Նոյեմբերի 6-ին ԱԺ բացվող եռօրյայի օրակարգում, բացառյալ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը եւ միջազգային համաձայնագիր-պայմանագրերի ավանդական փաթեթը, նախկինում քննարկված կամ արդեն ընդունված օրենքներն էին՝ Պաշտպանության, ՀՀ վարչատարածքային բաժանման, Գրավի: Հանգուցայինը ՀՀ նախագահի առաջարկություններն ու առարկություններն էին ԱԺ կանոնակարգի եւ քաղաքացիության՝մասին օրենքներում։ Դատելով ընդհանուր մտայնությունից՝ եռօրյայի հաջորդ երկու նիստերի կարգախոսը կարող է դառնալ «դռնփակությունը», որովհետեւ երեկ՝ 17.30, Վարչատարածքային բաժանման օրենքի քննարկմամբ նիստն արդեն փակվեց, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի շուրջ եւս նման լուրեր են շրջում։
Թարմ ուժերով ԱԺ-ն վավերացրեց եւ միացավ 10 միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների, որից հետո սկսվեց խորհրդարանի «սահմանադրությանը»՝ կանոնակարգին վերաբերող ՀՀ նախագահի առարկություն-առաջարկների ներկայացում-քննարկումը։ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Ա. Խաչատրյանը՝ իբրեւ պաշտոնական լիազոր, պատգամավորների դատին հանձնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի 25 նկատառումները։ Դրանց առյուծի բաժինը իմաստային եւ խմբագրական շտկումներ էին, սակայն երկու առանցքային հարցերի շուրջ ծավալվեց մեծ բանավեճ, որը հանգում էր կառավարություն-կենտրոնական բանկ հարաբերությունների բնույթին։
Նախագահի առարկությունների արդյունքում ԱԺ մեկուսանում էր ՀՀ տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության վարույթից։
Ա) Տվյալ տարվա բյուջեի ծրագիրը հաստատելուց առաջ կառավարությունը ազատվում է նախորդ բյուջեների կատարման ընթացքի մասին հաշվետվություններ ներկայացնելու «հոգսից»:
Կարդացեք նաև
Բ) Կենտրոնական բանկը հայտնվում է կառավարության տիրույթում, Ազգային ժողովի քննարկմանը նախատեսվող հաշվետվությունները դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հասցվում են նվազագույնի։
ԱԺ իրավասությունների արհեստական նեղացման միտումն առաջացրեց քաղաքական եւ տնտեսական ընդդիմության ընդվզումը, թեեւ հարց առ հարց քվեարկությունների ժամանակ ակնհայտ էր պատգամավորների շփոթությունը, ձեռնպահների քանակը հասնում էր 72-78-ի։ ԱԺՄ, ՀԿԿ, ԱԻՄ-Ք խմբակցությունների ելույթները միակամ էին: Արշակ Սադոյանը, օրինակ, զուտ գործնական բառապաշարով ձեւակերպեց հարվածը. «Այս բոլորը պատահական չէ, ծրագրված ուղղվածություն է՝ ԱԺ-ն զրկել փողային հարցերի քննարկման իրավունքից», բոլոր տեսակի հղումներն առ Սահմանադրություն, նա համարեց անտեղի, քանի որ վերջինս ընդունվել է Հանրաքվեի մասին օրենքի խախտմամբ։ Նման գնահատականը հարուցեց Սահմանադրության ջատագովների բողոքը, իսկ Արա Սահակյանը փորձեց կանխել շեղումը, որը մոտենում էր «անվայել, վարքագծի» վտանգավոր մատույցներին։
Միով բանիվ, ԱԺՍ խմբակցությունն իր եռյակով՝ Ա. Սադոյան, Շ. Քոչարյան, Ս. Ավագյան, վկայեցին խորհրդարանական աշխատանքի որակի կտրուկ փոփոխությունը, որին կամա թե ակամա նպաստում են պատգամավորները՝ կոճակ սեղմումներով։ Հերթական ոտնձգությունը Ս. Ավագյանը բնորոշեց իբրեւ «ագրեսիվ ռեւիզիոնիզմ»։ Գերագույն խորհրդի հնգամյա նվաճումները քայլ առ քայլ հանձնվում են. դասագրքային մակարդակից էլ իջնում ենք։ ԱԺ-ն չի կարող ածանցյալը լինել կառավարության։ Ընդսմին՝ չկա նախադեպ, որը վկայեր արդյունավետ տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության մեջ ԱԺ-ի խանգարիչ գործոն լինելը։ Շավարշ Քոչարյանն առավել հաշտարար մոտեցմամբ նշեց, որ անկախ Սահմանադրության ընդունման կերպից՝ պետության դրամավարկային քաղաքականությունը պետք է կարգավորվի կամ ծրագրերով, կամ օրենքով։ Առաջին դեպքում պետությունը մղվում է դեպի պլանային տնտեսություն, դա կիրառելի է անցումային փուլերում, երկրորդը զուտ լիբերալ ուղին է։ Մեր պարագայում, սակայն, գործում են ոչ առաջինը, ոչ երկրորդը, այլ՝ մի խումբ մարդիկ։ ԱԺ-ն պետք է հաշտարար դատավոր լինի կառավարության եւ ԿԲ-ի միջեւ։
Արտաշես Թումանյանը (արդեն ոչ կուսակցական) հորդորեց խուսափել ավելորդ ողբերգականությունից՝ հանգելով ժողովրդական իմաստության. «Ցանկացած փայտ երկու ծայր ունի»։ ԱԺ-ի առջեւ հաշվետու լինելուց ազատելով՝ ԿԲ-ն մղում ենք դեպի կառավարության ենթակայություն։
Իրենց տիրույթների շահերը պաշտպանելով՝ գործուն միջամտություն ցուցաբերեցին Հրանտ Բագրատյանը եւ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը։ Վերջինս առաջարկեց ազատվել հուզական մոտեցումներից՝ փողի մասին պետք է հստակ խոսել։ Սղաճի սցենարը բյուջեով հաստատելն արդեն ինքնին փոխզիջում է, բայց, ըստ էության, կառավարությունը չի կարող լինել դրամավարկային քաղաքականության պատասխանատուն. ԿԲ-ն պետք է լինի ինքնավար միավոր։ Հ. Բագրատյանը փաստեց, որ կառավարությունը որեւէ խնդիր չունի ԿԲ-ի վերաբերմամբ, սակայն զուտ մասնագիտական հայեցակետից առաջնայինը բյուջեն է՝ ֆիսկալ միջոցառումներով՝ հարկային քաղաքականությամբ, վարկերով, որից հետո արդեն դրամաշրջանառությունը՝ արդեն ԿԲ-ի տիրույթում։ ԿԲ-ն պետք է լինի միասնական ֆինանսավարկային քաղաքականության երաշխավորը։ Բյուջեն եւ ռեզերվները համակշռելու են միմյանց, օրինակ, Ռուսաստանը 36 մլրդ բյուջե ունի՝ 34 մլրդ ռեզերվով, իսկ Հայաստանը՝ 320 մլն՝ 100 մլն ռեզերվով։
Ընդմիջումից հետո ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը նախագահի անունից առաջարկեց փոխզիջում (խորհրդարանը 139-րդ հոդվածի առաջին մասը հանելու դեմ արտահայտվեց՝ առանց, սակայն, վերահաստատելու նախորդ ձեւակերպումը). «Մինչեւ ԱԺ նիստում հերթական բյուջետային տարվա պետբյուջեի հաստատումը ԱԺ-ն քննարկում է ընթացիկ տարվան նախորդող բյուջեի կատարման մասին հաշվետվությունը»։ 156 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայներով փոխզիջումն ընդունվեց, 150 ձայնով վավերացվեցին նաեւ ԿԲ-ին վերաբերող նախագահական առաջարկները։ Այսպիսով, ԱԺ-ն ունեցավ իր կանոնակարգը։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ