Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ վերաբերմունք

Հոկտեմբեր 28,1995 12:49
levon barxudaryan

Եվրամիության  անդամ-երկրներից Հոլանդիան առաջինն է, որ Հայաստան է ուղարկում կառավարական պատվիրակություն՝ ֆինանսների նախարարի գլխավորությամբ։ 24-ժամյա այցելությունն ակնհայտորեն բավարար չէ պայմանագրեր կնքելու կամ խորազնին ծանոթություններ հաստատելու համար, սակայն բացառիկ առիթ է, որպեսզի ձևավորվեն համագործակցության որոշակի հիմքեր։ Այս կարծիքին էր ե՛ւ Հերիթ Զալմը,ե՛ւ Լեւոն Բարխուդարյանը, որ երեկ հանդիպեցին լրագրողներին՝ հայտնելու իրենց գոհունակությունը, ինչպես եւ լրացնելու լրատվության բաց կետերը։

Երկու երկրների ֆինանսների նախարարները նշեցին, որ նախապատրաստվում են փոխադարձորեն շահեկան պայմանագրեր ու համաձայնագրեր։ Բացի միջկառավարական ուղղակի կապերից, Հայաստան-Հոլանդիա հարաբերություններն այլ ենթատեքստ ունեն, միջազգային վալյուտային հիմնադրամում ու համաշխարհային բանկում Հոլանդիան ղեկավարում է այն խումբը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը, եւ այդ հանգամանքը կարծես ամրագրում է հովանավորության մի պատշաճ աստիճան, որը Հայաստանի նկատմամբ որդեգրել է Եվրոպական բարեկամ երկիրը։

Բայց, իհարկե, այս՝ բարյացակամության պատճառները հայեցողական չեն, այլ խարսխված են կենսական գործոնների վրա, ինչպես նաեւ բխում են ազգային նկարագրերի ընդհանրությունից։ Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, դրամի կայունությունը, հայ ժողովրդի առեւտրական հակումներն այն երաշխիքներն են, որոնք Հոլանդիայի կառավարությանը եւ գործարարներին դրդում են Հայաստանում շահեր եւ համախոհներ փնտրել։ Պրն Զալմը հիացմունքով արտահայտվեց հայաստանյան բարեփոխումների արագության մասին։ Իբրեւ ֆինանսների նախարար՝ նա կերազեր նույն ռիթմը տեսնել նաեւ իր երկրում։ Իսկ մեր «շուկան» նա համարեց դժվար։ Ըստ նրա՝ դժվարությունն այն է, որ ներդնողները գերադասում են տեղական շուկան եւ ավելի քիչ են մասնակից միջազգային տնտեսական կապերին։ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու համար Եվրամիությունը մտադիր է մեր հանրապետությանը տրամադրել 58 մլն էքյուի վարկ, իսկ Հոլանդիան՝ 500 հազար գուլդենի մանկական սնունդ։ Ի դեպ, պրն Զալմը նշեց, որ իր կարծիքով մարդասիրական օգնությունը վարկի ձեւով հատկացնելը ճիշտ չէ։

Համագործակցության ամենաարդյունավետ միջոցը նախարարները համարեցին համատեղ ձեռնարկությունների կապերը։ Հոլանդիայի հետ Հայաստանի գործարար հարաբերություններն այժմ գլխավորում է «Հրազդանմաշը»։ Այդ փոխառնչությունները սկիզբ են առել 1988 թվականին եւ հաջողությամբ շարունակվում են։

Երկու երկրների բարեկամական հարաբերությունների մակարդակը նորովի բնույթ կստանա մի միջոցառմամբ, որը յուրակերպ լինելու հետ խոստանում է լինել նաեւ աննախադեպորեն բովանդակալի, համատեղ կնշվի Հոլանդիայում տպագրված հայերեն «Աստվածաշնչի» 500-ամյակը։ Հանդիսությունը կդառնա Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության նախանվագներից մեկը։ Իսկ ընդհանուր առմամբ Հոլանդիան օգնում եւ հովանավորում է բոլոր այն երկրներին, որոնք պայքարել են իրենց անկախության համար, այժմ էլ պայքարում են հանուն տնտեսական անկախության։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031