Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ի գործ. Գ. Մանուկյանը շարունակում է

Նոյեմբեր 04,1995 10:15

Բայց չի վերջացնում

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը շարունակեց ցուցմունքներ տալ։ Նա մանրամասն լուսաբանեց այն հանգամանքները, որոնք կապված էին Արծրունու առաջարկի հետ՝ մտնել նրա կողմից ստեղծած կառույցի մեջ։

Երբ Մանուկյանը ստացավ փաթեթը, որը պարունակում էր «Դրո»-ի մի քանի անդամների հարցաթերթիկներ, ապրիլի 23-ին նա խոսակցություն է ունեցել Վահե Թաշչյանի հետ, որին Արծրունին հանձնարարել էր ընդունել Մանուկյանին կառույցի մեջ։ Թաշչյանը կրկնեց Արծրունու առաջարկը, ըստ որի, Մանուկյանի համար նախատեսված էր կադրերի հարցով պատասխանատուի պաշտոնը։

Դատարանում Մանուկյանը հայտարարեց, որ արդեն այդ խոսակցության ժամանակ նա դժգոհեց առ այն, որ կազմակերպչական աշխատանքները վարվում են կուսակցությունից թաքուն, ինչպես նաեւ տարակուսանք հայտնեց ստացված փաստաթղթերի վերաբերյալ։ Իր համաձայնությունը Մանուկյանն այդպես էլ չտվեց, այնուամենայնիվ, նրա հետ բանակցությունները շարունակվում էին։

Մայիսի վերջին Մանուկյանը Թաշչյանի խնդրանքով վերադարձրեց փաստաթղթերը, իսկ Արծրունին վերադառնալով Երեւան, սկսեց խոսակցություններ վարել, թե պատրաստվում է կուսակցության փրկությանն ուղղված շարժում կազմակերպել։

Մանուկյանը, ինչպես եւ ավելի վաղ, այդ ծրագրերի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերեց։ Ի վերջո, Արծրունին պահանջեց ուղիղ եւ միանշանակ պատասխան. «Դու ո՞ւմ հետ ես, մե՞ր, թե՞ նրանց», ինչին Մանուկյանը պատասխանեց. «Նրանց»:

Այնուհետեւ ամբաստանյալն անդրադարձավ նախնական քննության նյութերին, փորձելով բացատրել, թե ինչու նախնական եւ դատական ցուցմունքներում կան որոշ տարընթերցումներ։ Թեեւ Մանուկյանը, նախորդ ամբաստանյալների նման, դժգոհություն չհայտնեց իրեն քննող Զաքարյանից, ավելին, նրան «հասկացող մարդ» անվանեց, այնուամենայնիվ, հայտարարեց, որ քննության ընթացքում փորձեր էին արվում իրենից կեղծ ցուցմունքներ կորզելու։ Այնուամենայնիվ, Մանուկյանն անհողդողդ մնաց։ Միայն մեկ անգամ նա տեղի տվեց սպառնալիքներին եւ խոստովանեց, որ հայտնել էր Հրանտ Մարգարյանին Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանության մասին։ Սակայն հետագա հարցաքննությունների ժամանակ նրան հաջողվեց հերքել այդ ցուցմունքը։

Ճիշտ է, դա միակ անհամապատասխանությունը չէր։ Քննության ժամանակ Մանուկյանն ասաց, որ չարաբաստիկ փաթեթը ստացել էր անմիջապես Արծրունուց եւ փոխանցել էր Արմենակ Մնջոյանին։ Երեկ նա բացատրեց, որ այդպիսի ցուցմունք է տվել, չցանկանալով հարվածի տակ դնել ընկերոջը՝ Վահե Թաշչյանին, քանզի վախենում էր, որ վերջինս լինելով արտասահմանցի, չի հարմարվի բանտային պայմաններին: Մանուկյանը իրականությանը չհամապատասխանող անվանեց իր ցուցմունքներն այն մասին, թե Արծրունուց ստացել է երկու նամակ, որտեղ կար Շուշվա գումարտակի ցուցակը: Ամբաստանյալի երեկվա ելույթից կարելի էր եզրակացնել, որ այդ գումարտակը Դաշնակցության ղեկավարությունը մտադրված էր փոխանցել ԼՂՀ ինքնապաշտպանության բանակին, ինչի դեմ ակտիվորեն հանդես էր գալիս Արծրունին։

Երեկ Մանուկյանն այդպես էլ չավարտեց իր ցուցմունքները։ Նա հայտարարեց, որ վերջին մասը ուզում է քննարկել իր դատապաշտպանի հետ եւ խնդրեց կոլեգիային իրեն տրամադրել մեկ օր՝ խորհրդակցելու համար։ Նիստը կշարունակվի երեքշաբթի օրը:

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930