Եթե հիշում եք, իր վերջին համարներից մեկում «Առավոտը» անդրադարձել է Հայաստանի միակ անբուժելի համաճարակին՝ արեւածաղիկ չրթելուն, որի հարուցիչները սփռված են ամենուր՝ գետնուղիներում, այգիներում, փողոցներում, բուհերում… Չէ՛, հանկարծ չկարծեք, թե կրկին բարոյախրատական խոսքեր պիտի լսեք այն մասին, որ եթե նախկինում արեւածաղիկը համարվում էր «պարապ վախտի խաղալիք», ապա այժմ այն լիարժեք կարող է համարվել նաեւ «զանիտ վախտի խաղալիք», եւ որ շուրջբոլորը թքոտելով քայլելը գեղեցիկ չէ, բարեկիրթ չէ… .
Փորձենք գտնել այս հիվանդության առեղծվածի բանալին, թե ինչո՞ւ բարդածաղկավորների ընտանիքի Helianthus annuus կոչվող այս բույսի սերմերը, որոնց հայրենիքը Հարավային Ամերիկան է, նման մեծ ժողովրդականություն են վայելում մեր հայրենիքում։ Այս գծով հմտացած որոշ «Փորձագետներ», ինչպես նաեւ տողերիս հեղինակը (որը արեւածաղկի երկրպագու է, սակայն օգտագործում է այն միայն տանը) գտնում են, որ արեւածաղկի տարածման գլխավոր պատճառը մեր ազգաբնակչության կողմից ֆինանսական դժվարություններով պայմանավորված կենդանական ու բուսական յուղի սակավ օգտագործելն է։ Իսկ հայտնի է, որ արեւածաղկի սերմերը պարունակում են 27-57 տոկոս բուսական յուղ, այսպիսով մեր համաքաղաքացիները շատ հմտորեն կարողանում են համատեղել հաճելին օգտակարի հետ։
Վերոհիշյալ «փորձագետների» խումբը վերջերս կատարել է մի հետաքրքիր հաշվարկ։ Պարզվում է, որ Երեւան քաղաքի 1 քառակուսի մետրին միջինը ընկնում է արեւածաղկի 50 կճեպ, այսպիսով, այսօր ողջ քաղաքի մակերեսին թափված է առնվազն 30 մլն կճեպ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի բուրգ կկազմի մեկտեղ հավաքված այդ կճեպները (նույնիսկ այդ հսկայական քանակությունը կարելի է օգտագործել որպես ձմռան վառելիք…):
Եվս մեկ դիտողություն. Երեւանի հատկապես կենտրոնական թաղամասերի 1 քառ կմ վրա կարելի է հանդիպել 20-ից ավելի «շեմուշկա ծախողների»։ Այս գործով զբաղվողների նման խտությունը անվիճելիորեն ապացուցում է, որ դա չափազանց շահութաբեր գործ է (դրանով մարդիկ ընտանիք են պահում): Պատկերացնո՞ւմ եք, թե մեր հարկային տեսչությունը քանի-քանի հազարավոր դրամներ է կորցնում՝ արեւածաղիկ վաճառողներին աչքաթող անելով (որոնք միջին մտավորականից էլ շատ եկամուտ ունեն): Որպեսզի այս եկամտաբեր «բիզնեսը» դառնա ավելի օրինական ու քաղաքակիրթ, «Արեւածաղկի սիրահարների միությունը» (որի անդամն է Երեւանի ազգաբնակչության մեծ մասը) առաջարկում է երեւանյան ամեն փողոցի վրա արեւածաղկի ավտոմատ սարքեր դնել։ Դուք անշուշտ կհարցնեք. «Բա՛ կճեպները, բա փողոցնե՜րը»։ Մենք դրա մասին էլ ենք հոգացել, եթե գոյություն ունեն ճաշարաններ, որտեղ մարդիկ ճաշում են, եթե գոյություն ունեն ծխարաններ, որտեղ մարդիկ ծխում են, եթե գոյություն ունեն զուգարաններ, որտեղ մարդիկ…, ինչո՞ւ հապա գոյություն չունենան հասարակական չրթարաննե՞ր, հը՞…
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ