Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագ եղբոր» ավանդական բարեկամները

Նոյեմբեր 03,1995 11:09

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության համագումարի բացման օրը ՀՀՇ-ն անվանվեց «ավագ եղբայր հավասար եղբայրների ընտանիքում»։ Այդ հաճելի որակավորումով հնչակները եւս մեկ անգամ հաստատեցին իրենց ավանդական լոյալությունը իշխանության հանդեպ։ Նման գովելի հատկությունը, բնականաբար, չի կարող անվարձահատույց մնալ, մանավանդ մի հասարակության մեջ, որը հավակնում է ժողովրդավարական եւ բաց լինելու դափնիներին։ Հնչակները դրանով ազատվեցին սեփական կուսակցության հեղինակության ամրապնդման, գաղափարախոսության քարոզի եւ կառույցների ընդլայնման ծանր հոգսից։ «Հանրապետություն» միավորման մեջ մասնակցությամբ ապահովագրվեց ներկայությունը խորհրդարանում եւ «աջակցող խմբի» կարգավիճակը։

Սակայն երեկ իր աշխատանքը ավարտած կուսակցության 16-րդ համագումարը, որն, ի դեպ, 108 տարվա ընթացքում առաջին անգամ անց է կացվել հայրենիքում, կարող է հիմք հանդիսանալ արմատական փոփոխությունների եւ ներկուսակցական վերակառուցման։ Պատահական չէ, որ ողջունելով համագումարի մասնակիցներին, մնացած «հավասար եղբայրները»՝ «ավագ եղբոր» գլխավորությամբ հույս հայտնեցին, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը արդեն վերջնականապես կհաստատվի հայրենի հողում։ Շատ հնարավոր է, որ այդպես էլ կլինի, մանավանդ որ Հայաստանում գրանցված կուսակցության «հանրապետական եւ ներքին Սփյուռքի վարչությունը», ըստ էության դեռեւս սփյուռքյան կառույցի բաժանմունք է։ Նա աշխատում էր (համենայնդեպս, ձեւական տեսակետից) նույն ռեժիմով, որի համար մեծապես տուժեց մի այլ ավանդական կուսակցություն։ Պետք է կարծել, այդ իրավաբանական խոչընդոտը կարճ ժամանակահատվածում կշտկվի, հաշվի առնելով, որ նման կարգավիճակը չի նպաստում այն իմիջին, որն ուզում է ստեղծել կուսակցությունն իր նորընծա «աջ» եղբայրների ընտանիքում։

Ի դեպ, հնչակյանների համագումարը ջերմորեն ողջունեցին թե, այսպես կոչված, «կոոպերատիվ դաշնակները», եւ թե Դաշնակցության Վերականգնման Շարժումը, հաստատելով այն հին եւ ծեծված ճշմարտությունը, որ չկան հավերժական թշնամիներ եւ բարեկամներ։ Նույնիսկ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե որքանով են նշյալ կազմակերպությունները մոտ կանգնած նացիոնալ-սոցիալիստական, դաշնակցական էությանը, կարելի է վստահորեն պնդել, որ ՀՀՇ-ի շուրջ հայոց կուսակցությունների համախմբման գործընթացը տեղի է ունենում արագացված տեմպերով։ Ընդ որում, եղբայրական կուսակցություններն իսկապես կորցնելու բան չունեն, բացի շղթաներից, որոնք այս անգամ ձեռք են բերել իշխող կուսակցության բարեհաճ վերաբերմունքի տեսքով։ Կարծում եմ, այսօրվա մամուլի ասուլիսում, որը նվիրված է համագումարի արդյունքներին, այդ միտքը կարտահայտվի ավելի վառ եւ հստակ։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930