Ինչպես օրերս հայտնել է «Ռոյթըր» գործակալությունը, ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը, որը հայտնի է մեզ «Հիմնական բնազդ» կինոնկարով, արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւին՝ արվեստի բնագավառում նվաճումների համար, դառնալով արվեստի եւ գրականության շքանշանի դափնեկիր։ Այդ շքանշանը նրան տվեց Ֆրանսիայի մշակույթի ՚ նախարարը։
Խեղճուկրակ «պարզապես Մարիան», որն ի տարբերություն իր գործընկերուհու, կատարում է այնպիսի հերոսուհիների դերեր, որոնք չեն արհամարհում ներքնազգեստը, անցած տարի Հայաստան այցելելով, չարժանացավ ոչ մի շքանշանի։ Սակայն նա առաջացրեց մի կողմից իր բոցավառ երկրպագուների բուռն հրճվանքը, մյուս կողմից՝ մեր զանգվածային լրատվության ուշադրությունն այն առումով, թե ով եւ որքան է ծախսել նրա այցելության համար, եւ ով է թույլ տվել, որ նման ցածրաճաշակ կինը ներկայանա մեր բարձրաճաշակ հանդիսատեսին։
Ալլա Պուգաչովայի հանդեպ վերաբերմունքն ավելի հանգիստ էր։ Հավանաբար, մեր խստապահանջ քննադատները հաշվի էին առնում նրա ամուսնյակի հայկական ծագումը։ Սակայն, ընդհանուր առմամբ բարյացակամ մամուլը նորից սկսեց հաշվել հյուրախաղերի դոլարային արժեքը, որը, ըստ նրանց, հասնում է վեցանիշ գումարի:
Հուսանք, որ Երեւանում անցկացվող ռուսաստանյան կինոյի օրերի մասնակիցներին նույն ճակատագիրը չի սպասվում։ Չնայած, նրանց ընդունեց թե՛ հանրապետության նախագահը, թե՛ ԱԺ խոսնակը։ Սրտանց ցանկանում եմ, որ ոչ մեկի մտքով չանցնի հաշվարկել Կինեմատոգրաֆիստների միության,
Կարդացեք նաև
Ռուս-Եվրոպական կինոասոցիացիայի եւ «Պարադիզ» ֆիրմայի ծախսերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ Հայաստան հրավիրել Վերա Ալենտովային, Իրինա Մուրավյովային, Վասիլի Լանովոյին, Վլադիմիր Մենշովին, Սավվա Կուլիշին, Ռոման Բալայանին, Լեոնիդ Էյդլինին, Միքայել Թարիվերդիեւին։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ նշված կինոգործիչների մակարդակը դժվար թե վիրավորի որեւէ մեկի ինտելեկտը կամ գեղագիտական նախասիրությունները։ Ավելի էական է, որ մենք, վերջապես, դուրս ենք գալիս այն հոգեւոր, մշակութային եւ բարոյական ինքնամեկուսացումից, որում գտնվում էինք բազմաթիվ պատճառներով։ Մի քանի տարվա ընթացքում մենք հասցրեցինք ներփակվել խուլ գավառականության եւ սեփական բարդույթների աշխարհում։ Մեր մտահորիզոնը նեղացվում է օրական մեկ ժամ (էլեկտրաէներգիայի պատճառով) աշխատող հեռուստատեսությամբ եւ տեղական թերթերի «երկրորդ թարմության» տեղեկատվությամբ։ Եվ դա ոչ միայն տխուր է, այլեւ վտանգավոր։ Դրա հետեւանքով մենք, առաջին հերթին, գերագնահատում ենք սեփական նշանակությունը եւ կորցնում ենք… հումորը։ Եթե մենք կարողանանք ինքներս մեզ վերաբերվել առանց ավելորդ լրջության, ապա «պարզապես Մարիան» եւ Բրիջիտ Բարդոն, որը կոչ է անում մեր նախագահին ամորձատել անտուն կատուներին, եւ առավել եւս, ռուսաստանյան կինոյի գործիչները, մեր հոգիներում նորմալ եւ առողջ հակազդեցություն կառաջացնեն, որտեղ գլխավոր դեր չի խաղա ուրիշների գրպաններում փող հաշվելը։ Մանավանդ որ, նշված դեպքերից ոչ մեկում այդ փողը բյուջետային չէր։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ