Ինչպես հայտնի է, Հայոց մայր կուսակցությունների տրոհումը բավական տարածված երեւույթ է։ Առայժմ այդ ճակատագրից աներեր խուսանավում է ՀՅԴ-ն։ Թեեւ 105-ամյա պատմությանը զուգահեռ հայաստանյան իրականության մեջ նրան իշխանությունից բաժանում է մարտնչող օտարացման եւ կասեցումների անջրպետը։ Հայաստանի կամ, այսպես կոչված, «կոոպերատիվ» դաշնակցության գոյությունը բոլորովին այլ ոլորտից է, վերջինս ստեղծվեց իբրեւ ինքնուրույն կազմակերպություն՝ պարզապես սեփականելով ազդեցիկ անունը: Սակայն 1995 թվականի հուլիսի 14-ին նախկին դաշնակցականների կողմից՝ կախակայված, հեռացված, ինքնամեկուսացված, արտաքսված, նախաձեռնվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Վերականգնումի Շարժում (կենտրոնական գործողությունները ծավալվեցին ԱՄՆ-ում Նյու Ջերսի նահանգում), որն արդեն գումարել է իր երկու ընդհանուր ժողովները, լույս ընծայել «Եռագոյն Դրօշակ» թերթի երկու համարները, անվանումն ակնհայտորեն հարազատ է ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ին։ ՀՅԴ Վերականգնումի Շարժման կենտրոնական մարմինը ղեկավարող Պերճ Մսրլյանը բազմիցս եղել է Հայաստանում՝ իր հարգանքները եւ ծրագրերը վստահելով մեր հանրապետության բարձր ղեկավարությանը, վերջերս այդ շփումները դարձել են առավել գործուն, նույն մարմնի ներկայացուցիչ Զավեն Մարկոսյանը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցներով՝ հեռուստատեսություն, թերթեր, սկսեց հանդես գալ՝ պարզաբանելով իրենց շարժման կառույցային, նպատակային եւ սկզբունքային հարցերը:
Կարող է թվալ, թե պառակտման քամիները թափանցեցին նաեւ այս միաձույլ կառույցից ներս, սակայն իրականում ՀՅԴ Վերականգնման Շարժումն ամեն կերպ շեշտում է իր ազատ կարգավիճակը Վերջին ժողովի ընթացքում նրանք փաստեցին, որ Շարժումը ոչ կուսակցություն է, ոչ անգամ կազմակերպություն։ Մամլո հաղորդագրության մեջ նրանց հավատո հանգանակը այսպես է սահմանված. «ՀՅԴ Վերականգնումի Շարժումը նպատակ չունի կազմակերպութեան վերածուելու: Բնաւ չի քաջալերեր շարքայինները որպէսզի հրաժարին շարքերէն: Ընդհակառակը՝ պէտք է մնան եւ պայքարին վերականգնելու մեր վեհ կազմակերպութիւնը: ՀՅԴ Վերականգնումի Շարժումը կը դադրի գործելէ, երբ մեր կուսակցութիւնը կը վերադառնայ իր պատմական առաքելութեան ճիշդ ուղիին եւ յանձնառութեան»։
Շարժման անդամները բազմիցս շեշտել են իրենց եւ ՀՅԴ ներկա ղեկավարության հանդիպումների անհրաժեշտությունը, Բյուրոյի անդամներին հրավիրել են ժողովների, թեեւ վերջիններս առայժմ ձեռնպահ են մնում այդ պատեհություններից: Ընդսմին՝ Շարժման մեջ մեծավմասամբ Դաշնակցության կառույցում, բնավ երկրորդական դերեր չկատարած անձեր են. Պերճ Մսրլյանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ (հետո արտաքսվել է կուսակցությունից), Զավեն Մարկոսյանը քանիցս ընտրվել է Կենկենի անդամ։ Շարժումը դիմել է ՀՅԴ Բյուրոյին՝ իրենց բոլորի կուսակցական անդամակցությունը վերականգելու առաջարկով։ Սփյուռքում որոշ համատեղ հանդիպումներ արդեն կայացել են, սակայն Շարժման համար մերժողական պատասխանով։ Այնուհանդերձ, «նախկինները» պատրաստվում են դիմել ՀՅԴ մոտալուտ Ընդհանուր ժողովին, որը երկուստեք համարվում է ճակատագրական։
Մենք դիմեցինք ՀՅԴ Բյուրոյի հայաստանյան անդամներին՝ խնդրելով մեկնաբանել այս փաստերը եւ հիմնավորել կուսակցության վերաբերմունքը, արդյո՞ք այստեղ քաղաքական շահարկումների դաշտ է բացված, թե՞ իրական մտահոգություններն են գերիշխողը, մտահոգություններ, որոնք առաջին անգամ այսպես սրությամբ բարձրացվում են
Կարդացեք նաև
Դաշնակցության այն նախկին ղեկավար անդամների կողմից, որոնք հեռացվել են գաղափարական ընդվզման պատճառով։ Այսինքն՝ նորարարների եւ պահպանողականների բախում սյուժեով:
Պատասխանը հանգեցվեց զուտ ներկուսակցական, մասամբ եւ անձնական հակասություններին։ Այն, որ Շարժման անդամներն անցյալում ղեկավար ընկերներ էին, ապացուցում է, որ ընտրովի պաշտոններից զրկվելուց հետո բողոքի ու դժգոհության զգացումներն ավելի են թանձրանում։ Պատկերավոր համեմատությամբ շեշտվեց՝ Շարժումը նման է բողոքարկուների կողմից բորբոքված մեծ խարույկի, որի շուրջ փորձում են ջերմանալ կարգապահական տարբեր խախտումների պատճառով հեռացված դաշնակցականները: Այնուհանդերձ, նրանց (իհարկե, ոչ արտաքսվածների) համար վերադարձի ճամփաները դեպի մայր կուսակցություն բաց են, սակայն ոչ խմբային, այլ անհատական կարգով։ Շատերի իրավունքները, իրոք, կարող են վերահաստատվել՝ Կանոնագրի պահանջներին համապատասխան։ Իսկ կուսակցական պատկանելության խմբային հավաստումը բացառվում է։ Ի դեպ, ժամանակին նման խնդրանք-առաջարկով Բյուրոյին դիմել է Էդամ Արիստակեսյանը, որը հետեւողականորեն ցանկանում էր ողջ կոոպերատիվ դաշնակցությունը ներառել ՀՅԴ կազմում։ Ինչ վերաբերում է Հայաստան- Սփյուռք, Դաշնակցություն-Հայաստանի պետություն, նախագահ- կուսակցություն հարաբերություններին առնչվող հարցադրումներին, ապա դրանց սրությունն ամենեւին նորություն չէ։ Դաշնակցության շրջանային եւ այլ մակարդակի ժողովներում բազմիցս բարձրացվել են առավել հեղափոխական ձեւակերպումներ։ Ըստ իմ զրուցակիցների, ՀՅԴ-ն, իր գաղտնիությամբ հանդերձ, ներսում ժողովրդավար կառույց է, ցանկացած ոք ի զորու է հայտնելու իր տեսակետը՝ փորձելով հիմնավորել այն, բայց եթե հիմնավորումները չեն համոզում շարքերին եւ ընդունվում է հակառակ որոշում, ապա ցանկացած կուսակցական պարտավոր է կատարելու մեծամասնության վավերացված կամքը, այլապես կուսակցությունից դուրս կհայտնվի: Մինչեւ կուսակցական-կարգապահական հարցերի լուծումը Շարժման ոչ մի անդամ չի կարող մասնակցել Ընդհանուր ժողովին՝ ոչ որպես պատվիրակ, ոչ որպես հրավիրյալ։ Թեպետ նրանց բարձրացված առաջարկություններն ու հարցերը Ընդհանուր ժողովում կքննարկվեն, օրակարգում նման լրացում ենթադրվում է, իրենք պատրաստ են արձագանքելու յուրաքանչյուր դիմումի: Իսկ Ռուբեն Հովսեփյանն անձամբ հանդիպելու է Զավեն Մարկոսյանին՝ զրուցելու ոչ միայն մասնագիտական հարցերի շուրջ (Զ. Մարկոսյանը փորձառու ատոմագետ է), այլեւ կուսակցական։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ