Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնցումների նախաբա՞նը

Հոկտեմբեր 28,1995 11:41

Ինչպես եւ սպասվում էր, սպառողական շուկան բավականին նյարդային արձագանքեց բենզինի ակցիզային նոր հարկին։ Արդեն ԱԺ-ի որոշման օրը բենզինի գինը բարձրացավ մինչեւ 4000-4200 դրամ։ Ճիշտ է, հաջորդ օրն առավոտյան գինն ընկավ մինչեւ 3800, իսկ երեկ կարելի էր տեսնել բենզին նաեւ 3200 դրամով: Մնացած «ակցիզված» ապրանքների, մասնավորապես ծխախոտի եւ ոգելից խմիչքների գները, դեռեւս մնում են կայունության սահմաններում, չնայած որոշ կետերում բարձրացել են 30 տոկոսով։ Օրինակ, այդ ճակատագիրն ունեցան «Աստրան» եւ «Պրիման»՝ հավանաբար, իր դերը խաղաց ծխախոտի այդ տեսակների պրոլետարական յուրահատկությունը։ Թանկ արտասահմանյան սիգարետները դեռեւս մնացին նույն գնին։ Բարեբախտաբար, նույնը կարելի է ասել նաեւ սննդամթերքի մասին:

Սակայն նոր ակցիզային հարկը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից եւ այսօրվա փոքր իրարանցումը դեռեւս նախաբանն է այն մեծ ցնցումների, որոնք սպասվում են տարվա վերջում: Միանգամայն կանխատեսելի է բենզինի գնի աճ եւ շղթայական ռեակցիա, որն ընդունակ է բարձրացնել այլ ապրանքների գինը (այդ թվում առաջին անհրաժեշտության): Հնարավոր է, որ այդ պրոցեսը լինի կարճատեւ եւ չհանգեցնի գների գերաճի, սակայն

մեր շուկան այնուամենայնիվ կկորցնի վերջերս նշմարվող կայունացման միտումները։ Բացի այդ, դեռեւս պարզ չէ, թե ինչպես է իրեն պահելու ակցիզից «նեղված» բենզինային մաֆիան. ձմռան նախօրեին նա դժվար թե կորցնի իրավիճակի լիիրավ տիրոջ իր դերը։ Եվ եթե ակցիզի շնորհիվ բյուջեի նախատեսվող համալրումը կարող է փոքր-ինչ տաքացնել մեր քաղքենիական սրտերը, այդ ծրագիրն իրականացնելու համար հսկայական ջանքեր են անհրաժեշտ:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031