Իսկ լեզվի՞ն
Դեռ 1986 թվականին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը «դիմում է կատարել» ՀԿԿ առաջնորդ Կ.Դեմիրճյանին՝ իր հերթական համագումարը հայրենիքում անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժվել է։ Դիմել է նաեւ 1995-ին։ Խնդրանքը հարգվել է։ «Ինչո՞ւ» հարցին հնչակյան ղեկավարները չպատասխանեցին՝ լրագրողներին խորհուրդ տալով հարցը հղել հանրապետության իշխանություններին եւ հենց իրենց՝ կուսակցություններին։ Իսկ հաջորդ խորհուրդը՝ ետին մտքերից զերծ հարցեր տալու վերաբերյալ, տրվեց հուզավառ, վիրավորանքի անթաքույց շեշտադրմամբ։ Ի՞նչն էր այդպես հուզել ԱԺ պատգամավոր, ԿՎ անդամ Էռնեստ Սողոմոնյանին։
«Լրագրի» աշխատակից Գագիկ Նահապետյանը ցանկացավ իմանալ՝ արտասահմանյան ղեկավար մարմին ունեցող կուսակցության երեւանյան համագումարը չի՞ հակասում «օրենսդրությանը, եւ թե՝ նորընտիր վարչության կազմը ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքացիության մասին օրենքի վերաբերյալ։ Ասուլիսը վարողները, որ մինչ այդ ակադեմիական հաճելի եւ դյուրըմբռնելի ոճով շարադրում էին համագումարի օրակարգի եւ կուսակցության ծրագրային հիմնադրույթները, իրենք էլ անակնկալի եկան հայաստանյան կուսակցի բռնկուն պահվածքից։ Եղիա Նաճարյանն իր խոսքում դա վերագրեց հնչակյան բնավորությանը։
Բայց «Արմենիա» հյուրանոցի Հնչակյան կուսակցության համագումարի թիվ 111 գրասենյակի օդն արդեն բորբոքած էր. «Այստեղ ներկա լրագրողներն առաջին անգամ չեն ասուլիսի մասնակցում եւ գիտեն, որ ցանկացած հարց կարելի է տալ։ Ես նույնիսկ կարող եմ հարցնել, թե ճի՞շտ են, արդյոք, այն խոսակցությունները, որ հնչակյան համագումարի 7 օրերն ավելի շատ խրախճանքներից էին կազմված, քան գաղափարական աշխատանքից։ Եվ դուք պետք է հերքեիք կամ հաստատեիք այն՝ առանց որեւէ մեկին վիրավորելու։ Բայց ես այդ հարցը չեմ տալիս, ինձ հետաքրքրում է… »։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, թե բացի Հայաստանակենտրոն կուսակցություն դառնալու գործընթացի սկիզբը նշանավորելուց, այս համագումարն ուրիշ ի՞նչ փոփոխություններ կբերի։ Նաեւ, թե, վերջապես, փոխվելո՞ւ է «Հնչակ Հայաստանի»-ի անհրապույր տեսքը (բովանդակությունից վաղուց ինձ ազատագրել եմ): Սակայն խոսակցությունն անմիջապես դարձավ խրախճանքի թվարկում-մեկնություններին եւ Հակոբ Ասատրյան-հնչակյաններ տաք բանավեճին։ Լրագրողները, եթե նրանք «ազնիվ են», պետք է ասուլիսների գան մասնագիտական գիտելիքներով եւ «հարցերը ճիշտ դնեն»։ Այս «ֆորմուլը» դժվարությամբ յուրացնելու հենքին քննարկվեցին նաեւ բուն ասուլիսային թեմաներ, մասնավորապես բացահայտվեց, որ Հայաստանի հնչակների թիվը 2860քանիս է, նրանց պառակտում չի սպառնում, ընդհակառակը, առկա է պետական դիրքորոշմանը միտված գործնական աշխատանքի համահնչակյան ծրագիր, որ Արցախը նրանց «ապրող հայկական դատն է», որ հարկ է օգտագործել «Սփյուռքի փոթենցիալը» եւ ճակատագրական պահերին «քով-քովի» գալ։ Վերջապես, որ Ակադեմիայի քարանձավային տպարանից հնարավոր չէ ավելի լավ թերթ ստանալ, քան «Հնչակ Հայաստանի»-ն է։
Կարդացեք նաև
Թվում էր, թե քարոզչական-խորհրդատվական ասուլիսը բնականոն ու հաշտ վախճան է նախանշում, երբ ԿՎ նախագահ Վահրիճ Ճերեճյանը, որպես ամփոփիչ խոսք, հրավիրված լրագրողներին հրամցրեց եւս մեկ խորհուրդ՝ կըրնալ գրչին վրա իշխիլ։ Ահա, ես էլ փորձեցի գրիչիս վրա իշխել, բնավ վստահ չլինելով, թե լեզվի վրա իշխելու արվեստը բոլորեքյան յուրացված է։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ