Այսօր Երեւանի կամերային երաժշտության տանը կայանալու էր Հայաստանի մտավորականների միության նախաձեռնած մշակութային երեկոն՝ նվիրված Հայ Հեղափոխական Դաշնակցության 105-ամյակին: Պատմության դափնիները մեր հասարակական–քաղաքական դաշտում երկակի են ընկալվում, թեեւ 100-ամյա սահմանագիծը հատած կուսակցությունների քանակը հետզհետե համալրվում է: Օրինակ, ՀԿԿ առաջնորդ Սերգեյ Բադալյանը վերջերս իր կուսակցության ծննդյան տարենիշը համարեց 1895-ը: Ավելին՝ ըստ նրա, կուսակցությունը զուտ հայկական ծագում ունի եւ առաջացել է Շուշիում: Այնուհանդերձ պատմությունը մնում է պատմություն։ Այս սովորական թվացող իրադարձությունը եւս նախապատմություն ունի, բոլորիս քաջ հայտնի է, որ Հայաստանի մտավորականության միության կորիզը դաշնակցականներն են, ուստի կարելի էր ենթադրել, որ սույն միջոցառումը կուսակցական էր, պարզապես ՀՅԴ-ն լինելով օրինապահ կառույց, իր կասեցման պարագայում չէր կարող հեղինակել որեւէ միջոցառում: Այսպիսով՝ դահլիճի որոնումները ձգձգվեցին, իսկ երեկ պարզ դարձավ, որ Կամերային տան տնօրինությունը նախնական համաձայնությանը հակառակ՝ պարզել է իր գերզբաղվածությունը ոչ միայն այսօրվա, այլեւ ընդհանրապես գալիքի կտրվածքով։
Կարծում ենք՝ միտումն ակնհայտ է, թեեւ դժվար է կանխագուշակել, թե հասարակական վտանգավորության ինչ աստիճան էր ներկայացնում պատմական՝ Դաշնակցությանը նվիրված երեկոն։ Ընդհանուր ժողովի գումարման վերաբերմամբ ինչ-որ եզրակացություններ հնարավոր է կատարել, բայց երեկոյի մասին՝ միայն մեծ երեւակայության դեպքում։ Իսկ զուգահեռները ծնվում են անմիջապես: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պատգամավորական ժողովը, ըստ արժանվույն գումարվում է Ազգային ակադեմիայի դահլիճում իր ոչ այնքան մեծաթիվ կազմով։ Ինչո՞ւ սփյուռքյան այդ ընկերներին տեղական լրակազմով թույլատրելի է, իսկ մյուսներին ոչ։ Վերաբերմունքի հարց է, սակայն ընտրողական կամ խտրականության:
Ն.Դ.