Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հայրենիքի՝ կդառնանք քամիներու բերնին ինկած խլյակ…»

Նոյեմբեր 01,1995 17:00

Վերջերս կրկին Հայաստանում էր գտնվում սիրիահայ անվանի գրող ու հասարակական գործիչ Թորոս Թորանյանը: Ձեզ ենք ներկայացնում մեր աշխատակից Սարո Գյոդակյանի հարցազրույցը նրա հետ։

– Պարոն Թորանյան, ինչպես տեսնում եք՝ մեր հանդիպումը չուշացավ: Ահա կրկին հանդիպեցինք, եւ ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ եւս մեր զրույցը սկսվեց Հայաստանով։ Այսօր, երբ Հայաստանը դժվարին օրեր է ապրում, ինչպիսի՞ ն եք տեսնում նրա վաղվա օրը, նրա գալիքը:

– Հայաստանի դժվարությունները մենք հեռվից կլսենք ու հեռվեն կզգանք։ Վստահ եմ, որ այդ ամենը այստեղ ապրողներն ավելի խորը կզգան։ Վստահ եմ, որ այս դժվարությունները կծնեն նաեւ թյուրիմացություններ։ Մարդ արարածը միշտ իր առօրյայեն կդատե երեւույթները եւ նման դատողությունը հաճախ մարդու կառաշնորդե սխալ եզրակացություններու: Հոսանքի նվազ գոյությունը, սնունդի պակասը, գումարած մոտեցող ձմռան վախը կրնան հոռետեսության մղել մարդիկը: Մեր ժողովուրդը գեղեցիկ ասացվածք ունի. «Չէ եղած գիշեր, որ չլուսնա»։ Անկախության ուղին ընտրած հայությունն իր

մեջ պիտի գտնե բավարար ուժ դուրս գալու համար տնտեսական այս տագնապեն։ Ես խորապես հավատացողն եմ այդ իրականության, որովհետեւ մեր երկրի քաղաքական դիրքորոշումն այսօր գտած է իր ճիշտ արեւելումը, որուն որպես արդյունք պիտի հասնի նաեւ տնտեսական տագնապը հաղթահարելու իրողությունը։ Կասկած չունիմ, որ առաջիկա տարիները Հայաստանի համար քայլ առ քայլ նվաճումներու տարիներ պիտի ըլլան։

– Մի քանի խոսք հալեպահայ գրական-մշակութային շրջանակների մասին։ Ինչո՞վ է հատկապես նշանավորվում նրանց կենսագործունեությունը։

– Հալեպի մեջ, ի զարմանս ձեզի, գրական շարժումներ չկան։ Ազգային առաջնորդարանը կհրափարակե թերթ մը («Գանձասար»), որ կոչված է շաբաթաթերթ ըլլալու, որու շուրջ սկսած են հավաքվել երիտասարդ տղաք։ Ինչ-որ հաճելի է, տղոց աշխուժությունն է, բայց գրական մակարդակ առայժմ չունի։ Կան անհատ գրողներ, որոնք բան մը կգրեն առավել կամ նվազ հաջողությամբ։ Եղածը գրական օազիս մը չէ, այդ է իրողությունը։ Չվախենանք ճշմարտության աչքին նայելուց։ Գուցե ճշմարտությունը հայտարարելով մղվենք բան մը ընելու։

– Մի առիթով ասել եք. «Թեեւ իմ ծննդավայրը Հալեպն է, բայց Հայրենիքս Հայաստանն է»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կավելացնեիք այսօր:

– Այս մասին երկու կարծիք չի կրնալ գոյություն ունենալ։ Մարդիկ Հայրենիք չեն կրնալ որդեգրիլ, որպես Հայրենիքի մեջ զավակ կծնվին։ Հոգ չէ, թե ուր կծնին։ Լուսնի վրա էլ ծնին, եթե հայ ծնողներու զավակ են, ուրեմն Հայաստանին կպատկանին։ Ծննդավայրը անուշ է անշուշտ, բայց որքան շատ բան գիտնանք Հայրենիքի մասին, այնքան ավելի կպայծառանա անոր իրականությունը մեր հոգիին մեջ եւ այնքան ավելի տեղ կգրավե մեր հոգիներու մեջ։ Առանց Հայրենիքի մեր իսկությունը կորսնցուցած կըլլանք, մենք՝ մենք չենք ըլլա։ Կդառնանք քամիներու բերնին ինկած խլյակ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930