Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ թե ուժեղ հարեւան

Նոյեմբեր 07,1995 12:02

Ո՞րն է լավը

Ամեն տարի Թուրքիան կրկին ու կրկին հայտ է ներկայացնում՝ Եվրամիության կազմում ընդգրկվելու համար։ Ընդ որում` յուրաքանչյուր տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի պահին այդ երկիրը Արեւմուտքին սպառնում է իսլամական ֆունդամենտալիզմի վերելքով։ Իսկ Եվրոպան միշտ առիթներ է գտնում Թուրքիային մերժելու եւ պրոցեսը ձգձգելու։ Առիթները տարբեր են՝ հայկական հարց, քրդական հարց, մարդու իրավունքներ եւ այլն։ Օզալի մահվանից հետո Թուրքիան ընկղմվեց խոր տնտեսական ճգնաժամի մեջ։ Պարզվեց, որ Թուրքիայում էլ «անցումային շրջանը» շատ երկար է տեւելու։ Իհարկե, այսօրվա թուրքական տնտեսությունը չի կարելի համեմատել Արեւելյան Եվրոպայի եւ հատկապես նախկին ԽՍՀՄ շատ հանրապետությունների տնտեսությունների հետ՝ այն բավականին զարգացած է։ Բայց, զարգացման մշտական եւ անխափան տեմպերն ապահովող իրական տնտեսական եւ քաղաքական հիմքերը դեռ վերջնականապես չեն ձեւավորվել։ Իսկ թուրք-քրդական հակամարտությունը վախեցրեց մասնավոր կապիտալին՝ Թուրքիային կախվածության մեջ գցելով ոչ մասնավոր (ըստ էության, քաղաքական) ներդրումներից։ Թուրքական քաղաքական, տնտեսական եւ մտավոր վերնախավը վերջին տասնամյակում (հատկապես Օզալի շրջանում) իշխանություններից սպասում էր տնտեսական հրաշք (մոտավորապես ճապոնական կամ հարավկորեական տարբերակով) եւ այս հուսախաբությունն է նաեւ այսօրվա կառավարական ճգնաժամի խորքային պատճառներից մեկը։

Եթե Եվրոպան ունի իր պատճառները Թուրքիային Եվրոպական տնից միշտ որոշակի հեռավորության վրա պահելու, ապա Թուրքիան էլ միշտ պատճառներ է գտնում եվրոպական դիրքորոշմանը քննադատելու։ Իսլամական ֆունդամենտալիզմը, որով Թուրքիան սիրում է սպառնալ, ավելի շատ տուրք է ժամանակակից Արեւմուտքում ստեղծված չարի եւ թշնամու կերպարին եւ հեռու է թուրքական հասարակության մեջ առկա իրական միտումներից։ Պատմությունը ցույց է տվել, որ թուրքական մենթալությանը խորթ է քաղաքական իշխանության կրոնականացման գաղափարը։ Իհարկե, Թուրքիայում կա իսլամական կուսակցություն, որն ունի մշտական եւ կայուն էլեկտորատ, սակայն հասարակության ավելի լայն խավերը ընդգրկելու միտում իսլամական ֆունդամենտալիզմը այդ երկրում չունի։

Թուրքիայում առկա գլխավոր հակասություններն այսօր կրոնական չեն, այլ՝ ազգային։ Իրական միտումները հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել ավելի անկայուն, տատանվող էլեկտորատ ունեցող գաղափարախոսություններին եւ ուժերին։ Ակնհայտ է, որ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերի փուլում Թուրքիայում կտրուկ ուժեղանում են ոչ թե իսլամական, այլ՝ ազգայնական ուժերը։ Հատկանշական է Թյուրքեշի կուսակցության («Գորշ գայլեր») ուժեղացումը վերջին շրջանում։ Սակայն Արեւմուտքի կողմից սա որպես վտանգ չի ընկալվում։ Թուրքական ազգայնականությունը ուղղված է ոչ թե Արեւմուտքի, այլ, ավելի շուտ, Ռուսաստանի դեմ, որի հետ նա ազդեցության ոլորտների խնդիր ունի։ Իսկ շուկայական տնտեսության, ժողովրդավարական արժեքների եւ աշխարհիկ պետության մոդելի հետ թուրքական ազգայնականությունը խոր հակասություններ չունի։ Մինչդեռ սա է Արեւմուտքին հետաքրքրող հիմնական ցուցանիշը (իհարկե, սեփական աշխարհաքաղաքական շահերից հետո):

Ո՞ր  Թուրքիան  է Հայաստանին շահավետ՝ տնտեսապես  թո՞ւյլ,  թե՝ ուժեղ։  Այս  հարցին, առաջին հայացքից ինքնին հասկանալի,, մակերեսային պատասխանը հեշտությամբ կարող է սխալվել։ Տնտեսապես բարգավաճող Թուրքիայում սովորաբար իշխանության գլուխն են լինում ժողովրդավարական ուժերը, որոնք ավելի հակված են հետեւելու միջազգային նորմերին եւ  ռազմատենչ չեն։ Իսկ ճգնաժամային փուլում, նույնիսկ իշխանության գլուխ կանգնած ոչ ազգայնական ուժերը ստիպված դիմում են միջազգային նորմերից հեռանալու քաղաքականությանը  (օրինակ,  հարեւան  երկրի տարածքում ռմբակոծելով քրդական  բնակավայրերը), իսկ երկրի ներսում մեծանում է ազգայնական (պանթուրքիստական) ուժերի էլեկտորատը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930