Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում գործողությունը ծավալվում էր հերթական ամբաստանյալ Հովիկ Մկրտչյանի շուրջ։ Ավելի ճիշտ, քննարկվում էին նախնական քննության ժամանակ տված նրա ցուցմունքները, քանի որ ինքը ամբաստանյալը, հայտարարեց, որ դատավարությանը չի մասնակցելու:
Հովիկ Մկրտչյանը հետաքննության կարեւորագույն դեմքերից մեկն է: Ըստ էության, նրանից է սկսվել «Դրո»-ի գործը։ Երեւանից Մոսկվա տեղափոխվող Մկրտչյանի ճամպրուկում հայտնաբերվել էին թմրադեղեր։ Հենց դա էլ դարձավ Ռուսաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից Մկրտչյանի ձերբակալության պատճառը։ Այդ պատմության մասին դատարանում արդեն խոսվել է։ Այդ առիթով ցուցմունք է տվել ամբաստանյալ Արա Հարմանդայանը։ Հիշեցնենք, որ նրա խոսքերով՝ Հովիկը ճամպրուկը ստացել էր Նորքի զանգվածում բնակվող իր ծանոթներից։ Ճիշտ նույն ձեւով է այդ դրվագը նկարագրված մեղադրական եզրակացության մեջ։ Մինչդեռ, Մկրտչյանի ցուցմունքներով Մոսկվա տեղափոխված այդ ճամպրուկը նրան տվել էր Հարմանդայանը։ Ճամպրուկի պատմության մեջ կան բազմաթիվ մութ, չպարզաբանված կետեր։ Այսպես, Մկրտչյանը պնդում էր, որ Հարմանդայանը ճամպրուկի մեջ դրել էր նաեւ նարդի։ Սակայն Հովիկը այդպես էլ չհարցրեց, թե որն է նարդու անհրաժեշտությունը՝ ամաչեց, եւ տարավ դրանք Մոսկվա: Այնտեղ ճամպրուկը կորել էր բեռների մեջ եւ պահանջվեց մի քանի օր այն հայտնաբերելու համար։ Ի վերջո ճամպրուկը հայտնվեց Մկրտչյանի ձեռքում, սակայն հյուրանոցում նարդին (որտեղ նույնպես թմրադեղ էր դրված) անհետացավ։ Նախնական հարցաքննության ժամանակ ամբաստանյալն ասում էր, որ նարդու կորուստը նրան չէր տխրեցրել, քանի որ նրա պարունակության մասին ոչինչ չգիտեր։ Չէր տխրել նաեւ Արտոն (Արտավազդ Մանուկյանը), որի հետ նա ապրում էր հյուրանոցի նույն համարում եւ որը նույնպես գործուղված էր Մոսկվա՝ Արծրունու գործերով։ Ճիշտ է, Մկրտչյանը ավելացնում էր.. «Գուցե ես ինչ-որ բան զգում էի, քանի որ Արսենն ու Արտոն դեռեւս Երեւանում ասում էին, որ շուտով փող կլինի, իսկ թե որտեղից, ես չէի մտածում»։
Արձանագրություններից ոչ մեկը չհաջողվեց քննարկել, քանի որ Մկրտչյանի դատապաշտպան Մարինա Հալաբյանը պահանջում էր այդ բոլորը (Մոսկվայում կատարված հարցաքննությունները) հայտարարել իրավական ուժ չունեցող։
Երեւանում հարցաքննությունների թեմատիկան ընդլայնվեց. Պարզվեց, որ Մկրտչյանը, լինելով ՀՅԴ անդամ, միշտ երազել էր, որ կուսակցությունն ունենա ուժեղ հետախուզական կառույց: Ուստի, երբ Մնջոյանը հայտարարեց, որ նման կառույց ստեղծվել է, նա առանց երկար մտածելու անդամագրվեց եւ ստորագրեց պայմանագիրը։
Կարդացեք նաև
Մկրտչյանը ակտիվ մասնակցություն էր ունեցել «Դրո» կառույցի գործունեության մեջ, այս կամ այն չափով մասնակցելով նրա բոլոր օպերացիաներին։ Բացի այդ, նա Մնջոյանի կողքին էր, երբ տեղի ունեցավ «Արարատ» ռեստորանի միջադեպը, որի արդյունքում Մնջոյանը կրակել էր Արկադի Թունյանի վրա:
Դատավարության ընթացքում քննարկվում էին ոչ թե ցուցմունքները, այլ նիստում Մկրտչյանի որդեգրած դիրքորոշումը։ Փաստաբանները հերթական անհաջող մի փորձ արեցին համոզել կոլեգիային՝ փոխել որոշումը դատավարության կարգի մասին:
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ