Հանրահռչակ Ջիվանու «Անթեւ թռչուն է աշուղը» երգով սկսվեց Թովմաս Պողոսյանի դասը՝ նվիրված հայ գուսանական արվեստին։ Ի դեպ, այս օրերին լրանում է Կոմիտասի անվան երաժշտանոցի հայ ժողովրդական ստեղծագործության կաբինետի 25-ամյակը։ Կաբինետ, որը հայ ժողովրդական երգարվեստի մի յուրօրինակ մատենադարան է:
Իսկ ամենանվիրյալը՝ Մարգարիտ Բրուտյանը հավաքագրել է շուրջ երկու տասնյակ հազար ժողովրդական, աշուղական եւ գուսանական երգեր, որոնք այնուհետեւ մշակման, հղկման են ենթարկվել եւ առայսօր պահպանվում են նաեւ ամբիոնի վարիչ Ալինա Փահլեւանյանի, պրոֆեսոր Անահիտ Կիրակոսյանի, եւ վերջապես՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Սա մի կոլեկտիվ է, որտեղ ընդգրկված են կոնսերվատորիայի դասախոսներ, շրջանավարտներ եւ այսօրվա ուսանողներ:
– Հայ աշուղական երգարվեստը հայ երգի ամենահարուստ գանձարաններից է, որն իր թռիչքարշավը սկսեց 17-րդ դարում։ Նաղաշ Հովնաթան, Բաղդասար Դպիր՝ միջնադարյան տաղերգուներին փոխարինելու եկան Սայաթ-Նովան, Ջիվանին, Հավասին, Շերամը, Աշոտը,- ասաց Թովմաս Պողոսյանը։- Բայց աշուղական եւ գուսանական արվեստի միջեւ 1000-ամյա տարածություն կա։ Եվ վերջապես, Ջիվանին էր, որ հայացրեց հայ աշուղական արվեստը։ Իսկ մինչ այդ Հայաստանում գործում էր Նոր Ջուղայի աշուղական դպրոցը՝ Ղուր Եկաս, Ղուր Սարգիս, Տեր Կարապետ, Օհան Ղղլի: Արդեն նոր դպրոցներ են վերընձյուղվում Երեւանում, Վաղարշապատում։ Այո, Ջիվանիով սկսեց հայերեն հնչել աշուղական երգն ու տաղը, իսկ մինչ այդ հարգի էր թուրքերենը, արաբերենը, պարսկերենը։
Ռազմիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ