Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագահը մեղմում է քաղաքացիության օրենքը

Նոյեմբեր 07,1995 11:33

Երեկ ՀՀ նախագահը իր ստորագրման ներկայացված «ՀՀ քաղաքացիության    մասին» օրենքում կատարեց վճռաբեկ փոփոխություններ։ Խոսքը վերաբերում է չարաբաստիկ 13-րդ հոդվածի երեք կետերին։ ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների ու կոչումների բաժնի վարիչ Գ. Մարգարյանը ի պաշտոնե ներկայացրեց նախագահական առարկությունները։ Իր ելույթից հետո նա փաստեց նախագահի վրդովմունքը օրենքի որոշ կետերի վերաբերմամբ։ Այսպիսով՝ Հայաստանի քաղաքացի դառնալուն խոչընդոտող երեք արգելքները վերացվում են. ՀՀ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններում կասկածվող անձինք, ինչպես եւ Հայաստանում օրենքով արգելված կուսակցության անդամներն այսուհետ կարող են դիմումով դառնալ ՀՀ լիարժեք քաղաքացիներ։ Բացի քաղաքական կասկածյալներից՝ բարյացակամ վերաբերմունքի են արժանանում նաեւ արտերկրում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող այն մարդիկ, որոնց գործած հանցանքները դատապարտելի են ՀՀ քրեական օրենսգրքով։ ՀՀ քաղաքացիության դիմումը մերժվում է միայն այն դեպքում, եթե «տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին եւ բարի համբավին»։

Այդ ձեւակերպումը հարուցեց Արշակ Սադոյանի հարցադրումները. ա) ի՞նչ է նշանակում «այլոց իրավունքներ», ովքե՞ր են այլոք, բ) ո՞վ է որոշելու տվյալ անձի վտանգավորության աստիճանը հանրության առողջության եւ բարքերի, հատկապես բարի համբավի ու պատվի հայեցակետից։ Նախագահի ներկայացուցիչը պատասխանեց, որ սույն սահմանումը պատկանում է ԱԺ-ի հավաքական գրչին, ուստի տարակարծությունը անհարիր է։

Հայաստանի քաղաքացիության դաշտը ընդլայնվեց նաեւ ՀՀ-ից դուրս բնակվող, բայց այլ պետության քաղաքացիություն ձեռք չբերած ու մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հյուպատոսական հաշվառման կանգնած ծագումով հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիների օգտին։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930