Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծերի ժամանակակիցը լինելը հեշտ չէ

Հոկտեմբեր 27,1995 18:06
ruben aharonyan

Ռուբեն Ահարոնյանը եւ Ժան Տեր-Մերկերյանը Բախի Կրկնակի կոնցերտը կատարել էին 17 տարի առաջ՝ Երեւանում։ Նույն կատարումը օրեր առաջ հնչեց Մարսելում։ Սա այն քաղաքն է, ուր բնավորված է ֆրանսահայության բավականին հոծ մի զանգված եւ որը օթեւան է տվել Ժան Տեր-Մերկերյանին։

Ս.Վիկտոր եկեղեցու դահլիճը տեղավորել էր 1000-ից ավելի հանդիսականի։ Համերգում կատարվեց նաեւ Վիվալդիի Եռակի կոնցերտը՝ արդեն նաեւ Կոնստանտին Բաղդասարյանի մասնակցությամբ։ «Դա պատմական համերգ էր,- իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Ռուբեն Ահարոնյանը,- նման ծափողջույններ մենք վաղուց չէինք ստացել»։

Համերգի պատմականությունը սոսկ այն չի եղել, որ ֆրանսիացի ունկնդիրները լսել են հայ երաժիշտների վիրտուոզ կատարումները եւ համոզվել, որ հայ կատարողական դպրոցը չճանաչված մի բարձունք է։ Անակնկալ էր հենց ինքը՝ հայկական երաժշտությունը; Ա.Հարությունյանի կոնցերտը եւ Կոմիտասի մանրանվագները մինչեւ հոգու հատակը հուզել են աշխարհի ողջ լավը տեսած ու ըմբոշխնած մարսելցիներին։ «Որպես «բիս» մենք միշտ կատարում էինք Կոմիտասի մանրանվագները։ Հաճախ դա կրկնվում էր 5-6 անգամ»,- ասաց Ռ.Ահարոնյանը։

Հոկտեմբերի 11-22-ը տեւած համերգաշարը, որն անցել է Ֆրանսիայի հինգ քաղաքներում եւ շվեյցարական Օուշիում, մասն է եղել «Հայաստանի ճանապարհները» փառատոնի։ Այս երաժշտահանդեսը, ինչպես քաջահայտ է, մեկտարյա տեւողությամբ աննախադեպ իրադարձություն է, որը հովանավորում է ֆրանսաբնակ մի հրեա՝ Ալեն Ֆինդլինգը։ Նա եւ Ռ.Ահարոնյանը ծանոթացել են երեք տարի առաջ՝ Մոսկվայում։ Դիպվածային ծանոթությունը շարունակվել է Կամերայինի մոսկովյան համերգում եւ ամրագրվել Ֆինդլինգի առաջարկով՝ Եվրոպային ծանոթացնել հայկական արվեստին։ 1995-ի ընթացքում նրա շնորհիվ Եվրոպական համերգարշավների են մեկնել ֆիլհարմոնիկ նվագախումբը, պետական երգչախումբը, շատ մենակատարներ։ Այժմ նախապատրաստվում է Փարիզում կայանալիք Գալա-համերգը, որին ներկա են լինելու նաեւ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները։ Մինչեւ այս տարվա ավարտը Հայաստանի կամերային նվագախումբը հանդես կգա եւս 3-4 համերգով՝ արդեն Հայաստանում։ Իսկ առաջիկա ապրիլին ստեղծագործական ամփոփիչ ծրագրով կնշվի նրա հիմնադրման 30-ամյակը։

Ահա այն ամբողջ ասելիքը, որը մամուլի սեփականությունը դարձնելու համար հրավիրել էր Ռուբեն Ահարոնյանը։ Հիմա արդեն՝ մե՛ր ասելիքը։ Եթե Ահարոնյանը լիներ մի խառնակիչ անձնավորություն, ասպարեզ սողոսկած մի ապաշնորհ երաժիշտ կամ ղեկավար, երեւի ասուլիսի սրահը լիքը լիներ լրատվության ամենատարբեր միջոցների ներկայացուցիչներով, որոնցից շատերի համար կարեւորը սենսացիան է։ Բայց ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի սառնաշունչ բեմում նստած էր ընդամենը նման միջոցառումներում անվարժ մեծ ջութակահարը, ընդամենը աշխարհիկ մանրուքներից չափազանց վեր կանգնած ազնվագույն անհատը, եւ նրա հրավերը կարելի էր չընդունել։ Նրա փոխարեն գործընկերներիցս վիրավորված՝ ես մտաբերում եմ ուսանողական մեր կուռքի մասին հնօրյա բնութագրականը՝ Ռուբեն Ահարոնյանի ֆրակի փեշերից անգամ երաժշտություն է կաթկթում։ Շատ տարիներ անց հանգում եմ նույն եզրակացությանը. ահա մի մարդ, ում համար երաժշտությունը, այնուհետեւ հայրենիքը, սեփական գոյությունն իմաստավորող եզակի արժեքներ են։ Մեր առօրյան խռոված հայտնի դեպքերի մասին ուզում եմ իր կարծիքն իմանալ։ Վախվորածության ոչ մի նշույլ՝ նա համարձակ է իր կարծիքների մեջ, բայց այնքա՛ն նրբավար ու մեծահոգի։ Հարգում է վեճի բոլոր մասնակիցներին, պարզապես մեկի հետ համագործակցում է, մյուսի հետ՝ միայն բարեկիրթ հարաբերություններ պահպանում։ Հետո՞ ինչ, որ ոմանք կռվում են Ֆինդլինգի հետ, նրանից ավելին պահանջում։ Ինքն ու իր նվագախումբը գոհանում են նաեւ արվածով, առանցքային համարելով ստեղծագործելը եւ հանրության առջեւ հանդես գալը։

Խնդրում է անպայման նշել Հակոբ Մովսեսի ու նրա տեղակալների անունները, որոնք ամեն ինչով աջակցում են նվագախմբին, ու դրա մեջ սիրահարության ոչ մի երանգ չկա, հավատում ես նրա անկեղծությանը։ Ինքն էլ հավատում է հայության երաժշտական օժտվածության բացառիկությանը, միայն թե՝ հրեաները կազմակերպել ու աշխարհին ներկայանալ գիտեն, մենք նոր ենք սկսում։ Ասուլիսն ավարտվում է, բեմում շուտով տեղ կգրավեն Կամերայինի երաժիշտները։ Արդեն լավ ցրտած դահլիճում կսկսվի հերթական անհամարերորդ փորձը։ Մեծ ջութակահարն ակամայից սառած մատներն է շփում։ Քիչ առաջ ասել էր՝ կդիմանանք, երկու տարի առաջ ավելի վատ էր, հիմա թունելի ծայրում լույս եմ տեսնում։

Լույսը գերագնահատելու Ռուբեն Ահարոնյանի տաղանդը հրաշալի է, բայց նրա խնկարկած ղեկավարներն էլ պետք է վերհիշեն, որ լույսը սիրտ է ջերմացնում, բայց երաժիշտների մատներին իսկական ջերմություն է պետք։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031