառուցվում։

Եթե իսկապես լիբերալ- ժողովրդավարական, որն ամենից վեր է դասում մարդու ազատությունը, նրա իրավական պաշտպանվածությունը, նյութական եւ հոգեւոր բարեկեցությունը, ապա այլախոհ քաղաքական գործիչները, ոչ պաշտոնական մամուլը եւ անհատական ձեռներեցությամբ հարստացող ձեռներեց քաղաքացիները, ուզես թե չուզես, պետական մտածելակերպի վառ արտահայտողներն են։ Նրանք հակակշիռ են կազմում իշխանավորներին եւ պահում են պետական համակարգը այսօրվա, ճիշտ է, մեղմ արտահայտված, ավտորիտարիզմից դեպի բռնապետության անդունդը գլորվելուց։

Եթե մենք չենք ուզում լիբերալ-ժողովրդավարական պետություն ունենալ, ապա նորից հարց է ծագում՝ ինչպիսի: Հաշվի առնենք, որ, ասենք, նացիոնալ-սոցիալիստական կամ կոմունիստական մտածելակերպը ընդունելի չեն մեր իշխանավորների եւ ժողովրդի կողմից։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ամենաբարձր կարգի պետական պաշտոնյաները իրենց ասկետիզմով ու ճգնավորությամբ, իրենց անձնվեր ձգտումով ամսական 5-6 հազար դրամով օր ու գիշեր ծառայելով ժողովրդին, կարող են սրբերի շարքին դասվել։ Սակայն, ցավոք, նրանք չափից դուրս վեհանձն են, որպեսզի վարակեն մնացած ազգաբնակչությանը միանման մտածելակերպով հանուն պայծառ ապագայի։ Նույնիսկ այն դեպքում, եթե այդ մտածելակերպը մեզ հրամցվում է որպես միակ պետականը:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930