Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում Արա Հարմանդարյանը շարունակում էր ցուցմունք տալ։ Նա պատմեց, որ քննչական մեկուսարանի պետ Լյովա Վարդանյանն առաջին իսկ րոպեից հասկացնել տվեց նրան, որ ԱԱՊՎ-ում չեն կատակում։ Ա. Հարմանդարյանին առաջարկեցին ցուցմունք տալ, բայց նախապես բացատրեցին ինչը եւ ինչպես գրել։ Երբ ձերբակալվածը անհամաձայնության նշածներ ցույց տվեց, նրան դաժանաբար ծեծեցին, որի հետեւանքով էլ նա սկսեց ենթարկվել քննիչներին։ Որպես պարգեւատրում Հարմանդարյանը ստացավ մի բաժակ հոյակապ թեյ՝ իրեն տանջողների ձեռքից։ Որոշ ժամանակ Հարմանդարյանը շարունակում էր հնազանդվել, սակայն հունվարի 17-ից, իր նոր դատապաշտպան Ռուբեն Սարգսյանից ոգեւորված, նա համարձակություն ձեռք բերեց եւ գրեց դիմում, որում հրաժարվում էր իր նախորդ ցուցմունքներից։ Դրանից հետո չարչարանքները չշարունակվեցին եւ մինչեւ նախաքննության վերջը Հարմանդարյանը առանց արգելքների պաշտպանում էր սեփական վարկածը։
Երեկ ամբաստանյալը մանրամասնորեն պատմեց իր կենսագրության այն հատվածը, որը հիմք տվեց քննությանը՝ նրան թմրաբիզնեսի մեջ մեղադրելու: Հարմանդարյանի պատմությունը շատ չէր տարբերվում մեղադրական եզրակացությունից, բացակայում էին միայն թմրանյութերը: 94-ի հոկտեմբերին Հովիկ Մկրտչյանին Մոսկվա մեկնելու համար անհրաժեշտ էր պայուսակ, որի համար Հարմանդարյանը նրան տարավ ծանոթների մոտ՝ Նորքի 1-ին զանգված։ Այդ ծանոթների հասցեն Արան այդպես էլ չիմացավ, քանի որ սպասում էր Հովիկի մեքենայում։ Հաջորդ օրը նա Հովիկին ուղեկցեց Մոսկվա։ Ավելի ուշ Հովիկը զանզեց նրան Մոսկվայից եւ խնդրեց վերցնել ծանոթներից եւ ուղարկել մի նոր պայուսակ։ Այդ նպատակով Հարմանդարյանը կրկին գնաց Նորքի 1-ին զանգված, այս անգամ Ջաքարյանի հետ, եւ դարձյալ սպասեց մեքենայում։ Պայուսակը թողեցին Նար-Դոսի օֆիսում։ Դրանով երկու ճամպրուկների պատմությունն ավարտվեց։
Պատասխանելով հարցերին, ամբաստանյալը պատմեց, որ Արծրունու հետ նրան միացրեց Դաշնակցության հետ կապված Լիբանանի երիտասարդական միության մեջ անդամակցությունը։ Նրանք միասին աշխատում էին քարոզչական խմբում։ Սակայն պատասխանելով դատավոր Մանուկյանի հարցին, թե ինչպես էին բաշխվում նրանց պարտականությունները (այսինքն՝ ով էր ում ստորադասը) Հարմանդարյանը հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, որ դա վերաբերում է ոչ թե նրա անձնական կենսագրությանը, այլ կուսակցական աշխատանքին, որի մասին նա չի ուզում պատմել։
Դատավորին հետաքրքրում էր նաեւ Հարմանդարյանի Հայաստան տեղափոխվելու նպատակը: Լսելով այդ հարցը, ամբաստանյալն ասաց, որ հիվանդ է գրիպով եւ այլեւս չի կարող մասնակցել դատավարությանը:
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ