Արշակ Սադոյանը մեկ անգամ չէ, որ խորհրդարանում հանդես է եկել ընտրողների սոցիալ-տնտեսական շահերի կրքոտ պաշտպանությամբ։ Պատահական չէ, որ Լեւոն Ջավախյանի առաջ քաշած խնդիրը ընդգրկում է հարցերի հենց այդ շրջանակը։
– Պարոն Սադոյան, եթե գնահատելու լինենք իշխանությունների վարած քաղաքականությունն ընդհանրապես, ապա նկատելի է, որ թեեւ արտաքին հարաբերությունների բնագավառում զգալի են որոշ դրական տեղաշարժեր, սակայն ներքին քաղաքականությունում, հատկապես ազգաբնակչության սոցիալական ապահովության բնագավառում այն գրեթե բարձիթողի է: Ինչպե՞ս կբացատրեիք այս հակասական իրավիճակը:
– Իմ կարծիքով արտաքին հարաբերությունների բնագավառում եւս լուրջ դրական տեղաշարժեր չեն նկատվում։ Անկախություն ստանալուց հետո կամա թե ակամա պետք է բացվեին դեսպանատներ եւ որոշակի միջպետական հարաբերություններ հաստատվեին։ Այլ հարց է, թե դրանք որքանով են նպաստել մեր ազգային խնդիրների իրականացմանը։ Յուրայիններին արտասահմանյան շրջագայություններով եւ օտարերկրյա բարեկեցիկ կյանքով ապահովումը ամենեւին էլ չպետք է ընդունել որպես արտաքին քաղաքականությունում ձեռք բերված զգալի հաջողություններ։ Արցախի եւ Հայաստանի ազգանվեր մարդկանց անձնուրաց պայքարի շնորհիվ ձեռք բերված հաջողությունները երբեք չի կարելի վերագրել այժմյան իշխանությունների վարած «խոհեմ» քաղաքականությանը։ Ավելին, ես վախենում եմ, որ նրանց կողմից որդեգրված ուղին առաջիկայում մեզ կարող է բերել լուրջ բարդությունների։
Իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա բնական է, որ միայն անձնական շահերով կարգավորվող ներքին քաղաքականությունը պետք է բերեր այն աղետալի սոցիալական վիճակին, որում հայտնվել է Հայաստանի բնակչությունը։ Այդ իսկ պատճառով, նրանց կողմից իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ես որեւիցե հակասություն չեմ տեսնում։
Կարդացեք նաև
– Ինչպես դուք պնդեցիք, իսկապես ազգաբնակչության կենսամակարդակի անկումը գնալով ավելի ու ավելի է աղետալի դառնում: Բավական է նշել, որ միայն պետականորեն սահմանված տուրքերը (բնակվարձը, ջրի, կենցաղային աղբի, հեռախոսի եւ այլեւայլ բնակկենցաղային ծառայությունների համար սահմանված վարձերը) երբեմն գերակշռում են բյուջետային հիմնարկություններում աշխատողների բուն իսկ աշխատավարձին։ Հանրապետությունում սոցիալական լարվածության աճը սահման չունի։ Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել։ Վերջիվերջո, Ազգային ժողովի կողմից կարելի՞ է ընդունել օրենք, որով պետականորեն ընդունված միջին աշխատավարձի չափի հաշվարկով սահմանափակվեին երկրաչափական պրոգրեսիայով աճի միտում ունեցող տուրքերը։
– Ես կավելացնեի նաեւ պետության կողմից, փաստորեն, մենաշնորհային ծառայությունների վճարումների կտրուկ աճը, այդ թվում էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի, եւ կարծում եմ, որ պատկերը ավելի ամբողջական կլինի։ Համոզված եմ, որ եւ նախագահը, եւ կառավարությունը գիտակցում են հաշվեկշռի անհավասարակշռությունը։ Այնպես որ, ամենեւին էլ պատճառը նրանց անգիտության մեջ չէ։ Սա միտումնավոր քաղաքականություն է, ստեղծելու համար մի այնպիսի իրավիճակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի գոյատեւելու համար ստիպված է ամեն օր խախտել քրեական օրենսգիրքը։ Այս պայմաններում իշխանություններին իշխանության անունից հեշտ է կեղեքել սեփական ժողովրդին, մի կողմից ստիպելով նրանց վճարել «ձախ» հարկերը, մյուս կողմից էլ նրանց ահաբեկելով հեռու պահել կազմակերպված քաղաքական պայքարից։ Հիմա վարչախմբին չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի խոր անդունդ է գոյացել փաստացի վճարվող աշխատավարձի եւ երկրաչափորեն աճող հարկերի եւ տուրքերի միջեւ։ Պարզ է, որ նշանակովի Ազգային ժողովն անգամ այսպիսի պայմաններում առաջիկայում էլ չի ընդունի օրենք, որով աշխատավարձը կհարաբերակցվի գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն զամբյուղի հետ։
– Այսօր նկատելի է սոցիալական բեւեռացում: Հանրապետության ունեցվածքը բաժանվում է ազդեցությունների ոլորտի: Մի կողմից, ասես գարնան հորդառատ անձրեւից հետո, այս ու այնտեղ առատորեն բուսնում են շքեղ առանձնատներ, մյուս կողմից էլ ամենուրեք գետնահար տարածվում է աղքատությունն ու թշվառությունը։ Սա արդյո՞ք սոսկ նոր-նոր ձեւավորվող բուրժուական հասարակարգին հարազատ երեւույթ է, թե՞ ամենաթողության արդյունք։ Ի՞նչ կարելի է անել ազգը երկփեղկող շարունակաբար խորացող այս անդունդը հաղթահարելու համար
– Բազմիցս ասել եմ, որ մարդու կողմից մարդու շահագործման հիմքը ոչ թե մասնավոր սեփականատիրական հարաբերություններն են, այլ՝ իշխանության չարաշահումը։ Շահագործումը միշտ էլ եղել է եւ հիմա էլ հիմնականում մնում է իշխանավորների կողմից, իշխանության լծակների օգնությամբ մարդկանց կեղեքումը։ Շուկայական բնականոն հարաբերությունները մեր այսօրվա իրավիճակի հետ ոչ մի առնչություն չունեն։ Պարզապես ուշադրություն պետք է դարձնել, թե ում են պատկանում այդ շքեղ առանձնատները։ Ցավով պետք է նշել, որ դրանք ոչ թե աշխատատեղեր ստեղծող գործարար մարդկանց տներ են, այլ հիմնականում կառավարման համակարգի, դատախազության եւ այլ «իրավապահ» մարմինների ազդեցիկ ներկայացուցիչներից են։ Սա եւս հստակ օրինակ է տարվող ներքին միտումնավոր քաղաքականության։ Ափսոս, որ սեփականատերեր են դաոնում ոչ թե գործունյա ստեղծարար մարդիկ, այլ ապաշնորհ հովանավորյալներ, որոնք չեն էլ կարող աշխատեցնել այդ ձեռնարկությունները։ Նրանց մնում է միայն զբաղվել գրեթե ձրի ձեռք բերված գույքի թալանով։ Այսօր արագությամբ հանրապետությունում ստեղծվում են իշխանությունների հետ սերտաճած, նրանց կողմից գլխավորվող մաֆիոզ խմբավորումներ, որոնց մեջ հստակորեն բաժանվում են կարեւորագույն ոլորտները։ Մամուլում արդեն գրվել է բենզինի եւ նրա վրա դրվող ակցիզային հարկի մասին։ Ես չեմ ուզում դրան նորից անդրադառնալ, բայց սա վառ օրինակ է թայֆայական խմբերի ստեղծման եւ նրանց միջեւ տարվող ներքին պայքարի մասին։ Ես կավելացնեի միայն մի բան. վայը տարել է այն ազգին, որի բարձրագույն իշխանության մարմինը խաղալիք է դառնում թայֆայական խաղերում։ Ձուկը գլխից է հոտում։ Առաջացած սոցիալական անդունդը կարելի է հաղթահարել իշխանության ամբողջական համակարգը թարմացնելով միայն։ Հայ ազգին վայել չէ այս աստիճան թշվառ վիճակը։ Վաղ թե ուշ սա կբերի հոգեւոր ամլության եւ ստրկամտության, որի ծիլերն արդեն իսկ առկա են։
– Պարոն Սադոյան, իսկ հնարավո՞ր է արդյոք ընդունված սահմանադրությամբ իրավական դաշտ ստեղծել՝ ուղի հարթելով հանրապետությունում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար:
– Ցավոք, մեր «ղեկավարները» հստակ հասկանում են, որ օրենքը երկակի սուր է։ Չնայած, որ այն պիտի ստեղծվեր որպես զսպաշապիկ առաջին հերթին իշխանավորների համար, որպեսզի թույլ չտրվեր նրանց կողմից հասարակ ժողովրդի կեղեքումը, որպեսզի թույլ չտրվեր իշխանության ծառայեցումը սեփական շահերին, մինչդեռ նրանք փորձում են թղթի վրա գրված օրենքներով էլ իրենց վերապահել գերլիազորություններ։ Հայտնի է աֆրիկյան երկրի սահմանադրությունը ներկայացնող անեկդոտը, որը կազմված է ընդամենը 2 հոդվածից. 1.Առաջնորդը ինչ ուզի՝ կանի եւ բոլորը պարտավոր են ենթարկվել նրան։ 2.Տես առաջին հոդվածը։
Կարճ կարելի է ասել, որ այսօրվա սահմանադրություն կոչեցյալի էությունը քիչ է տարբերվում «աֆրիկյան» սահմանադրությունից։ Այս տիպի հիմնական օրենք կոչեցյալի հիման վրա ստեղծվող իրավական դաշտի բուն նպատակը կարող է լինել օրենքով պետությունը սեփական շահերին ծառայեցնելու ամրագրմանը։ Բնական է, որ այս պայմաններում քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին խոսելն իսկ անհեթեթություն է։
– Մինչեւ օրս ընդդիմությունը իր պայքարում ավելի շատ սրել է հարցի հասարակական- քաղաքական կողմը, ետին պլան են մղվել տնտեսական հարցերը: Ժամանակը չէ՞, որպեսզի հասարակական-֊քաղաքական կազմակերպությունները պատշաճ ուշադրության արժանացնեն հասարակության առօրյա կյանքի հետ անմիջականորեն առնչվող հարցերը։
– Ընդդիմությունը, իհարկե, բազմաշերտ է։ Շատերը կտրված լինելով բուն կառավարման ու կարգավորման համակարգի մասին անհրաժեշտ տեղեկատվությունից, հաճախ բավարարվում էին միայն ընդհանուր տեսական դատողություններով եւ չէին կարողանում անհրաժեշտ ուշադրության արժանացնել բուն կյանքի հետ անմիջականորեն առնչվող հարցերին։ Այդ կապակցությամբ արվող մեր բոլոր առաջարկությունները միշտ էլ բախվել են քաղաքական այն ապառաժին, որի իրական նպատակն էր միայն գերստվերային, իրենցից ամբողջությամբ կախված տնտեսավարման համակարգի ստեղծումը։ Քանի դեռ «ձկան գլուխը» փոխված չէ, մնում է միայն մի ճանապարհ՝ ներքեւից եկող ճանապարհը, այն, ինչ ես կոչում եմ մարտնչող ժողովրդավարություն։ Ընդդիմությունը պետք է կարողանա կազմակերպել զանգվածային պայքար՝ կենսամակարդակի բարձրացման, մարդկանց անմիջական իրավունքների պաշտպանության, գոյատեւման տարրական պայմանների ապահովման ուղղությամբ։ Երբ այդ պայքարը գոնե որոշ արդյունքներ տա, ապա հնարավոր կդառնա նաեւ լուծելու բարձրագույն խնդիրը…