Ընդունվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը
Երեկ ԱԺ առավոտյան նիստում անսպասելի արագությամբ դռնփակ ընդունվեց ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի նախագիծը, որի
շուրջ արդեն մեծ կրքեր էին ծավալվել անցած եռօրյային։ Պատգամավորական բազում առաջարկություններից եւ առարկություններից վավերացվեցին միայն լեզվական շտկումները, հնաբույր Այրարատը, Ուտիքը վերանվանվեցին առավել հասկանալի Արարատի եւ Տավուշի, իսկ Գուգարքի մարզը՝ Լոռվա։ Ի մխիթարություն «վտարյալ» թղթակիցների՝ ԱԺՄ խմբակցության անդամ Դավիթ Վարդանյանն ասաց, թե ոչ ոք մեծ բան չի կորցրել՝ մասնակիցը չդառնալով այս գործընթացի, թերեւս որպես արդարացում ԱԺՄ-ի կրավորական դիրքորոշման (խմբակցությունից միայն Սեյրան Ավագյանը հավաստեց իր «ոչ»-ը, մնացյալք բացակայում էին)։ Այնուհանդերձ, շահերի տարասփռումը խիստ ակնառու էր, թեեւ քվեարկությունից հետո պատգամավորներից գրեթե ոչ ոք չկամեցավ կիսել իր խանդավառությունը . կամ մտահոգությունը եզրային սահմանով ընդունված օրենքի վերաբերմամբ։ 85 կողմ, 39 դեմ, 32 ձեռնպահ ձայներով Հայաստանը բաժանվեց 10 մարզի եւ համանման կարգավիճակ ունեցող» Երեւան քաղաքի։ Անվանական քվեարկությամբ (քվեարկության այս համակարգը վերջերս միտում ունի դառնալու ՀՀՇ խմբակցության «ծանր հրետանին»՝ տատանվող պատգամավորներին ուղղված) բավական յուրօրինակ պատկեր է ուրվագծվում միակամության հավակնող «Հանրապետություն» միավորման ներսում։ Սա առաջին նախադեպն է, երբ կուսակցական համերաշխությունը խախտվեց՝ գործնական կողմնորոշումների ճնշման ներքո։ Ավանդաբար դեմ քվեարկող ՀԿԿ խմբակցությանը միացան ՀՀՇ-ի ազդեցիկ դեմքերը, ԱԺ նախագահը ձեռնպահ մնաց, նրա տեղակալ Կարապետ Ռուբինյանը հստակ «դեմ» էր։ ՍԴՀԿ, ՔԴՄ անդամները եւ ՀՀՇ վարչության արմատականները, ինչպես նաեւ Դաշնակցության եւ ՀՌԱԿ-ի միակ ներկայացուցիչները՝ Ռ. Հակոբյանը եւ Վ. Ավոյանը՝ «կողմ»։ Երեւան քաղաքի բնակավայրերի եւ թաղամասերի ցանկը օրենքի բաժանված նախագծում տրված չէր, թեեւ շրջխորհրդի նախագահների զգալի մասը դեմ էր, այսինքն՝ նրանց շահերը եւ միտումները կառավարությունը նմանապես հաշվի չէր առել, իսկ Երեւանի քաղաքապետը, ոմանց օրինակով, իր դիրքորոշումն, հավանաբար, արտահայտել էր՝ չքվեարկելով։ «Բարեփոխումներ» խումբը հերթական անգամ վկայեց իր քննադատական կեցվածքը՝ միահեծան կամքի թելադրման հանդեպ։ Նշենք, որ օրենքին հաջորդելու է ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առավել վճռորոշ արժեք ունեցող նախագծի քննարկումը, գործի հաջող սկիզբը, սակայն, ՀՀՇ-ի համար խոստումնալից վախճանի գրավականն է։
Ն.ԴԻԼԲԱՐՅԱՆ