Տարիների ընթացքում ներշնչած բանվորա-գյուղացիական դաշինքի, սոցիալիստական մտավորականության եւ նմանատիպ այլ գաղափարների ժամանակներն անցան։ Դրանք այժմ մերժվում են՝ զիջելով իրենց տեղը նոր ձեւավորվող հարաբերություններին։ Տնտեսական նոր պայմաններում յուրաքանչյուր խավ գրավում է իր տեղը հասարակության մեջ, ու համերաշխ, ամուր դաշինքը հաճախ վերածվում է անողոք մրցակցության։
Հասարակական շերտերի առկայությունը քաղաքակիրթ աշխարհում անժխտելի է։ Եվ եթե այնտեղ նրանց միջեւ հարաբերությունները նորմալ են, միանգամայն կառավարելի օրենսդրությամբ, ապա նույնը չի կարելի ասել վերափոխվող տնտեսությամբ, անցման շրջանում գտնվող պետությունների մասին։ Հայաստանի պարագայում պատկերը էականորեն փոխվում է կիսապատերազմող երկրի կարգավիճակի պատճառով։
Այսօր Հայաստանում հասարակության շերտավորումը հասել է վտանգավոր սահմանի։ Այն բաժանվում է աղքատության եւ չքավորության եզրին կանգնածների եւ բարեկեցիկ ու շռայլ կյանքով ապրողների։ Միջին խավը, որ բոլոր պետություններում կա, եւ որի գոյությունը ապահովում է պետությունը՝ մեզ մոտ բացակայում է։ Պետությունն այսօր ապահովում է միայն չքավորության շեմին հասածներին՝ այն է 100 հազարավոր մարդկանց գոյատեւումը։ Պետական հիմնարկներում տրվող աշխատավարձերը ավելին անել չեն կարող։ Հակառակ կողմը ներկայացնում են շքեղության ու հարստության մեջ ապրողները, որոնց կենսամակարդակն անցնում է եվրոպական չափանիշներից։ Վերջերս արտասահմանից Երեւան ժամանած լրագրողները չէին թաքցնում իրենց զարմանքը, Երեւանում մեծ թվով թանկարժեք, վերջին արտադրության արտասահմանյան մակնիշի մեքենաներ տեսնելիս։ 100 հազար դոլարի սահմաններում մեքենաներն իրենց երկրներում գնում են շատ քիչ մարդիկ։ Մեզ մոտ ցանկացած փողոցում, ցանկացած ժամի դրանց կարելի է հանդիպել։ Իսկ ուշ երեկոյան «էլիտար» ռեստորանների շրջակայքը վերածվում է նորագույն ավտոմեքենաների ցուցահանդեսի։ Մի կողմից բնակչության զգալի մասը դժվարանում է անգամ հացի համար դրամ
հայթայթել, մյուս կողմից նման շռայլություն… Իսրայելում թանկարժեք «Մերսեդեսներ» ունեն միայն արաբները, որքան էլ սա անտրամաբանական հնչի, այնուամենայնիվ, փաստ է: Իսրայելը անընդհատ պատերազմական դրության մեջ գտնվող երկիր է։ Իսկ մենք նրանից այս առումով գրեթե չենք տարբերվում։ Որքան էլ կառավարությունը պնդի, թե Հայաստանում արձանագրվում է տնտեսական աճ, դա իրական կյանքում ոչ մի կերպ չի երեւում։ Ովքե՞ր են այսօրվա հայ մեծահարուստները։ Ամենայն հավանականությամբ, դատելով տնտեսական ռեալ գործոններից, դրանց ցանկում, օրինական, նույնիսկ ամենաեկամտաբեր բիզնեսով զբաղվողները չնչին տոկոս են կազմում։
Կարդացեք նաև
Ամերիկացի միլիոնատերը նման շռայլություն իրեն երբեք թույլ չի տա։ Այսօր Հայաստանում իրականացվում է «Փարոս» ծրագիրը, որը կոչված է որոշելու յուրաքանչյուր ընտանիքի կարիքավորության աստիճանը։ Ծրագրին մասնակցում է հանրապետության գրեթե ողջ բնակչությունը։ Ընտանիքները դասակարգվում են ըստ կարիքավորության։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում բոլոր ընտանիքները կարիքավոր են, իսկ դա նշանակում է, որ ըստ բալերի սպասելու ենք մեր հերթին՝ հումանիտար օգնություն ստանալու համար։
Որքան էլ պարադոքսալ թվա, բայց հասարակության չափազանց վտանգավոր շերտավորումը որոշ չափով մեղմացնում է բանակ զորակոչվելու խնդիրը։ Այսօր բանակում առկա բոլոր բացասական կողմերի հետ միասին, կարելի է պնդել, որ ծառայությունից խուսափել, իսկապես, հնարավոր չէ։ Սա գիտակցում են բոլորը՝ ե՛ւ քաղցած մարդիկ, ե՛ւ շռայլության մեջ ապրողները։ Թերեւս միակ «ելքը» Հայաստանից փախչելն է, որը վերջիններիս ոչ մի կերպ չի կարող բավարարել։
ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնը իր նախընտրական ծրագրում կարեւորում էր հարկային քաղաքականության ռեֆորմը, ըստ որի հարուստները պետք է ավելի շատ վարկ մուծեն, իսկ չունեւորները անհամեմատ՝ քիչ։ Մեզ մոտ սա առայժմ անիրականանալի է, եւ չի իրականանա այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է 2-3 օր արհեստական դեֆիցիտ ստեղծել, գները բարձրացնելով՝ միլիոններ աշխատել։
Առավել ծանր է մտավորականության վիճակը, որը, ի տարբերություն գյուղացու, չունի հող, ի տարբերություն այլ խավերի՝ չի կարողանում զբաղվել առեւտրով, ունի միայն իրեն հասանելիք վաուչերը, որը երեւի վաղուց արդեն վաճառել է։ Խոսքը, իհարկե, իսկական մտավորականների մասին է, որոնց թիվը այսօր Հայաստանում այնքան էլ մեծ չէ։ Նրանց պահանջն էլ շատ չէ՝ մի քիչ լույս, հաց, ջերմություն։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ