Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ծնել շողշողուն այս պատանին»

Նոյեմբեր 07,1995 13:17

Քանի որ «Ներկայի ու ապագայի արանքում անցյալն է», ուրեմն նոյեմբերի 7-ն ու նրա տոնական դուստր նոյեմբերի 29-ը մեր ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ պիտի հիշվեն իբրեւ 20-րդ դարի մեծագույն իրադարձություն։ Իհարկե՝ ո՛չ հազար շեփորով ու հազար թմբուկով։ Այլ, ինչպես Պարոնյանը կասեր՝ ՝ խնդալո՛վ ու լալո՛վ։

Հինգ տարի է, «դեռ մի բան էլ ավելի», ինչ կարոտախտից հյուծվում են նրանք, ովքեր չեն մոռանում, որ Լենինն ապրում էր «հավերժական՝ որպես արեւ»։ Քնել- արթնանալիս աղոթք էին շշնջում հայր Ստալինին. «Դու չես թողնի, որ Արարատ լեռը պանդուխտ մնա էլի հեռվում» դժվարին տողի տպագրության համար գրված հրաշալի բանաստեղծության խոսքերով՝ «Դու սրտիս մեջ, ու պատկերդ կախած ունիմ իմ սնարին»։ Նրանց, ովքեր «լույս նետեցին» նաեւ մեր ժողովրդին չոքած, շահագրգիռ մեր ազգային վերածնությամբ՝ նրան նույնպես ներքաշեցին իրենց կողմից պատմության շարժիչ ուժ դարձած դասակարգային պայքար- կռիվների հորձանուտ։

Հազար շեփորի ու հազար թմբուկի մարող վերջին արձագանքները նրանց, ովքեր գաղափարական համոզվածությամբ էին զինվորագրվում բուշեւիկյան դինաստիայի «անվախճան երթին», զբաղեցնում էին վարչահրամայական տարբեր բարձունքներ, ուստի, անտարակույս մեղսակիցներն են հավերժ թողություն չունեցող բազում մեղքերի եւ, առաջին հերթին, բռնամիջոցներով երջանիկ կյանք ու լուսավոր ապագա կառուցելու դավանանքի փթթման։

Հազար ափսոս խաբվելու փորձության ենթարկվածներին, հատուկ պատրաստված քարոզչական կաթով կերակրվածներին, ովքեր «կուսակցության գործի պայքարին» մասնակցում էին ուղղափառ նվիրվածությամբ։ Հազա՛ր ափսոս, որ հայոց «շողշողուն պատանու» ծննդյան մատյանում փառաբանվել ու հանրագիտարանային գրականությամբ ընդմիշտ պիտի փառաբանված մնա «ազատարար» 11-րդ կարմիր բանակը, որ այսպես է նկարագրել ականատեսը. «Եկավ վերջապես֊, փոքրա՛թիվ, խեղճուկրակ մի բան… նիհար, գույնզգույն ու պատահական ձիերի վրա նստած, անկարգ շարքերով… Հանրապետական Հայաստանի զինվորների հագուստներ հագած… Ճանապարհին Սեմյոնովկա եւ Ելենովկա ռուսական գյուղերում մեր զինվորների վրայից հանել էին հագուստները եւ իրենք հագել, իսկ իրենց ցնցոտիները նրանց տվել՝ ի նշան բոլշեւիկյան եղբայրության ու հավատարմության… Ինչ էին սպասում Հայաստանում եւ ինչ տեսան… Ժողովրդի գլխին ջուր մաղվեց։

Հազա՛ր ափսոս, որ մեր պատմության եղծված հատորներից ու «Ո՞վ է, ի՞նչ է» խիստ քաղաքականացված մանկական հանրագիտարանից բացի ընթերցողական շրջանառությունից ինքնաբերաբար դուրս են մղվելու նաեւ բազմաթիվ հրաշալի գրական ստեղծագործություններ, որոնցով միշտ իմաստավորվում էր «հավերժ շողշողուն պատանի» Խորհրդային Հայաստանի տոնական մթնոլորտը։

Ու հազա՛ր ողորմի 1937-ին, 1949-ին, դրանցից առաջ ու հետո էլ մեր քաղաքականացված կյանքի արյունոտ հերկերում զոհաբերվածներին…

Հազա՛ր երանի նրանց, ովքեր ի վերջո հասկացան, որ համաշխարհային պատմության շարժիչ ուժը սոցիալական օրգանիզմների՝ ժողովուրդների մրցակցությունն է, նրանց, ովքեր ականատեսներն են այն ժամանակների, երբ «մատաղացու գառների» ցուցակում գրանցված հայությունը, դաժան փորձությունների գնով, վերստին թեւակոխում է հարատեւման դաշտ։ Նրա՛նց, ովքեր լավ են պատկերացնում շողշողուն պատանու՝ իր գոյության 70-րդ տարում, լենինյան ուղուց շեղված Խորհրդային Հայաստանի առած-տարածն էլ, բերած-թողածն էլ՝ կառուցապատված մի երկիր, որն արգասիքն է ոչ թե

հրամայողների իմաստնության, այլ բնօրրանի, նաեւ սփյուռքի հայության տառապանքների, զրկանքների ու երազանքների։ Որոնումների ու ոգորումների պտուղները մի ցեղի, որի դիմագիծը ներկայացնող ստեղծագործված արժեքների վրա քար նետողներ են հայտնվել ու մեծն Չարենցի «Պատմության քառուղիներում» ստեղծագործության՝ իրենց ընկալած շրջանակներում, բանաստեղծի որոշ տրամադրությունների գռեհկացմամբ, կամենում են ամենքին համոզել, որ «Պետք չէ զարմանալ, թե չի ստեղծվում ոչ մի արժեք, որն ունենա համաշխարհային նշանակություն, իսկ եղածները կամ օտարի ազդեցության հետեւանք են կամ էլ օտար մշակույթի մեջ «դաստիարակված» ծագումով հայերի ստեղծածը»։ Եվ այս սնամեջ ժխտողականությունը, երեւի նրա համար, որ հայությանն ասվի՝ «Ադամը հայ չէր», մի բան, որ իրենցից շատ դարեր առաջ դիպուկ է նկատել Ֆրիկը, ու այսօր լավ գիտի ամեն մի դպրոցական։

Եվ հազա՛ր փառք ու պատիվ նրանց, ովքեր Հայաստանն ըմբռնում են իր ամբողջության մեջ՝ նրա հաղթահարած դաժան դարերով, հրաժեշտ տված «շողշողուն պատանեկությամբ» ու այն հունդերով, որ հիմա են պահ տրվում նրա հերկերին։ Նրա՛նց, ովքեր հպարտությունն ունեն հայտարարելու, թե, ինչպես որ Իտալիան, Հայաստանը եւս ստեղծել են ժողովուրդն ու հանճարները…

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930