Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳիԱրՔՄի-ն տարաբեւեռ համագործակցության դաշտում

Նոյեմբեր 08,1995 10:50

Հարցազրույց ԳիԱրՔՄի նախագահ Աղասի Արշակյանի հետ

– ԱԺ ընտրությունների նախօրեից սկսյալ՝ դուք ամենակարծր դիրքորոշումն ունեիք իշխանության հանդեպ, իսկ ընտրություններից հետո անգամ կոչ արեցիք ողջ ընդդիմությանը՝ միացյալ վայր դնելու նվաճված մանդատները։ Այսօր ինչո՞վ բացատրել ձեր կողմից հնչող համագործակցության առաջարկը։

– Այն պահին արված հայտարարությունները բխում էին ժամանակի շնչից՝ արտահայտելով տվյալ պարագայում օբյեկտիվ դիրքորոշում՝ հեռու մնալու անբարո քաղաքական խաղերից։ Նրանց տապալելը ամենակարճ ճանապարհն էր Հայաստանի բարօրության, բայց եթե չկարողացանք, ուրեմն՝ պետք է այլ կերպ գործել։ Այսօր համագործակցության մասին մեր խոսելը բնավ չի նշանակում, թե ներքաշվում ենք նոր քաղաքական խաղերի մեջ, ծառայություններ առաջարկում։ Համագործակցություն հնարավոր է միայն իշխող կուսակցության կողմից բարի կամքի դրսեւորման եւ սեփական սխալների՝ գեթ մասնակի ընդունման դեպքում։ Մեր պատրաստակամությունը՝ առաջին քայլն անելու, նշանակում է, որ ԳիԱրՔՄի-ն հասարակական-տնտեսական կյանքի այս կամ այն ոլորտին վերաբերող իր ծրագրերը պատրաստ է կամովի տրամադրել իշխանություններին, ընդսմին՝ մենք կարծում ենք, որ այդ ծրագրերն ավելի ճիշտ ուղղություն ունեն, քան տվյալ դաշտում գործող պետական նախագծերը։

ԱԺՄ-ն հայտարարում է, որ ինքը նպատակ չունի «խորհուրդներ» տալ իշխանությանը, մենք տրամագծորեն հակառակ տեսակետին ենք։

– Աշոտ Մանուչարյանը եւս համաձա՞յն է համագործակցության, մակդիրների միջեւ խտրություն չդնող ելույթներից հետո նա պատրա՞ստ է գործակցել նախագահի, ՀՀՇ-ի հետ:

– Աշոտ Մանուչարյանը մեր կազմակերպության անդամը չէ։ Նա մեր ցուցակում 3-րդ դեմքն էր, այսօր էլ մասնակցում է խորհրդի նիստերին՝ չլինելով սակայն, ԳիԱրՔՄի ներկայացուցիչ, ընդամենը հրավիրվածի կարգավիճակով։ Տվյալ դեպքում մենք օգտագործում ենք նրա քաղաքական իրազեկությունը։

– Ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ դուք ճշգրտե՞լ եք ձեր դիրքորոշումը, գնահատականները։

– Երկու շաբաթ առաջ մենք սկսեցինք միջկուսակցական բանակցությունների 1-ին փուլը, որն օրերս ավելի կակտիվանա։ Նպատակը իրարից տարանջատված, մասնատված, բայց 80-90 տոկոսից

էլ գրեթե ավելի ծրագրային ընդհանրություններ ունեցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների միավորումն է։ Այնպիսի մի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, շուրջ 50 գրանցված եւ մոտ 3 տասնյակ գործող քաղաքական խմբավորումները

մեծ շռայլություն են։ Ծայրահեղ ձախից մինչեւ աջ՝ կուսակցությունները ծրագրային եւ կանոնադրական զգալի ընդհանրություններ ունեն։ Այսինքն՝ փոխզիջումների եւ համաձայնության ճանապարհով մենք հանգիստ կարող ենք առաջիկա քաղաքական տարում կուսակցությունների թիվը հասցնել խելքին մոտ քանակի, որպեսզի ապագա ընտրությունների հետ կապված՝ ընտրողները եւս դյուրին կողմնորոշվեն։

– Ի՞նչ կազմակերպությունների հետ եք դուք արդեն հանդիպել, ուրվագծվե՞լ են, արդյոք, ընդհանուր եզրեր։

– Բանակցությունները նախապատրաստական փուլում են։ Մեր նպատակը հանգում է 2 խնդրի, նախ՝ գնահատել ստեղծված իրադրությունը, մտքեր, տեղեկություններ փոխանակել, ապա՝ մշակել միասնաբար հանդես գալու, համագործակցության ծրագրերը։ Առաջին փուլը դեռեւս չի ավարտվել, արդեն հանդիպել ենք ԱԺՄ-ի, Դաշնակցության առանձին ներկայացուցիչների եւ 3-4 այլ կազմակերպությունների հետ։ Դրական արձագանք կա, բացարձակապես բոլորը կիսում են մեր մտահոգությունները։

– ԱԻՄ-Ք-ի, կոմունիստների հետ չե՞ք հանդիպել։

– ԱԻՄ-Ք-ի հետ՝ ոչ, ինձ թվում է՝ Պ. Հայրիկյանն արդեն լուրջ քայլեր է անում ՀՀՇ-ի հետ միավորվելու։ Թբիլիսյան ուղեւորությունը շատ ոգեւորիչ էր, մեր կազմակերպությունից մարդիկ կային այդ ատելությանը ներկա, ուստի քաջատեղյակ ենք բոլոր միջոցառումներից, ճառերից ու բաժակաճառերից։ Կոմունիստների հետ դեռ հանդիպելու ենք։ Ընդհանրապես մենք ուրույն կարծիք ունենք թե՛ պետական պաշտոնյաների, թե՛ ընդդիմադիրների դիրքորոշման մասին, որն էլ հաշվի կառնենք հետագա միջկուսակցական հարաբերությունների պարագայում։

– Իշխանությունների ներկայացուցիչների հետ որեւէ գործնական հանդիպում եղե՞լ է։

– Մեր կազմում կան մարդիկ, որոնք ունեն անձնական կամ բարեկամական շփումներ իշխանության տարբեր օղակների հետ, որոնց ընթացքում այս մտահոգությունները բարձրացվել են։ Պետության դրոշակակիրներն իրենք են, ուստի պետության շահերը չվտանգելու համար համագործակցում ենք նրանց հետ, տեղեկացնում։ Բայց շեշտում եմ՝ ոչ պաշտոնական մակարդակում, որպեսզի լրացուցիչ հետաքրքրությունների շրջանակ չբացեմ նրանց համար, ովքեր մի անգամ արդեն «կողոպտեցին» մեր գրասենյակը։

– Իշխանության հետ համագործակցության հատկապես ի՞նչ ասպարեզներ կառանձնացնեք՝ որպես ավելի արդյունավետ:

– Սեփականաշնորհման, ապապետականացման հարցերը։ Պրոֆեսիոնալ արդյունաբերողների կորիզը նրանք ցաք ու ցրիվ արեցին, բայց դեռեւս մնում են մշակված ծրագրերը եւ ուղենիշները, որոնց կրողն է ԳիԱրՔՄի-ն։ Ես չեմ պատկերացնում ապագայում իշխանության եկող որեւէ ուժ կկարողանա ներել այսօրվա այն ուժին, որը 7 վաուչերով վաճառում է գործարան։ Մենք պատրաստ ենք բարձրաձայն պնդելու, որ համաժողովրդական սեփականությունը չի կարելի «հոր խերի» փեշքեշ տալ այնպիսի մեկին, որն, օրինակ, 300000 դոլարով գնած գործարանից բոլոր գործող հին ու նոր սարքավորումներն՝ իբրեւ մետաղաջարդոն, կծախի մերձակա արտասահմանում՝ փոխհատուցելով վճարված 300000-ը, ապա ողջ շինությունը, միջնորմներ կառուցելով, կդարձնի 100 հատ 3 սենյականոց բնակարան եւ 30000-ով կծախի՝ հավելյալ 300000-ը դնելով գրպանը։

Հայաստանում տնօրենին հանում են աշխատանքից, որովհետեւ «յուղոտ» տեղ է աշխատում, նրա փոխարեն նշանակում կասկածելի կենսագրության տեր մեկին՝ քաղաքական գծին վստահության համար, իսկ Ռուսաստանում մեր հեռացվածին տալիս են եւ քաղաքացիություն, եւ պաշտոն, ընդհուպ մինչեւ փոխնախարար։ Նման մոտեցումների դեպքում համագործակցությունն անհնարին է. մենք ոչ մի պորտֆելի չենք հավակնում, մեզ մտահոգում է Հայաստանի վաղվա օրը։

Փորձում ենք աշխատել որոշ խորհրդարանականների հետ, օրինակ՝ վերջերս բերեցին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման օրենքի նախագիծը, նրանց միջոցով ջանում ենք մեր ճշմարտությունը եւ քաղաքականությունը առաջ մղել։ Բարձրակարգ վերլուծական կենտրոն ունենք։ Ի դեպ, ԳիԱրՔՄի գրասենյակի կողոպուտի հնարավոր նպատակներից մեկն էլ, այդ կենտրոնի նյութերն էին, բարեբախտաբար ՎԿ-ն այս գրասենյակում չի տեղավորված։ Համարժեք եւ ճշգրիտ տեղեկություն ունենք Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին։ Մենք պատրաստ ենք առաջին քայլը կատարել եւ մոտ ժամանակներս կանենք այդ, բայց անհրաժեշտ է համապատասխան ընդառաջ քայլ։ Միայն այդ դեպքում կարող ենք, չասեմ մոռանալ, այլ հաշտվել այն մտքի հետ, որ իրենք իշխանությունն ամեն դեպքում զավթեցին Հայաստանում։ Շատերին կարող է զարմանալի թվալ, բայց իրականում ողջ աշխարհը գիտե մեր ընտրությունների ռեալ պատկերը։

– Գալիք նախագահական ընտրությունների ուղղությամբ ԳիԱրՔՄի-ն ունի՞, արդյոք, իր դիրքորոշումը։

– ԳիԱրՔՄի-ն կկողմնորոշվի դեկտեմբերի 2-րդ կեսին գումարվող իր համագումարում։ Այսօր մենք որեւէ թեկնածու չունենք եւ չենք կողմնորոշվել ասպարեզում առկա ընդդիմության թեկնածուներից որեւէ մեկի օգտին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը երաշխավորելու լավագույն տարբերակն այն կլինի, եթե ընդդիմության այդ 2 ընդգծված դեմքերն իրենց համարեն միարժեք թեկնածու՝ փոխզիջման ճանապարհները բացառելով, իսկ նման միտումներ, ցավոք, կան։ Նրանց կոշտ դիրքորոշումը կբերի ԱԺ ընտրությունների դառը փորձի կրկնության։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930