Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետի առաքելությունը

Նոյեմբեր 04,1995 16:00
arnet

Մարդկության դարավոր պատմության ընթացքում տարբեր տեսակի ու, շատ կներեք արտահայտությանս համար, մաստի կենդանիներ երբեմն-երբեմն կատարել են իրենց չվերաբերող արարքներ։ Օրինակ՝ սագերը փրկել են Հռոմը եւ, կարծում եմ, հետագայում խորապես զղջացել սեփական հանցավոր անփութության համար, քանի որ երախտամոռ հռոմեացիներն իրենց քաղաքի զինանշանին ոչ թե սագեր, այլ գայլ են պատկերել: Պատճառաբանությունը եղել է հետեւյալը. «Ղազերը տեղ չունեն մեր զինանշանին»։

Դրանով արդեն քանի հարյուրամյակ է հարցը մեկընդմիշտ փակված է:

Հաջորդ՝ կենդանիներին ոչ վայել արարքը, որի մասին նույնիսկ թերթերում ու գրքերում է խոսվել այն է, որ «ոչխարները կերել են մարդկանց»։ Իհարկե, գործի առիթով քրեական գործ չի հարուցվել, քանի որ դեպքը մի քիչ այլ կերպ է տեղի ունեցել։

Քանի որ այնպես ստացվեց, որ մեր խոսքը սկսեցինք կենդանիներին վերաբերող, ավելի ճիշտ, չվերաբերող պատմական էքսկուրսներով, ասենք նաեւ, որ մարդկության կազմավորման վրա լրջորեն ազդել է օձը եւս (չի նշվում, թե որ ցեղախմբից), իսկ հին աշխարհի իրադարձություններում էլ գլխավոր դերակատարություն է ունեցել մի փայտե ձի, որը հիմնավոր ներդրում ունեցավ Տրոյայի գրավման գործում։

Մյուս տեսակի կենդանիները, անկախ նրանից, ընտանի են դրանք, թե ոչ, չնչին մասնակցություն են ունեցել պատմության կերտմանը, ասենք, փրկելով ընդամենը մեկ նավ կամ նավապետ կամ էլ գետնաքարշ ոչնչացրել մի քանի հեղափոխականի կամ հակահեղափոխականի։

Թեեւ նախաբանս այսքան երկար ստացվեց, սակայն պետք է ասեմ, որ հիմնական խոսելիքը վերեւում հիշատակված կենդանիների մասին չէ, այլ նրանց շարքային դասակից առնետի, որն, ըստ իմ տեղեկությունների, ոչ մի ներգործուն ազդեցություն չի ունեցել որեւէ պատմական իրադարձության վրա:

Այնուամենայնիվ, նրա դերը պետք չէ թերագնահատել, առնետը եղել է, կա ու լինելու է բոլոր այն կարեւոր տեղերում, որոնք գիշերներով մարդիկ զիջում են իրեն, ու մի օր էլ, ով գիտե, գուցե թե պատմական դեպքերի ոգեշնչողը դառնա: Խոսքն, իհարկե, մարդակերպարանք առածների մասին չէ, այլ խնդրո բուն առարկայի, որը ընդամենը կրծողների դասն է ներկայացնում։ Իսկ սրանք գործելու անսահմանափակ հնարավորություններ են ստացել Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում թե գիշերով, թե ցերեկը եւ թե գնացքների ընթացքի ժամանակ։ Այլեւս կառամատույցին կանգնած մարդկանց կերպարանքները գծերի հարեւանությամբ ճեմող առնետների համար սարսափելի չեն, այլ՝ ընդհակառակը: Որովհետեւ իրենց զբոսանքը կրծողները կազմակերպում են խմբերով եւ այսպես՝ յուրաքանչյուր կայարանի յուրաքանչյուր 50 մետրը մեկ։ Իհարկե, հաշվի առնելով ներհայաստանյան բարդ տնտեսական իրավիճակը, նրանք թունելների բազմապիսի էլեկտրալարերը չեն կրծոտում, այլ նախընտրում են կայարանների լուսավոր տեղանքը ուսումնասիրել։ Ով գիտե՝ գուցե մի օր մարդկանց վրա հարձակվելու նպատակով։ Չէ որ, այսպես թե այնպես առնետը մնում է առնետ եւ բացի այդ նրանց համար պատմական ինչպիսի նախաձեռնություն ցուցաբերելու հնարավորություն է բացվում…

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930