Երեկ «Դրո»-ի դատավարության ամբողջ նիստը նվիրված էր ամբաստանյալ Հարմանդարյանի՝ դատարանում տված ցուցմունքների քննարկմանը: Պարզվում էին մանրամասները, ճշտվում էին դետալները, այդ թվում ամբաստանյալի ազգանունը։ Պարզվում է, նա ոչ թե Հարմանդարյան է, ինչը հետեւում է քրեական գործի նյութերից, այլ Հարմանդայան։ Իհարկե, մանրուք է, այնուամենայնիվ…
Սակայն շատ ավելի կարեւոր փաստեր երեկ այդպես էլ չճշտվեցին: Հարմանդայանը չկարողացավ հիշել, թե ով է իր ընկերներից խնդրել պահպանել այն փաթեթը, որը պարունակում էր «Դրո» կառույցի եւ «Թոփ-1» օպերացիայի փաստաթղթերը։ Ամբաստանյալի հիշողության մասնակի խավարումը կարող է նրա վրա թանկ նստել, քանի որ փաթեթը նրա դեմ գլխավոր հանցանշաններից մեկն է: Հարմանդայանը հայտարարեց միայն, որ փաթեթի բովանդակությանը ծանոթ չէ: Հիշեցնենք, որ Արծրունին նախաքննության ժամանակ իր ցուցմունքներում (որոնցից հրաժարվել է) նշել է, որ անձամբ փոխանցել է փաթեթն ի պահ Հարմանդայանին։
Երեկ հիշողությունը եւս մի քանի անգամ դավաճանեց Հարմանդայանին: Այսպես, նա չէր հիշում, արդյոք Հովիկ Մկրտչյանը խնդրելով նրան ճամպրուկ վերցնել «ծանոթից», հայտնել էր ոչ միայն նրա հեռախոսի համարը, այլեւ անունը։ Ամբաստանյալը չէր հիշում, թե ինչպես են նրա մոտ հայտնվել եւ որտեղ են այնուհետեւ անհետացել Նար-Դոս փողոցի բնակարանի բանալիները: Նա չկարողացավ մտաբերել, թե ինչպիսի տեսք ունեին իր կողմից տեղափոխվող ճամպրուկները (որոնցում, ըստ գործի նյութերի, թմրադեղեր էին):
Փոքր-ինչ այլ էր, Արծրունու հետ համեմատած, Հարությունյան եղբայրների հետ կոնֆլիկտի Հարմանդայանի մեկնաբանությունը։ Այն, ինչպես հետեւում է գործի նյութերից, դարձավ «Քերոբ» օպերացիայի դրդապատճառներից մեկը։ Ըստ Արծրունու, Հարությունյան եղբայրները, որոնց նա բարեկամաբար մի քանի անգամ օգնել էր, խնդրում էին ընդամենը 10 լիտր բենզին։ Մինչդեռ Հարմանդայանի պատմության մեջ եղբայրները ներկայանում էին
Կարդացեք նաև
որպես անխիղճ դրամաշորթներ, որոնք պահանջում էին տրամադրել իրենց մեքենա՝ այն ժամանակ հիվանդանոցում գտնվող Հրանտ Մարգարյանին այցելելու համար: Ըստ նրա, Հարությունյանները «Հրանտի տղաքն էին» եւ ավելի ուշ, երբ նա Արսենի հետ այցելեց Հրանտին, իր դժգոհությունը հայտնեց Հրանտի ստորադասների անվայել վարքից։ Մարգարյանը, ամբաստանյալի խոսքերով, խոստացավ քննության առնել խնդիրը, սակայն խնդրեց կրքերը չբորբոքել, քանի որ նրանք բոլորը, ի վերջո, մի կուսակցության զինվորներ են։
Բազմաթիվ հարցեր ծագեցին արարողակարգային մանրամասների վերաբերյալ։ Գործի նյութերում նշված է, որ Հարմանդայանը ձերբակալվել է հունվարի 5-ին, մինչդեռ իրականում ձերբակալությունը եւ խուզարկությունը կայացել են դեկտեմբերի 3-ին. այսինքն՝ այն ժամանակ, երբ քրեական գործ դեռեւս չէր հարուցվել։ Այդ առիթով դատապաշտպան Սահակյանը հայտարարեց, որ ըստ օրենքի քրեական գործը հարուցելուց առաջ Հարմանդայանին ձերբակալելն ու խուզարկելը անօրինական էր: «Կամ ես եմ սխալ մեկնաբանում օրենքը, կամ էլ հանրապետության դատախազը օրենքը չգիտի, քանի որ դեկտեմբերի 2-ին քրեական գործ հարուցելուց հետո ստորագրել է «խուզարկության մասին որոշումը»,- ասաց նա:
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ