Հայաստանում այսօր «ընդդիմություն» հասկացությանը երկու մակդիր են հատկացնում՝ «արմատական» եւ «կառուցողական», սակայն իշխանության դիրքերից տրվող բնորոշումներից առավել կարեւոր են ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերի փոխհարաբերությունները (չշտապենք դրանք կոչել համագործակցություն, դաշինքներն ու պառակտումները նոր են հասունանում): Թեպետ ակնհայտ միտումները արդեն որոշակի են՝ կուսակցությունների առաջատար դեմքերը մամուլում հրապարակային գնահատականներ են տալիս միմյանց, անցյալ են այն ժամանակները, երբ ընդդիմությունը արժեւորում էր միայն իշխանությանը։ Նախագահական ընտրությունները առաջիկայում են, իսկ քաղաքական ընդդիմությունը, եթե առաջնորդվելու է լեգիտիմ ճանապարհով, այս ընտրությունը պետք է վճռաբեկ համարի համագործակցությունների դաշտում: Ազգային ժողովի կազմավորման գործընթացը ավարտվեց՝ ընդդիմության ճամբարից լոկ երեք ուժ դարձնելով խորհրդարանական՝ ՀԿԿ. ԱԺՄ. ԱԻՄ-Ք, այն էլ խորհրդանշական թվակազմով, իսկ ՀՅԴ եւ ՀՌԱԿ-ը ներկայացվեցին մեկական անդամներով՝ «բացառությունները հաստատում են օրինաչափությունները» սկզբունքի համաձայն։
Շատերն են անհաջողությունը պատճառաբանում անմիաբանությամբ եւ չհամաձայնեցված գործողություններով։ Շավարշ Քոչարյանը պարտության պատճառները մեկնաբանեց առավել հետաքրքիր շեշտադրմամբ. «Պետք է պարզ ասել, որ մենք շատ լավ կարծիքի էինք իշխողների մասին եւ պատրաստ չէինք դրանց բոլոր արարմունքներին:
Անհրաժեշտ էր ուժով հակադրվել ուժին, իսկ եթե դրան չենք հասել, ի՞նչ է նշանակում միասին լինել» («Իրավունք», թիվ 26): Նախագահական ընտրությունները փորձաքար են ընդդիմության համար, ուստի, չնայած հնչող թերահավատության ձայներին, համագործակցություն-միաբանության հարցը վերստին օրակարգում է։ Վազգեն Մանուկյանը եւ Ռուբեն Հակոբյանը «Ազգին» տրված հարցազրույցներում լավատեսորեն են գնահատում առկա քաղաքական դաշտը՝ որպես ապացույց մատնանշելով 1992-ի ամառը, երբ
արցախյան ռազմաճակատում վտանգավոր բեկում կատարվեց, եւ ընդդիմությունը, ժամանակավորապես վեր կանգնելով ներքին տարաձայնություններից, համախմբվեց ազգային միասնական շահի շուրջ:
Կարդացեք նաև
Սակայն բարի ցանկությունների կամ տեսական հնարավորությունների արձանագրումը դեռեւս ոչինչ չի կանխորոշում։ Ռուբեն Հակոբյանը շեշտում է. «Մտահոգություն ունեմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները կարող են խանգարել սերտ համագործակցությանը՝ նկատի ունենալով մի շարք քաղաքական գործիչների պատվախնդրությունը» («Ազգ», թիվ 207): Դաշնակցության որոշ գործիչներ, ելնելով նախորդ փորձից, գտնում են, որ ՀՅԴ-ն գալիք ընտրություններին չպետք է մասնակցի անկախաբար (Հ.Տասնապետյանը առաջին նախագահական ընտրություններին դաշնակցական թեկնածուի առաջադրումը համարեց վաղաժամկետ, այսինքն՝ բնավ չարդարացված): Այս տարբերակում, սակայն, Երեւան է գալիս հեռանկարային դաշնակցի որոնման խնդիրը: Նման որոնումներն ամենաբարձր մակարդակով Բյուրո-ԱԺՄ վարչություն, կատարվել են դեռեւս ԱԺ ընտրությունների նախօրեին, բայց չափազանց զգուշավոր՝ հրաժարում-մերձեցումներով։ Այժմ հարաբերությունների դաշտում «երկրորդ փորձաշրջանն է». Հայ Դատի հրավերները Վազգեն Մա՚նուկյանի եւ վերջինիս գործուն շփումները Աթենքի, Ամերիկայի սփյուռքյան, հատկապես դաշնակցական շրջանակների հետ՝ բազմահազարանոց դահլիճներով, վկայում են շահերի հնարավոր խաչաձեւման մասին։
Չնայած իր կասեցմանը՝ ՀՅԴ-ն ազդեցիկ կառույց է՝ իր կայուն ընտրախավով (համաձայնենք, որ համամասնական ընտրակարգով ԱԺՄ-ի խորհրդարանական հաջողությունը զգալի չափով պայմանավորված էր դաշնակցության ձայներով), ՀՅԴ-ն նաեւ նյութական եւ միջազգային ազդեցության լծակների տեր է։
Իհարկե, Վազգեն Մանուկյանը, ինչպես եւ շատերը, իրենց տեսակետն ունեն ավանդական կուսակցությունների վերաբերմամբ, նրանց վերապահելով հասարակական-մշակութային գործունեության դաշտը հայկական գաղթօջախներում։ Այսինքն՝ ավանդական կուսակցությունների գաղափարական ծրագրերը Հայաստանի պետականության կայացման հայեցակետից չափազանց համեստ են գնահատվում, եթե չասենք՝ անտեսվում։ Այնուհանդերձ ՀՅԴ եւ ԱԺՄ-ն առավել հակված են դեպի փոխհամագործակցություն, եւ այդ փաստը «խանդով» է ընդունվում թե՛ գաղափարակից այլ կազմակերպությունների, թե՛ ներքին արմատականների կողմից։ Վերջիններս անվստահությամբ են վերաբերվում միավորման գաղափարին, տեսական առումով դժվար է դատել արդյունավետության մասին, իսկ գործնականում՝ առավել եւս, ազգային ընկերվարություն եւ ազգային ազատականություն, որքանո՞վ են դրանք համադրելի…
ՀՅԴ-ն ընտրություններ անցկացնելու փորձ գրեթե չունի, ԱԺ ընտրությունները բոյկոտելու գաղափարը միաժամանակ ե՛ւ պատճառ էր, ե՛ւ հետեւանք։ Փոխադարձ հետախուզումները ընթանում են, միանշանակը լոկ այն է, որ ԱԺՄ ունի թեկնածու որն ավելորդ ներկայացման կարիք չունի, եւ շարժման պայքարի հարուստ փորձ, որից զուրկ է ՀՅԴ: ՀՅԴ-ին գաղափարապես առավել
մոտ ուժերը իրենց ազդեցության ոլորտներով անհամեմատ զիջում են ԱԺՄ-ին։ Հարկավ, վերջինիս համար ՀՅԴ-ին համազոր դաշնակից գտնելը գրեթե անհնար է: ՀՌԱԿ-ը ըստ բովանդակության լինելով ազատական, ըստ արտահայտության՝ իշխանամետ է՝ տատանումների որոշ աստիճանով եւ ներկուսակցական պառակտումներով։ Ընդգծենք, որ ԱԺՄ-ն այսօր Հայաստանում կողմնակից է կառավարման վարչապետական ձեւին, այսինքն՝ խուսափելու է քաղաքականության անձնավորման թակարդից։ Հայկոմկուսը միակ ընդդիմադիր կազմակերպությունն է, որ փաստում է իր ինքնուրույն դիրքորոշումը: Սերգեյ Բադալյանը սահմանազատում է ՀԿԿ-ն «բուրժուական» ընդդիմությունից եւ իշխանությունից՝ եռանկյունու երկրաչափական պատկերով։ Ելնելով ՀՀ նախագահի Սահմանադրությամբ ամրակայված մեծ լիազորություններից՝ կոմկուսը չի կարող պաշտպանել գաղափարական հակառակ տեսակետներ ունեցող թեկնածուի։ Կոմունիստների ղեկավարի համոզմամբ հայաստանյան կուսակցությունները գերազանցապես քաղաքական խմբեր են՝ այս կամ այն հեղինակավոր դեմքի շուրջ գործող։ ԱԻՄ-Ք-ի դիրքորոշումը համագործակցության տիրույթում եւս բնավ
լավատեսական չէ։ Պարույր Հայրիկյանը վիրավորված է ընդդիմությունից, թեեւ այս բայը տեղին չէ քաղաքական բառապաշարում, սակայն հայաստանյան իրողությունները ապացուցում են, որ մեր քաղաքական վարքագիծը մեծավմասամբ հիմնված է նման զգացմունքային հասկացությունների եւ բարդույթների վրա: Հայրիկյանը չափազանց կոշտ գնահատական է տալիս որպես նախագահ՝ իր թեկնածությունը պաշտպանելու կոչն անարձագանք թողած քաղաքական կազմակերպություններին, դրանք բնորոշվում են իբրեւ ՀՀՇ-ից չտարբերակվող անձերի խմբավորումներ, տվյալ համատեքստում փոքր-ինչ հակասական է հնչում այն պնդումը, թե «նրանք մեր կրկնօրինակ» են»: ՀՀՇ-ն ԱԻՄ-Ք-ի կրկնօրինա՞կ… Հայրիկյանի հայեցակետից այսօր չլուծված միակ հարցը ԱԻՄ-Ք-ի գաղափարական նվաճումներին համարժեք պաշտոնական աստիճանակարգության հաստատումն է։ Այսպիսին է ընդդիմադիր քաղաքական ուժերի քարտեզը՝ փոփոխական սահմաններով՝ մերթ հոծ, մերթ կետագծային։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ