Լույսն աստիճանաբար ու համառորեն լքում է մեզ: Բնակչության զգալի մասը խարխափում է խավարում՝ նախանձի խոսքեր մրմնջալով այն երջանիկների հասցեին, ովքեր զօր ու գիշեր լույս ունեն։ Անշուշտ, նախանձն ու հայհոյանքը բաժին են ընկնում նաեւ իշխանություններին, որից, սակայն, լույսը չի ավելանում։
Իսկ հայկական ռադիոն օրվա տարբեր ժամերին հաղորդում է էներգետիկայի նախարարության հիշեցում-ահաբեկումը. «Պարտքերը չեք մարել, լույս չենք տալիս»։ Իսկ գումարը ահավոր մեծ է եւ օրեցօր աճում է: Ժողովուրդը հավատում է նախարարության ներկայացրած թվերին, բայց չի վճարում: Ժողովուրդը՝ պարտատուն, վճարունակ չէ: Սա փաստ է, որ գիտեն բարձր ատյաններում, էներգետիկները՝ նույնպես: Պարտատերը դաժան է եւ ընտրում է չարդարացված ուղին՝ պարբերաբար ավելացնելով էլեկտրաէներգիայի գինը: Իհարկե, սոցիալ-տնտեսական պայմաններում հեշտ չէ լուծել էներգետիկ հիմնահարցերը, բայց ծանրությունը դնել միայն ժողովրդի ուսերին, հարցի լուծում չէ, այլ ինքնախաբեություն ու լուծման պատրանք: Պետք է ընտրել այլ միջոցներ, այդ թվում, փոխզիջումային տարբերակներ։ Վարձավճարի հավելումով պարտքեր չեն մարվելու։ Եթե 10 դրամի փոխարեն (այժմ 12) վճարը դառնար 5 դրամ, ապա հիսուն տոկոսով կբարձրանար սպառողի վճարունակությունը եւ այդքան էլ կկրճատվեր պարտքը: Հակառակ միտումը չի արդարացվում։ Կամ պետք է ընդհանրապես հանրապետությունը դարձնել հոսանքազուրկ, կամ էլ սահմանել մատչելի գներ՝ հաշվի առնելով մարդկանց իրական եկամուտները, աշխատավարձը եւ այլ կարգի գործոններ:
Պարտքերի մարման մեկ այլ ուղին պետք է լինի կազմակերպված ու արդյունավետ պայքարը էլեկտրագողության դեմ։ Ճիշտ է, այդ մասին կան համապատասխան որոշումներ, բայց դրանք չեն գործում, քանի որ «անօրինական» հոսանքի առեւտուրը ոչ թե մեկ-երկու անհատների սիրողական զբաղմունքն է, այլ ըստ երեւույթին, հստակ ձեւավորված կառույց, որը միլիոններ է գրպանում։ Թե դրա մի մասը բաժին է ընկնում էներգետիկայի նախարարությանը, չեմ կարող ոչ հավաստել, ոչ ժխտել, բայց, որ պարտքի զգալի մասը ապօրինի առք ու վաճառքից է՝ կասկածից դուրս է: Այդ արտասովոր երեւույթի դեմն առնելու իրական քայլեր չկան, ընդհակառակը, նկատելի է կիսաթաքնված հովանավորչությունը:
Լույսի պրոբլեմը լուծելու այլ ուղիներ էլ կան, բայց նախարարությունը ոգեւորված շարունակում է գնալ ժողովրդին հոգեպես ու նյութապես ճնշելու ուղիով։ Իսկ որ շատ-շատերը չեն կարող վճարել, ապացուցենք մի մոտավոր հաշվարկով:
Կարդացեք նաև
Հայաստանում կլինեն հազարավոր ընտանիքներ, բաղկացած չորս հոգուց։ Ընդունենք այդ ընտանիքի ամսական եկամուտը 10 հազար դրամ է (սա դեռ վատթարագույն վիճակը չէ): Ենթադրենք այդ ընտանիքը ամսական սպառում է 100 կվտ էներգիա՝ վճարելով ամսական 1200 դրամ։ Նա պետք է մեկ անձի համար վճարի նաեւ 227 դրամ՝ ջրի համար եւ 84 դրամ՝ աղբի համար։ Հեռախոսի համար՝ 150 (պայմանով՝ եթե որեւէ այլ շրջանի կամ քաղաքի հետ չխոսի): Եթե չորս հոգին էլ չափահաս են, ապա տնից գոնե մեկ անգամ պետք է դուրս գան ու տուն գան՝ օգտվելով ամենաէժան տրանսպորտից՝ այդ ընտանիքը օրական պետք է ծախսի 160 դրամ: Բազմապատկենք այս թիվը 30-ով: Երեւի պետք է մեկ հաց՝ ամսական 3000 դրամ։ Եթե գումարենք այս թվերը, ապա ընդհանուրը մոտ կլինի 10 հազարին։ Մնացածը դուք շարունակեք…
Հասկանալի է, որ այդ ընտանիքը էներգիայի վարձ չի մուծի եւ այդ 1200 դրամով կգնի մի տուփ թեյ կամ սուրճ, կսպասի հումանիտար օգնությանը։ Հետո կստանա մեկ ժամ էներգիա, որը անպայման կգողանա…
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ