Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ տրամաբանությամբ

Նոյեմբեր 03,1995 12:14
benzin

ԱԺ ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական կյանքը անդորր էր, ընդդիմությունը՝ պարտված, հաղթանակի դափնիները՝ միանշանակ։ Հասարակության գործնական եւ մտավոր խավը քաղցել էր՝ կարոտ խարդավանալի պատմությունների, աղն ու պղպեղը պակաս էին: Եվ ահա, տնտեսական հստակ միտում ունեցող քաղաքական բախումներից հետո մի բաժակ ջրում փոթորիկներ են ալեկոծվում, լրագրողների շրջանում որոշակի աշխուժություն է նկատվում։ Եթե մեզ հետաքրքրում են լոկ անձնական հարաբերություններն ու պալատական կրքերը, ապա այստեղ իսկապես լայն հորիզոններ են բացվում, սակայն կա ավելի առողջ մեկնակետ. քննարկել ոչ թե անձերին, այլ նրանց վարքի եւ ընդունած որոշումների ներգործությունը մեր կյանքի վրա: Եվ այստեղ գերադասելի է՝ սեւին սեւ ասել, սպիտակին՝ սպիտակ։

Բենզինի վրա ակցիզային հարկի բարձրացման բոլոր տեսակետներից վիճելի որոշմանը զուգահեռ վերջերս արվել է մի քայլ, որն ունի նախորդի հետ համեմատած հակառակ տրամաբանությունը եւ միտված է տնտեսության խթանմանը:

Տեղական արտադրողների շահերին ակնհայտ անտեսումով վերաբերող կառավարությունն ընդունել է վճռաբեկ որոշում ռազմավարական նշանակություն ունեցող. 1996 թվականից հայոց բազմաչարչար խաղողի այգիներից գանձվող հարկերը իջեցվում են, նպաստավոր դաշտ է ստեղծվում ավանդական խաղողագործությունը եւ դրանից բխող արտադրությունները՝ գինի, կոնյակ…. զարգացնելու համար: Այս որոշումն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ընդհանրապես տեղական գյուղատնտեսության շահերից բխող: Նշանակում է, շուկայական հարաբերություններ հիմնելիս մենք այլեւս չենք հենվի միայն օտարերկրյա արտադրողների, ասել է թե՝ ներմուծման պայմանների վրա, սեփական արտադրության ներուժը արժանանալու է համապատասխան ջերմ վերաբերմունքի: Իհարկե, այս որոշման օգտակար գործունեության գործակիցը մասամբ վիճարկելի է, որովհետեւ ջերմ վերաբերմունքի կարոտ Արարատյան դաշտի խաղողի այգիների զգալի մասն արդեն ոչնչացվել է: Այդ տարածքներում ցորենի կամ առվույտի դաշտեր են ծփում։ Ի վերջո, խաղողը

նյութական մեծ ներդրումներ պահանջող կուլտուրա է, աշխատանքի փոխհատուցումը՝ տնտեսական շահույթների առումով, մեծ ժամանակամիջոց է պահանջում: Այնուհանդերձ, տեղական լոբբին այս հարցում կարծես տոնում է իր անդրանիկ հաղթանակը։

Գործնական հարաբերությունները ընթանում են իրենց հանգիստ հունով՝ առանց հեղաբեկիչ ցնցումների, ուստի ակնկալվող փոփոխությունները միայն «թավշյա հեղափոխության» արժեք կարող են ունենալ։ Լուրերի եւ որոշ անձանց խանդավառությունը հիշեցնում է «Կրակի վրա յուղ լցնելու» ժողովրդական ասացվածքը, բայց արդյո՞ք կրակն այդքան թեժ է, կամ յուղն արդեն գնված, պատրաստ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930