Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 24-26-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տասներորդ խորհրդակցությունը։ Հանդիպման արդյունքների մասին խնդրեցինք պատմել խորհրդակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին։
Եթե անգամ այս խորհրդակցությունում չընդունվեին որոշումներ, չմշակվեին հանցավորության դեմ պայքարի իրավական հիմք հանդիսացող փաստաթղթեր, գործընկերների հանդիպումը, անձնական շփումներն իսկ լավ, բարերար հող են ստեղծում մեր համագործակցության համար՝ չարի դեմ պայքարի համատեղ գործում, ասաց նախարարը։ Անշուշտ, այս հանդիպումները խորհրդակցական բնույթ են կրում, ընդգծեց նա։ Վ. Սիրադեղյանի կարծիքով, թեեւ յուրաքանչյուր պետություն ինքն է իր ուժերով կանխում հանցագործությունները, ինքն իր հանցագործներին պիտի կարողանա պատժել, ԱՊՀ երկրների պարագան մի քիչ այլ է, մեր սահմանները բաց են եղել, հիմա եւս բաց են։ Պետական սահմանները փաստորեն փակ են պետական կառույցների համար, սակայն հանցագործ աշխարհի համար դրանք թափանցիկ են։ ԱՊՀ անդամ երկրների իրավապահ մարմիններին չափազանց դժվար է չարագործին պատժել, քանի որ նա հաջողությամբ փախուստի է դիմում Համագործակցության այլ պետության տարածք, փաստեց ՀՀ ՆԳ նախարարը։ Հենց դրա համար, այդ խնդիրների լուծումը գտնելու համար ՆԳ նախարարներս հանդիպում ենք տարին երեք անգամ, նշեց Վ. Սիրադեղյանը։
ՀՀ ՆԳ նախարարը կարեւորեց Երեւանյան հանդիպման ավարտին ստորագրված, իր խոսքերով, գլխավոր փաստաթուղթը, որի վրա աշխատանք է տարվել երկու տարի շարունակ։ Դա ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցների միմյանց տարածքում գործելու կարգը սահմանող համաձայնագիրն է։ Վ. Սիրադեղյանի խոսքերով, այդ փաստաթուղթը ՆԳ նախարարների վերջին 4 տարիների խորհրդակցությունների, որոշումների, պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է։ Այդ համաձայնագիրը կտրուկ փոխում է ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների փոխհարաբերությունները, որակապես նոր շրջան է բացում նրանց փոխգործողության մեջ։
Նախարարի համոզմամբ, հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը էապես կաճի, եթե իրագործվի կնքված փաստաթղթերի դրույթների գեթ կեսը։
Հնարավո՞ր է արդյոք ԱՊՀ միացյալ ՆԳՆ-ի ձեւավորումը։ Պատասխանելով մեր այս հարցին, նախարար Վ. Սիրադեղյանն ասաց, որ այդպիսի մարմնի ստեղծումը իրականում հնարավոր չէ։ Դա կարող է տեղի ունենալ Համագործակցության պետությունների միջեւ քաղաքական որոշման ընդունման դեպքում, որը քիչ հավանական է։ Նախարարը հիշեցրեց, որ իրավապահ ոլորտի միացյալ մարմինը կազմակերպված հանցավորության ու հանցագործությունների այլ ծանր ձեւերի դեմ պայքարի համակարգող բյուրոն է, որը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ։ Դա ավելի շուտ մեթոդական, գիտական օղակ է, որը կատարում է Ինտերպոլի ֆունկցիաները՝ ստանալ, փոխանակել տեղեկատվություն, ներդաշնակել ոստիկանական գործունեությունը։ Ուրիշ միացյալ մարմին չի ստեղծվի, հայտարարեց Վ. Սիրադեղյանը։
Գո՞հ է Վ. Սիրադեղյանը երեւանյան խորհրդակցության արդյունքներից։ Այո՛, հակիրճ պատասխանեց նա։
Կդառնա՞ արդյոք անհանգիստ հանցագործ աշխարհի կյանքը երեւանյան խորհրդակցությունից հետո։ Այն պետք է անտանելի լինի, մեր հարցին պատասխանեց Ռուսաստանի Դաշնության ներքգործնախարար, ներքին ծառայության գեներալ-գնդապետ Անատոլի Կուլիկովը։ Ի դեպ, ՌԴ նախարարն առանձնահատուկ նշեց խորհրդակցության կազմակերպական բարձր մակարդակը։ Ա. Կուլիկովի խոսքերով, դրան մեծապես նպաստեց ՀՀ նախարարի նախագահությունը համաժողովում, որի շնորհիվ հնարավոր եղավ մանրակրկիտ քննության առնել օրակարգի բոլոր հարցերը։
Տիգրան ԼԻԼՈՅԱՆ