Ընդդիմություն ունենայինք՝ պարտապան քաղաքացիների բնակարանները հոսանքազրկելը կհամարեր պետական ահաբեկչություն։ Կկնքեր ու կզմռսեր։ Հետո պետական քարոզչությունը որքան էլ ջղաձգվեր՝ կնիք-զմուռսի մնացորդները փոշիացնել չէր կարողանա։ Մեր իշխանությունների բախտից է, որ այսօրվա գրիչ վերցնողները չարամիտ նկրտումներ չունեն եւ կարող են ոչ միայն նկատել, այլեւ իմաստավորել, զորօրինակ այսպիսի մի երեւույթ. ճիշտ է, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ վառելիքի նախարարությունը կառավարության ազդեցիկ օղակներից է, բայց նրա գործած սխալները մահացու չեն, քանզի փոխհատուցվում են նույն կառավարության մեկ այլ օղակի, այս դեպքում, կապի նախարարության ցուցաբերած մեծահոգությամբ։ Այս ոլորապտույտ ընդհանրացման ներքո հանգրվանել է մի պարզորոշ համեմատություն. Եթե հոսանքի վարձը չմուծած քաղաքացին իսկույն եւեթ զրկվում է այդ բարիքից, հեռախոսի վարձը չմուծածը շարունակում է օգտվել այդ բարիքից։ Այս հակոտնյա գործողությունները կատարվում են, ինչպես արդեն շեշտեցինք, միեւնույն կառավարության, այսինքն, պետության շրջանակում։ Նշանակում է պետությունը միարժեքորեն սադիստական կամ միարժեքորեն գթասիրական կոչելը հավասարաչափ սխալ է։ Երկու որակի ակունքն էլ պետք է պեղել որոշակի նախարարությունների ընդերքում։
Կապի նախարար Գրիգոր Պողպատյանը, ով բոլորովին էլ սրբի լուսապսակ չի կրում, ընդհակառակը, քննադատվելու ծանրակշիռ փորձ ունի, վերջերս հանդես է եկել մի անսպասելի հայտարարությամբ։ Փաստելով, որ հենց միայն Երեւանը իրենց նախարարությանը ահռելի գումար է պարտք, եւ այդ պատճառով ամենաքիչը 40 հազար հեռախոս ենթակա է անջատման, նախարարը ավելացրել է, որ իրենք, այնուամենայնիվ, այդ քայլին չեն դիմի։ Նախ, անջատումն աշխատատար գործ է։ «Առավել եւս՝ անշնորհակալ»։ Չնայած բոլորս էլ հրաշալի գիտենք, որ մեր հեռախոսները թուրքմենական գազով չեն աշխատում եւ մենք ստիպված չենք գոնե այս դեպքում օտար պետության ձեռքերին նայել, համենայնդեպս, անտեղյակ էլ չենք, որ կապի հանգույցներին եւս դրամ է պետք։ Այս գիտակցությունը հոգուդ խորքում վեր է ածվում կապի առաջնորդի նկատմամբ երախտագիտության տաք ալիքի, որը, սակայն, անմիջապես սառցակալում է էներգետիկայի նախարարի չոր սպառնալիքի հիշողությամբ՝ վիճակը տասնապատիկ կվատանա։ Տուգանք։ Ազատազրկում։ Խոստումն՝ ի կատար է ածվում ամենայն հետեւողականությամբ։ Թաց ու չորի միասնական խարույկում, բնականաբար, ոչնչանում են անմեղների շահերը։ Սա է գծապատկերը. հոկտեմբերի համար դու մուծել էիր պայմանագրային 2000 դրամը։ Սպասում էի, որ հսկիչները կգան, կվերահաշվարկեն ու փոխհամաձայնությունը կշարունակվի։ Եկան, հաշվարկեցին, աշխատավարձդ գերազանցող գումարը (պարտք) գանձեցին (գուցե գրպանեցին) ու հայտարարեցին, որ 2000 դրամները «բլեֆ էին», սրանից հետո պետք է նախկին ոճով մուծես-ստանաս։
Ճարդ ի՞նչ, դրան էլ էիր համաձայն։ Բայց ո՞վ է գնահատում պարտաճանաչ քաղաքացուդ անձնազոհությունը։ Հարեւաններդ պարտաճանաչ չեն (վախենում եմ ասել՝ վճարունակ չեն), ուրեմն դու էլ նրանց հետ պատժվիր: Օրը մեկ ժամ հոսանք՝ ու ոչ մի սակարկություն։ Ոչ մեկին պետք չեն ընտանիքիդ մաքրակենցաղությունը, քաղաքակրթության հեռուստատեսային շնորհներից զրկված զավակներիդ պրկված նյարդերը, ձեր բոլորի որկորային հոգսերը։ Տապակվեք ձեր սեփական յուղի վերջին գրամներում ու շանթիչ հայացքներ մի ձգեք դիմացի շարվեշար շենքերի լուսառատությանը։ Նրանք մուծել են։ Ձե՛զ ինչ, թե ում եւ որքան։ Մուծե՛լ են։ Կարող ես՝ դու էլ քեզ պարգեւատրիր «լեւիով»։ Հետո դա էլ կսակարկենք։ Հիմա՝ մեկ ժամ։ Իմ ցանկացած ժամին: Եվ սա դեռ տասնապատիկը չէ, կա նաեւ շարունակությունը՝ տուգանք եւ ազատազրկում։ Ե՛ս եմ խավարի տերը, եւ իմն է այս թագավորությունը։
Գանք կապի նախարարի հայտարարությանը։ Իհարկե, այս օղակին էլ միլիարդավոր դրամ է պետք։ Միայն թե գանձումը եւ պատիժը պետք է կատարվեն խիստ անհատական եղանակով։ Այդ նպատակին է ծառայելու ինքնաշխատ համակարգը, որն այժմ ներդրման ընթացքում է։ Էլեկտրոնային համակարգիչը կվերահսկի բաժանորդի հեռախոսի գործունեությունը՝ հիշեցնելով վարձի մասին։ Մարդկային կոպիտ միջամտությունը կբացառվի։ Էներգետիկայի բնագավառում երբեւէ նման նորամուծություն կկիրառվի՞։ Կգործի՞, արդյոք, այնպիսի մի կարգ, որտեղ «լեւի-հսկիչային» գործոնը բացառվի, որտեղ չորը վառվի, իսկ թացը թշշալով հանգչի, մյուսներին չխանգարելով։ Երեւի կգործի, եթե կառավարությունում թաց ու չորի ասպետների փոխարեն պետական մոտեցում իշխի։
Կարդացեք նաև
Սա ընդամենը հռետորական ցանկություն է, մինչդեռ մեր առօրյան հագեցած է ոչ միայն խավարի թագավորությունում խմորվող մտքերի առատությամբ, այլեւ հայկական ատոմակայանի ընծայելիք բարեկեցության սպասումներով։ Բայց, եթե ատոմային բարիքն էլ այս կամայական եղանակով բաշխվի, ո՞ր մեկի բերանին պետք է կողպեք կախվի, որպեսզի չասեն, թե Հայաստանի էներգիան նվիրաբերվում է Ադրբեջանին ու Թուրքիային։ Քանզի ամեն մանուկ գիտի, որ ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնել անհնար է, իսկ լիցքաթափման հողը՝ մի թզաչափ։ Եվ հետո, պետք է լինի՞ մի բնագավառ, որտեղ երեւա, թե միջազգային վարկերը տեղ են հասնում։ Եթե համաշխարհային կազմակերպությունները կարող են հանրապետությանը վարկ, այսինքն, պարտք տալ, ինչո՞ւ հանրապետությունը չի կարող իր քաղաքացիներին պարտքով հոսանք տալ։ Կամ աշխարհն է մեզ սխալ հասկացել, կամ մենք՝ աշխարհին։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ