Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամները կդառնա՞ն ՀՀ քաղաքացիներ

Հոկտեմբեր 27,1995 11:23

Երկար սպասված «Քաղաքացիության մասին» օրենքը, որն օրերս ընդունվել է Ազգային ժողովի կողմից, մի շատ հետաքրքրական կետ ունի. քաղաքացիություն ստանալու մասին դիմումը մերժվում է այն դեպքում, եթե տվյալ անձը անդամակցում է մի կազմակերպության, որի գործունեությունն արգելված է ՀՀ օրենքով։

Կասկած չկա, որ օրենքի այդ պահանջը արդեն մոտ ժամանակներս կարող է որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատկերացնենք, օրինակ, որ հանրահայտ «Դրո»-ի դատավարության արդյունքում Գերագույն դատարանը կկարողանա ոչ միայն ապացուցել ներկայացված մեղադրանքների ճշմարտացիությունը, այլեւ ՀՅԴ-ի եւ «Դրո» կառույցի անմիջական կապը։ Նման ելքի դեպքում հանրապետության իրավասու մարմինները ստիպված կլինեն արգելել Դաշնակցության գործունեությունը Հայաստանի տարածքում։ Թվում է, թե (կրկնում ենք, դատավարության նման ընթացքի պարագայում) այդ քայլը տրամաբանական կլինի: Սակայն, դրանով իսկ քաղաքացիություն ստանալու իրավունքից ընդմիշտ կզրկվեն Սփյուռքի մեր այն հայրենակիցները, որոնք, ոչ մի կապ չունենալով սպանությունների կամ թմրաբիզնեսի հետ, այնուամենայնիվ, ՀՅԴ անդամ են։ Ավելին, Հայաստանի քաղաքացի չեն լինի Հայաստանում եւ Արցախում բազմաթիվ ազնիվ եւ նվիրված դաշնակցականներ։

Ստացվում է, որ այդ մարդիկ (եթե, իհարկե, նրանք տվյալ գաղափարախոսության սկզբունքային կողմնակիցներին են) կտուժեն միայն իրենց քաղաքական հայացքների պատճառով։ Կամ, ավելի վատ, ստիպված կլինեն թաքցնել իրենց իրական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը։ Թեեւ Դաշնակցության համար այդ կարգավիճակն արդեն իսկ գոյություն ունի (կա այսպիսի            հասկացություն՝ «չբացահայտված դաշնակցական»), երկու ելքն էլ պատիվ չեն բերի մեր պետությանը եւ չեն նպաստի համազգային միասնության ձեւավորմանը։

Հավանաբար, իրենք դաշնակցականները, համենայնդեպս նրանց առավել առողջ մասը, դա շատ լավ հասկանում է: Պատահական չեն վերջերս հաճախակի դարձած արտահայտությունները ներկուսակցական վերակառուցման մասին։ Խոսվում է նաեւ Հայաստանում ինքնուրույն կուսակցական կազմակերպություն ստեղծելու մասին, որը կապված կլինի ՀՅԴ արտասահմանյան կառույցների հետ միայն եւ միայն «բարեկամական» կապերով։ Այդ առիթով հիշատակվում է դաշնակցականների վաղեմի ախոյանների՝ ռամկավարների դրական փորձը:

Թվում է, սակայն, որ այդ խնդիրը չի սահմանափակվում զուտ կազմակերպչական, կառուցվածքային պահերով, թեեւ դրանք, օրենքի տեսակետից, անչափ կարեւոր են։ Ի վերջո, խնդիրն այն չէ, կկարողանա՞ արդյոք ՀՅԴ-ն կուսակցական շինարարության օրինական հնարավորություններ գտնել պատմական հայրենիքում։ Դա, ինչպես ասում են, տեխնիկական խնդիր է։

Չենք ուզում կրկնել ծամծմված ճշմարտություններն այն մասին, թե Դաշնակցությունը չի համապատասխանում քաղաքական կուսակցության ժամանակակից պատկերացումներին։ ՀՅԴ-ն, իմ կարծիքով, ակնհայտ անախրոնիզմ է, որի ժամանակն անցել է եւ որը դարձել է առասպել։ Մի խոսքով, քաղաքական դինոզավրի նման մի բան: Սակայն այդ գնահատականները ոչ մի ձեւով չեն կարող վերաբերել գաղափարախոսությանը, սոցիալիստական գաղափարախոսությունն ամենատարբեր դրսեւորումներով երեկ չէ, որ ծնվել է եւ վաղը չէ, որ կվերանա։ Ճիշտ նույն ձեւով, ազգայնականությունը, որն առաջացել է ազգերի ձեւավորմանը զուգահեռ, երբեք չի անհետանա աշխարհի երեսից՝ դժվար թե երբեւիցե ազգերը միաձուլվեն մեկ ընդհանուր ընտանիքի մեջ։ Հետեւաբար, այդ երկու գաղափարների սիմբիոզը՝ նացիոնալ-սոցիալիզմը, որն ընկած է Դաշնակցական քաղաքական մենթալության հիմքում, ապրելու է տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ։ Դեռեւս ոչ մեկին չի հաջողվել հաղթել որեւէ գաղափարախոսություն՝ այն արգելելով։

Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները նման միամիտ եւ ֆանտաստիկ խնդիր իրենց առջեւ չեն դնում։ Ակնհայտ է, որ եթե Դաշնակցությունը չղեկավարվի դրսից եւ հրաժարվի քանդող, հեղափոխական գործելակերպից, այսինքն՝ վերածվի սովորական պառլամենտական կուսակցության, իշխանավորները դժվար թե հիմքեր ունենան ՀՅԴ-ի խնդիրը սրելու: Այդ առումով, բնորոշ է կոմունիստների օրինակը։ Հավանաբար, Հայաստանի, ինչպես եւ ԱՊՀ երկրների այլ ղեկավարները, նրանց նկատմամբ բուռն համակրանք ունեն։ Բայց կոմունիստները այս կամ այն չափով կարողացել են վերափոխվել։ Համենայնդեպս, նրանք կոչ չեն անում գոյություն ունեցող կարգերի բռնի տապալմանը եւ նրանց կարոտախտային հոգոցները Խորհրդային Միության մասին բացահայտ վնաս դեռեւս չեն բերում։ Կամա թե ակամա, կոմունիստները սովորում են հարմարվել այն ժամանակին, որում ապրում են։ Այդ է պատճառը, որ կոմկուսին եւ կոմունիստական իդեալների ջատագովներին չի սպառնում քաղաքացիություն չստանալը։

Այդ հանգամանքը պետք է շատ բան բացատրի շարքային դաշնակցականներին, որոնք, փաստորեն, զոհ դարձան իրենց կուսակցական «բոսերի» քաղաքականությանը, քաղաքական պայքարի մասին նրանց միջնադարյան պատկերացումներին եւ համազգային բացարձակ առաջնորդ դառնալու անհիմն հավակնություններին։ Եվ այսօր շարքային դաշնակցականները պետք է պատասխանեն մի հարցի. ովքեր են նրանք՝ կուսակցության չմտածող զինվորներ, թե, առաջին հերթին սեփական ժողովրդի զավակներ։

Հայտնի է, որ նույնիսկ այսօր դաշնակցական միջավայրում ընդունված է հետեւյալ արտահայտությունը. «Եթե հայ ես ծնվել, ուրեմն դաշնակցական ես»։ Գուցե կուսակցական տեսակետից այդ աֆորիզմը գեղեցիկ է հնչում, սակայն, ըստ էության, այն զրկում է ոչ դաշնակցական հայերին ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ կարեւորը ոչ թե արյունն է, այլ «կուսակցական տոմսը»։ Կարո՞ղ է արդյոք նման տրամաբանությունը գոյատեւել ազգային պետության մեջ…

Ա. ԼԵՎՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031