Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ն «ինքնագո՞րծ» կառույց է

Նոյեմբեր 03,1995 10:34

Ամբաստանյալ Գեղամ Մանուկյանի սենսացիոն ցուցմունքները

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում ցուցմունքներ էր տալիս ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը, որի մեղադրանքը հետեւյալն է. լինելով ավազակախմբի արխիվի պատասխանատու, նա ծանոթ էր այդ խմբի կողմից անցկացվող օպերացիաներին եւ զբաղվում էր տվյալների վերլուծությամբ, թեեւ ինքը հանցագործություններին չէր մասնակցում։

Գեղամ Մանուկյանը դեռեւս միակն է ամբաստանյալներից, որը ոչ միայն չհրաժարվեց նախնական ցուցմունքներից, այլեւ իր ելույթում բազմիցս վկայակոչում էր քրեական գործի նյութերը։ Նրա ցուցմունքները զբաղեցրեցին ամբողջ նիստը եւ նույնիսկ չավարտվեցին։

Մանուկյանը արմատապես հերքում էր Արսեն Արծրունու կողմից ավելի վաղ առաջարկած վարկածը՝ «Դրո»-ի գործի «սարքած» լինելու մասին։ Նրա խոսքերով, ՀՅԴ-ի ներսում «Դրո» կառույցի ստեղծման գաղափարը ծագել էր Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի եւ Դաշնակցության կուսակցական քաղաքականության երկարատեւ քննարկումների արդյունքում։ Այդ քննարկումներն անց էին կացվում Արծրունու տանը: Զրույցների մասնակիցները, այդ թվում նաեւ ինքը՝ Գեղամ Մանուկյանը, գտնում էին, որ Դաշնակցությունը պետք է ավելի վճռական դիրք ունենա ստվերային

տնտեսության դեմ պայքարում, ինչպես նաեւ ակտիվացնի իր հակաթուրքական գործունեությունը։

Այդ մտքերն իրենց ձեւակերպումը գտան երկու ծրագրերում, որոնք մշակել էր Արսեն Արծրունին՝ Մանուկյանի մասնակցությամբ։ Առաջինը, որն առաջարկում էր Դաշնակցության ողջ կուսակցական կառույցի վերափոխումը, մերժվեց Դաշնակցության հայաստանյան շրջանային ժողովում։

Երկրորդը գրված էր 92-ի օգոստոսին եւ առաջարկում էր ստեղծել լրահավաք եւ խորհրդատվական «Դրո» կառույցը։ Այն ուղարկվեց Փարիզ ՀՅԴ ընդհանուր ժողովին եւ փոխանցվեց անձամբ Հրայր Մարուխյանին, սակայն վերջինիս հավանությանը չարժանացավ։ Մանուկյանի կարծիքով, նման վերաբերմունքի պատճառներից մեկն էր ծրագրի խիստ երեւակայական լինելը, ինչպես նաեւ Մարուխյանի ցավագին վերաբերմունքն այն առաջարկների նկատմամբ, որոնք արվում են ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ին շրջանցելով։ Այդ նախագծում, Մանուկյանի խոսքերով, ոչ մի հակաօրինական կետ չկար: Լրատվությունը նախատեսվում էր հավաքել միայն օրինական ճանապարհներով եւ հետագայում տրամադրել ՀՅԴ խորհրդարանական խմբակցությանը, այսինքն, ի վերջո, ծառայեցնել պետական շահերին: Որպես ապացույց ամբաստանյալը բերեց կանոնագրից մի հատված, որում ասվում էր, թե կազմակերպության անդամները Հայաստանի օրենքների խախտման դեպքում պատժվելու են նույն կազմակերպության կողմից։

Ինչեւիցե, նախագիծն այդպես էլ չընդունվեց կուսակցության կողմից եւ մնաց, ինչպես ասաց Մանուկյանը, «մտքի հղացում եւ թղթի կտոր»։ Արծրունին, որի բնավորությանը հատուկ էր «առաջարկ անելու ձգտումը» եւ որը հաճախ տարբեր գաղափարներ էր առաջարկում կուսակցությանը (դրանք, որպես օրենք, չէին ընդունվում), այդ ամենն ընկալում էր ցավագին: Մանուկյանը հայտարարեց, որ ամեն անգամ մերժում ստանալով, Արծրունին կարծր քննադատության էր ենթարկում իր ընդդիմախոսներին եւ փորձում էր իրականացնել այդ ծրագրերը սեփական ուժերով։

«Դրո»-ի մասին Արծրունին Գեղամի հետ այլեւս խոսակցություններ չէր վարում, եւ վերջինս անհավանական էր համարում, որ Արծրունին ինքնագլուխ կսկսի զբաղվել կառույցի ստեղծմամբ, քանի որ 92-ի դեկտեմբերից մինչեւ 93-ի ապրիլը գտնվում էր Բեյրութում։

Առավել մանրամասն ամբաստանյալը կանգ առավ Արծրունու եւ ՀՅԴ ղեկավարության հարաբերությունների վրա, որոնք, նրա ելույթից դատելով, իդեալական չէին։ Այսպես, Հրանտ Մարգարյանը երկու անգամ զգուշացրել էր Մանուկյանին, որ Արծրունու հետ չշփվի եւ չընկնի նրա ազդեցության տակ, պնդելով, թե Արսենը «ինքնագլխություն է անում եւ թայֆայական խաղերի մեջ է»։ Արծրունու մեջ, ըստ Մանուկյանի, Դաշնակցության վերնախավը քննադատելու մոլուցքը գրեթե խրոնիկական էր: Դրան գումարած, նա շրջապատում էր իրեն մարդկանցով, որոնք չէին կարող համակրանք առաջացնել։ Այսպես, Մանուկյանի ցուցմունքներում, որպես Արծրունու տեղակալ, ի հայտ եկավ ոմն Յուրա, ԿԳԲ-ի աշխատակից, որի մասին ամբաստանյալներից ոչ մեկը չէր հիշատակել։ Մինչ այդ համարվում էր, որ Արծրունու տեղակալն է Արա Հարմանդայանը, որն, ի դեպ, այդպես էլ տեղ չգտավ Մանուկյանի երեկվա ելույթում։ Արծրունու մտերիմների թվում Մանուկյանը նշեց նաեւ ԱԱՊՎ բարձրաստիճան պաշտոնյա Աշոտ Դաբաղյանին ու եւս մի գնդապետի, որի անունը բաց նիստում նա հրաժարվեց հրապարակել։

94–ի մարտին Արծրունին առաջարկեց Մանուկյանին մասնակցել մի կառույցի ստեղծմանը, որը պետք է աշխատեր Հայ Դատի ուղղությամբ, համագործակցելով պետական համապատասխան ծառայությունների հետ: Սակայն Մանուկյանին անհանգստացրեց Արծրունու խնդրանքը՝ խոսակցությունը գաղտնի պահել Հրանտ Մարգարյանից։ Մանուկյանը որոշեց հրաժարվել, սակայն այդ մասին չկարողացավ հայտնել Արծրունուն, քանի որ տեղեկություն ստացավ, թե Արծրունին քաղաքում չէ։ (Ճիշտ է, հետո պարզվեց, որ Արծրունին քաղաքում էր, եւ թաքցնում էր այդ հանգամանքը):

Որոշ ժամանակ անց Արծրունու անունից ոմն Վահե Թաշչյան փոխանցեց մի թղթապանակ, որը պարունակում էր մի քանի հարցաթերթիկ, ինչպես նաեւ գաղտնագրված զեկուցագրեր: Դրանցում խոսվում էր Քերոբ անունով մի մարդու մասին, որին փնտրում էին, ինչպես նաեւ հիշատակվում էր ինչ-որ սպանության մանրամասներ։ Հարցաթերթիկները լրացրած մարդկանցից Մանուկյանը գիտեր միայն Արմենակ Մնջոյանին եւ Արտավազդ Մանուկյանին։ Ամբաստանյալը պնդում Էր, որ Արծրունին փոխանցել էր իրեն հարցաթերթիկների մի մասը, քանի որ վախենում էր, որ տեսնելով մի շարք կուսակցական ընկերների հարցաթերթիկները, Մանուկյանը կարող էր կասկածել, թե Արծրունին հիմնվելով դաշնակցականների վրա, փորձում է ստեղծել կուսակցությունից գաղտնի մի կազմակերպություն։

Այսպիսով, իր ցուցմունքներում ամբաստանյալը, փաստորեն, հաստատեց կազմակերպության ստեղծումը եւ նրա կողմից կատարված հանցագործությունները, սակայն պնդում էր, որ այդ ավազակախումբը միմիայն Արծրունու ինքնագործունեությունն էր եւ կուսակցության հետ ոչ մի կապ չուներ: Մանուկյանը կշարունակի իր ցուցմունքներն այսօր: Սակայն գլխավոր հարցի պատասխանը, թե ինչպես է ստեղծված իրավիճակում իրեն պահելու Արծրունին եւ ընդունելո՞ւ է արդյոք իր մեղքը, մենք, հավանաբար, մոտ ապագայում չենք իմանա։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930