Պետական մենաշնորհները գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Կարեւոր կենսական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, հացը, կապը, ջուրը, եւ այլն, այսօր վերածվել են տնտեսական զարգացման խոչընդոտների։ Անհասկանալի եւ դրանով իսկ կասկածելի են այս ոլորտներում գնագոյացման մեխանիզմները: Իհարկե, շատ զարգացած երկրներում այս ոլորտները, հատկապես էներգետիկան, առավելապես պետական են: Բայց անցումային հասարակություններում, երբ ժողովրդավարական հաստատությունները դեռ կայացման փուլում են և, հետևաբար, կաղում են վերահսկողության մեխանիզմները, պետական մենաշնորհը շատ վտանգավոր է: Ըստ երեւույթին նպատակահարմար կլիներ շուկայական մրցակցության մեխանիզմներ ներմուծել այս ոլորտներ։ Պետք է բաժանել այս ոլորտները տարբեր սուբյեկտների միջեւ եւ մի մասը սեփականաշնորհել։ Կարող են ստեղծվել մի քանի կիսապետական ձեռնարկություններ, պետության մասնակցությունը լիովին վերացնելու հեղափոխական ուղուց խուսափելու համար։ Սրանով կվերանան մոնոպոլ գները, որը դրականորեն կազդի թե՛ բնակչության կենսամակարդակի, թե՛ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վրա:
Մենաշնորհների դեմ պայքարը նաեւ պայքար է կոռուպցիայի դեմ, որովհետեւ մենաշնորհը իր ներքին տրամաբանությամբ ուղղակի պարտադրում է կոռուպցիա: Լեգալ մենաշնորհների վերացումը կնպաստի նաեւ անլեգալ, ստվերային մենաշնորհների վերացմանը։ Այնպես որ, խոսքը ոչ միայն նշված ոլորտների, այլեւ ողջ տնտեսության առողջացման մասին է: Ցավոք, հակամոնոպոլ օրենսդրական համակարգ չկա, առայժմ կա միայն գերշահույթը արգելող օրենք։ Խորհրդարանը, երեւի ոչ այնքան իդեալական դրդապատճառներով, առայժմ ձեռնամուխ չի լինում հակամոնոպոլ օրենսդրության ձեւավորմանը: Դրանով, փաստորեն, մնացած բոլոր նոր տնտեսական օրենքների գործունեությունը դրվում է հարցականի տակ։
Վերջապես մեկը պետք է վճռականություն ցուցաբերի եւ վերջ տա
այս արատավոր շրջանին։ Քաղաքական իշխանության կենտրոնացումը կարող է արդարացվել միայն տնտեսության ապակենտրոնացմամբ։ Սա է հասարակության մեջ զարգացման տրամաբանություն ներմուծելու ճանապարհը:
Կարդացեք նաև
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ