Նախագահական ընտրարշավը Հայաստանում արդեն սկսվել է։ Վազգեն Մանուկյանը միանշանակորեն հայտ է ներկայացնում, առայժմ գործելով մենակ, ինչպես ասում են, «անհատական կարգով» (առանց կազմակերպության): Ավելի շուտ, այսօր Մանուկյանը ճշտում է իր հարաբերությունները տարբեր կազմակերպությունների հետ։ Պատահական չէ, որ նա իր ընտրարշավը սկսեց… Սփյուռքից։ Որեւէ այլ երկրում սա կհամարվեր անհեթեթություն։ Ամենայն հավանականությամբ, նման երեւույթն այսօր արդեն նույնիսկ Իսրայելում զարմանք կառաջացներ։ Հասկանալի է, թե Մանուկյանը Սփյուռքում առաջին հերթին որ կազմակերպությունների հետ է ճշտում իր հարաբերությունները, հաշվի առնելով ՀՅԴ-իշխանություն խոր հակասությունը։ Ատելությունների քարտեզը բավականին խոսուն է՝ Կանադա, Հունաստան, ԱՄՆ։
Իշխանություններն էլ, ինչպես ասում են, «ձեռքները ծալած» չեն նստել։ Ռամկավարների հետ հարաբերությունների բարելավումը խոսում է այդ մասին։ Մյուս կողմից իշխանության բնական եւ անխուսափելի հակասությունները որոշ չափով բարդացնում են պատկերը։
Սակայն դրանք դժվար թե սասանեն իշխանության եւ, մասնավորապես, նախագահի, ընդհանուր առմամբ, շատ ամուր դիրքերը մոտակա ընտրություններում։ Նախ՝ կան տվյալ խնդիրները լուծելու բազմաթիվ եւ բազմապիսի միջոցներ։ Երկրորդ, եթե նույնիսկ գործը հասնի կադրային որոշ փոխատեղումների, դժվար թե «նեղացած» կողմը (անկախ նրանից, թե դա ով կլինի) նախորդների նման սկսի բացեիբաց հակադրվել նախագահին։
Այդ ճանապարհի անարդյունավետությունը բազմիցս ապացուցված է։
Գ. Ա.