«Վերջապես իսկական հայ դարձ,- նոյեմբերի 2-ի երեկոյան Հայաստանի կինեմատոգրաֆիստների տանը հրապարակավ խոստովանեց հանրահայտ կինոռեժիսոր Ռոման Բալայանը՝ մեծն Ս. Փարաջանովի աշակերտը։
Բանն այն է, որ նախորդ օրը նա կնքվել էր։ Եվ կնքահայրը դարձել էր Հրանտ Մաթեւոսյանը։ Մեր ունեցած հավաստի տվյալներով, արարողությունն անցել էր ամենաբարձր մակարդակով՝ չնայած որոշ ուշացում ենք գրանցում։ Արդի հայ ամենանշանավոր գրողը եւ ամենաերեւելի ռեժիսորը կինոքավոր ու սանիկ կարող էին դառնալ դեռ մեկ տասնամյակ առաջ, երբ Ռ. Բալայանն այրվում էր Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» նկարահանելու ցանկությամբ։ Բայց ժամանակներն այլ էին, բարքերը՝ նույնպես, եւ այդ մտահղացումը, որ կարող էր փառք բերել թե հայ կինոյին, թե հայ գրականությանը, մնաց չիրականացած երազանք։
Այսօր ոչ միայն տեղի է ունեցել Ռ. Բալայանի կնունքը եկեղեցական սուրբ կարգով, այլեւ քավոր-սանիկ կինեմատոգրաֆիական համագործակցության կնունքն է կայացել։ Մինչեւ հիմա ռուս գրականության դասականների երկերի էկրանավորումներով դափնիների արժանացած ռեժիսորը վերջապես էկրանային լուծում է տալու հայ կենդանի դասականի գրական կերպարներին։ Թե որ գործն է նկարահանվելու՝ առայժմ որոշված չէ։
Այս ամենը հայտնի դարձավ «Ռուսական կինոյի օրերի» հանդիսավոր փակման արարողության ժամանակ Ռ.Բալայանի ունեցած ելույթից։ Այդ երեկո ցուցադրվեցին ռեժիսորի «Առաջին սերը» (Ի. Տուրգենեւի համանուն վիպակի մոտիվներով) եւ Բ. Հայրապետյանի «Մարդասպանը» ֆիլմերը։
Կարդացեք նաև
Այսպիսով, հայկական էկրանին դեսանտ իջած ռուսական կինոյի օրերը եզրափակվեցին ռուսական կինոյում դեսանտ իջած հայ ռեժիսորների ստեղծագործություններով։
Տեղին է ընդգծել, որ երեւանյան արվեստասերներն անկեղծորեն ծափահարեցին ռուսական ֆիլմերին՝ անկախ նրանից՝ հայ, թե ռուս էին դրանց հեղինակները։
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ