Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների նոր համակարգը

Հոկտեմբեր 31,1995 13:19

Արդեն մի քանի տարի է՝ ինչ Հայաստանում հայտարարված է տնտեսական բարեփոխումների քաղաքականություն, որը հասարակությունն ընկալում է շատ պարզունակ ձեւով: Նրա ճնշող մեծամասնությունը հանդիսատեսի դերում է, սպասում է, թե այդ վերափոխումները երբ որեւէ արդյունք կտան։ Առկա է սպասման մթնոլորտը։ «Հանդիսատեսներին» չեն հետաքրքրում մանրամասները։ Նրանցից ուղղակի պահանջվում է սպասել մինչեւ արդյունքների ի հայտ գալը։

Անցկացվող բարեփոխումներում բաց է թողնված ամենակարեւորը՝ մարդկային գործոնը։

Պատերազմից հետո Արեւելյան Եվրոպայում եւ Ճապոնիայում Մարշալի ծրագրի իրականացման շնորհիվ կարճ ժամանակամիջոցում տնտեսությունը

ծաղկեց։ ԱՄՆ-ից այդ երկրներին տրվող օգնությունը առանձնապես մեծ չէր։ Նույն ծրագրերը՝ ավելի հղկված եւ ֆինանսական ավելի մեծ ներարկումներով, փորձում են անցկացնել Մոզամբիկում եւ Տանզանիայում, սակայն այդ երկրներում «ճապոնական հրաշք» չի ստացվում։ Կարեւոր է, թե տվյալ տարածքի ժողովուրդները որքանով են պատրաստ բարեփոխումների անցկացմանը: Միայն տնտեսության ոլորտում բարեփոխումներ չեն լինում, դա ավելի ընդգրկուն երեւույթ է, որը ներառում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները։

Պատերազմից հետո Արեւմտյան Եվրոպայում սկսվեց զարգացման ուղիների փնտրտուք, առաջացան նոր արժեքներ։ Սկսեցին ծաղկել կինոն, գրականությունը, փիլիսոփայությունը, որոնք հասարակությանն առաջադրում էին նոր հարցադրումներ եւ փորձում էին դրանց պատասխանել։ Այդ ժամանակներում սկսեց աճել կաթոլիկ եկեղեցու դերը, որը եռանդով միջամտում էր քաղաքականությանը եւ հասարակական մյուս գործընթացներին։ Տնտեսության զարգացումն այդ ընդհանուր շարժման մի ոլորտն էր, որը չի կարելի բաժանել մյուսներից։

Չիլիի բարենորոգումները սկսեցին հստակ ծրագրից, որն ավելի շատ վերաբերում էր հասարակության գիտակցության վերափոխմանը, քան տնտեսության զարգացմանը։

Սինգապուրում այնպիսի զանգվածային միջոցառումներ էին անցկացվում, որոնց նմանը չէին տեսել նույնիսկ ամենակոմունիստական երկրները։ Կազմակերպվում էին ժպտալու, քաղաքավարության, մաքրության համազգային շաբաթներ։ Գործը հասել է այնտեղ, որ արգելվեց ծամոնի ներմուծումը։ Ռուսաստանյան բարեփոխումները սկսվեցին եւ շարունակվում են մամուլի, հեռուստատեսության լայն քննարկումներով։ Կառավարության յուրաքանչյուր քայլ բացատրվում է մի կողմից եւ քննադատվում՝ մյուս կողմից։ Ռուս մարդու գիտակցությունը կտրուկ վերափոխվում է։ Փաստորեն, ծնվում է նոր ազգ, նոր մտածողություն։ Դա չի նշանակում, որ անցյալի հետ կապերը կտրվում են, ուղղակի ռուս ազգը ապրում է իր պատմության հաջորդ փուլը։

Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Այսօրվա հայ մարդը նույն սովետական մարդու հայկական տարատեսակն է։ Հայ մարդու մտածելակերպի, աշխարհընկալման, արժեքների ոչ մի փոփոխություն չի կատարվել, բացի գաղտնի ընթացող սեքսուալ հեղափոխությունից եւ անկումային տրամադրությունների աճից։ Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության նոր փուլը։ Փաստորեն, պետք է ծնվի «նոր ազգ», որը կազմված է «նոր մարդկանցից»։ Պետք է նոր մտածելակերպ։ Պատերազմ, ինքնուրույն պետականության կերտում, տնտեսական բարեփոխումներ, դրանցից յուրաքանչյուրը առանձին վերցրած հզոր փորձություն է ցանկացած երկրի համար։ Ամենուր եւ բոլոր ժամանակներում բարեփոխումները հաջորդում են ոչ միայն տնտեսական եւ կառուցվածքային, այլ բարոյական եւ արժեքային ճգնաժամերին։ Տեղի է ունենում կրոնական, տնտեսագիտական, իրավագիտական մտքի աշխուժացում։ Բարեփոխումները կյանքն է պարտադրում՝ իր հետ բերելով նոր արժեքներ եւ վարվելակերպի նոր կանոններ, որոնք դառնում են բարեփոխումների իրականացման եւ «նոր մարդու» առաջ գալուն նպաստող հիմք։

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031