Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսային բիզնեսը ամենաեկամտաբերն է…

Հոկտեմբեր 27,1995 20:13

Չորս հարց Երեւանի կրկեսի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին:

– Կրկեսում աշխուժություն է նկատվում, սա երջանիկ պատահականությո՞ւն է։

– Ցավոք սրտի՝ այո։ Չնայած դա այդպես չպիտի լիներ։ Կրկեսը պետք է գործեր ամեն օր, ամեն ժամ։ Չէ՞ որ այն ոչ միայն երեխաների, այլեւ՝ բոլորի համար է։

– Հուսա՞նք, որ այսուհետեւ հուսախաբ չի լինի Երեւանի կրկեսի հանդիսատեսը։

– 5-6 տարի չաշխատելուց- չգործելուց հետո, կրկեսի գմբեթի տակ արդեն ներկայացում-ծրագրերը կհետեւեն մեկը մյուսին: Նոյեմբերի 12-ին ավարտվում է թզուկների երաժշտա-էքսցենտրիկ (արտասովոր) ծրագիրը, որից հետո կհյուրընկալենք վրացական կրկեսի դերասաններին։ Իմիջիայլոց, նրանք հետաքրքիր ծրագիր են պատրաստել։ Կներկայացվի կենդանիների մի մեծ խումբ։ Այնուհետեւ մեկ այլ խումբ կհրավիրենք, որոնք կմասնակցեն ամանորի հանդեսին։ Ես պատրաստել եմ հեքիաթային բեմադրություն՝ հայկական բանահյուսության թեմաներով։ Հույս ունեմ, որ ամանորին անչափ զվարճալի անակնկալ կմատուցվի երեխաներին։

– Ինչո՞ւ անպայման Մոսկվայից հրավիրված խմբով սկսեցիք կրկեսային շրջանը։

– Մենք պայմանագիր ենք կնքել «Ռոսկրկես» միավորման հետ և քանի որ նոր-նոր ենք ոտքի կանգնում ու մի քիչ էլ գովազդը նշանակություն ունի, այդ իսկ պատճառով Մոսկվայի կրկեսային խմբով սկսեցինք բացումը։ Իսկ թզուկների ելույթները, առավել եւս Մոսկվայի, լավ են ընդունում երեխաները։

– Երբեւէ կհաջողվի՞ վերականգնել հայկական կրկեսի փառքը։

– Մենք ունենք շնորհաշատ կրկեսային արտիստների մի համաստեղություն, որոնք այսօր Մոսկվայում են, Եվրոպայում, ամենուր։ Տղաս՝ Սոսը, Փարիզի միջազգային մրցույթի դափնեկիր է, Գրան-պրիի մրցանակակիր։ Աղջիկս՝ Նաիրան (աճպարար) եւս շարունակում է մեր ընտանիքի ավանդույթը։ Իսկ ահա Էդիկ Հակոբյանը, Գասպարյան եղբայրները, Հրաչիկ Խաչատրյանը, որ «Կանազի» մշակույթի տան կից կրկեսային ստուդիայի նախկին սաներն են, Ռուսաստանում արժանացել են պատվավոր կոչումների։ Ցավոք, կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը առայժմ անհրաժեշտ աջակցություն-հովանավորություն չեն ցուցաբերում կրկեսի նկատմամբ։ Եվ որքան ինձ հայտնի է, կրկեսային բիզնեսը աշխարհում ամենաեկամտաբերներից է:

Հարցազրույցը՝ Ռազմիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031