Արձանապաշտության ժամանակներն այսօր անցյալում են. կուռք-առաջնորդների չենք պաշտում, բայց ազգային եւ հոգեւոր սրբությունները մարմնավորման կարոտ են, իսկ հայի ձեռքերը՝ քանդակելու սովոր։ Երեւանում նոր արձաններ տեւական ժամանակ է, ինչ չեն հայտնվել, ուստի մեր Պետական համալսարանի բակում Քերթողահայր Մովսես Խորենացու արձանի հայտնությունը երեւույթ պետք է համարել, մանավանդ որ նախկինում Մոլոտովի անունը կրող մայր բուհը վաղուց է ակնկալում սրբազանության կնիք ունեցող անվանակոչության: Բայց յուրաքանչյուր արձան խորհուրդ պետք է ունենա, հարկավ, քանդակագործության մեջ, ինչպես եւ ընդհանրապես ողջ արվեստում, նորարարությունը (իմա՝ ավանգարդիզմը) միշտ էլ հարգի է նորարարության մեջ, սակայն, ներքին թաքուն տրամաբանություն կա: Իսկ պատմական հիշատակները փոքր-ինչ դժվար են ենթարկվում հեղափոխական վերաիմաստավորումների:
Մովսես Խորենացու դիմապատկերը պատմությունը չի պահպանել մեզ համար, սակայն բազմաթիվ գրքերի ու հանդեսների էջերից, ինչպես եւ Մատենադարան կատարած այցելությունից հետո մեզ այդ դեմքը պատկերանում է՝ խորախորհուրդ ու վսեմափայլ։ Իսկ համալսարանի բակում կանգնած արձանից բնավ մեծախորհուրդ հույզեր չեն ծնվում։ Ոչ այնքան ամուր հիմքի վրա բարձրացած մեծ քարաբեկոր, նրա վրա՝ եւս մեկը։ Միայն թե երկրորդը՝ մարդապատկեր հիշեցնող կոպիտ անկյուններով, դեմքը՝ գոցված, անհարց աչքերով: Իսկ ամենատարօրինակը գիրքն է՝ «Հայոց պատմությունը», որը ներձուլվել է Քերթողահոր կրծքին գրքի վրա՝ մեծ խաչ։
Հիմնաքարի վրա դրոշմված է՝ «Մովսես Խորենացի», այլապես դժվար թե որեւէ մեկը կարողանար գլխի ընկնել առանց հավելյալ տեղեկատվության, որ այդ տարախորհուրդ քարաբեկորները մեր պատմիչի մարմնավորումն են։
Իսկ Մովսես Խորենացու «Ողբը» ամեն պահ հնչում է՝ մնալով մշտարթուն…
Ն. Դ.