Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակներն առաքինության համար են

Հոկտեմբեր 26,1995 19:04

ՄԱԿ-ի կեսդարյա հոբելյանին մասնակցում են 150 պետությունների ղեկավարներ։ Պետությունը մնում է հասարակության կազմակերպման լավագույն  ձեւը, ինչպես 1000, 2000, 5000 տարի առաջ։ Նույնն են նաեւ լավագույն պետության մասին մարդկության պատկերացումները:

Հազարամյակների հոլովույթում չհնանալով ապրում են յոթ իմաստունների անունները, որոնք մեկական նախադասությամբ բանաձեւել են պետության իրենց ընկալումը։ Հին աշխարհում կրթված մարդիկ քիչ էին, ուստի կարող ենք նկատել, որ նրանց իմաստնությունն ամփոփվում էր քչաթվության թվում լինելով։ Այդուհանդերձ՝ յոթ իմաստունները մի բացառիկ մենաշնորհ ունեն՝ հասու էին անցյալի հոգեւոր ողջ ժառանգությանը, որից միայն ծվեններ են մեզ հասել։ Նրանք, ապրած լինելով մ.թ.ա. 600-ական թվերին, իրենց կենսագրությամբ գրեթե կիսում են պետության 5000-ամյա պատմությունը։ Ինչպես մենք ենք հիմա քննադատաբար վերլուծում մեզ նախորդած երկուսուկես հազարամյակի իրողությունները, այնպես էլ նրանք էին հասկանում իրենց ծննդին նույնքան ժամանակ նախորդած անցքերն ու երեւույթները։ Հետեւաբար, յոթ իմաստունները կամրջում են պետության երկու վիթխարի շրջափուլերը եւ հենց միայն դրանով արժանի են ժամանակակից մտածողների ուշադրությանը։

«Ո՞րն է լավագույն պետությունը» հարցին մ.թ.ա. 7-րդ դարի իմաստուն Պիտտակոսը պատասխանել է. «Որտեղ անհնարին է, որ վատերը իշխեն, եւ անհնարին է, որ լավերը չիշխեն»։ Պետության որակը նա նույնացրել է իշխողների որակին։

Ըստ էության՝ լավերի իշխելն ու վատերի չիշխելը համարժեք են։ Դիտարկենք պատասխանի 2-րդ մասը՝ անհնար է, որ լավերը չիշխեն։ Լավի սահմանն անվերջորեն կարելի է ձգել՝ այնտեղ պարփակելով մարդկային պատկերացումներից բարձրագույնները՝ լավերը, այսինքն, խելոքները, ազնիվները, առաքինիները, տաղանդավորները, խիզախները, մեծահոգիները… Ահա պետություն, ուր հիշյալ արժեքները պետք է հաղթանակելով ծավալվեն։ Իսկապես, մի՞թե դա չէ լավագույն պետությունը՝ արատներ չկան, կան միայն ոգեղեն հարստություններ։ Ոչ, ասում է Թալես իմաստունը, լավագույն պետությունն այն է, «որը ոչ չափից ավելի հարուստներ եւ ոչ չափից ավելի աղքատներ ունի»։ Նա կարեւորում է արդարության ու հավասարության սկզբունքը, բայց դրանց հասնելու համար եւս հասարակությանը պետք են խելք, ազնվություն եւ վեհանձնություն։ Բիաս իմաստունը խստորոշ սահմանումների կողմնակից է. «Բոլորը օրենքից, ինչպես բռնակալից, վախենում են»։ Սա անազատ հասարակություն է։ Գերակայողը վախն ու սարսափն են, որոնք չես կռահի, թե ինչի կհանգեցնեն։ Չէ՞ որ օրենքները կարող են մեկի քմահաճույքը լինել։ Բայց եթե մի պետության մեջ 50 տարի արդար օրենքներ իշխեն, վսեմ արժեքների երկունքը կդառնա անխուսափելի։ Սարսափը կբացակայի, մտքի թռիչքը կվերածվի հոգու վայելքի։

Սոլոն իմաստունի համար լավագույն    պետությունն    այն   է, «որտեղ հանցագործը՝ թե՛ բոլոր նրանց կողմից, ում ոչինչ չի արել, եւ թե՛ այն մեկի կողմից, ում վնաս է տվել, կմեղադրվի ու կպատժվի»։ Այս պետությունում անտարբեր մարդ չկա։ Կան հստակ օրենքներ եւ դրանք ստեղծած, դրանք անշեղորեն կիրառող քաղաքացիներ։ Նրանք առաքինության ոչ մի սայթաքում թույլ չեն տա։ Պետության նախանձելի նմուշօրինակ։ Իսկ Քլեոբուլոս իմաստունի քաղաքացիները «կշտամբանքից ավելի են վախենում, քան օրենքից»։ Սա Բիասից մի քայլ առաջ է։ Օրենքը վաղուց հաղթանակել է, նրանով այլեւս չեն ահաբեկում, փոխարենը սովորական մի կշտամբանք կարող է այնպես խոցել, ասես օրենքի նախասկզբնական ուժն ունի։

Հասարակական փոխհարաբերությունները խարսխված են հոգեկան նրբագույն արժեքներին։ Լսենք նաեւ Քիկոն իմաստունին, «նրա» պետությունում «ավելի շատ օրենքներին եւ ամենաքիչը ճառախոսներին են լսում»։ Որքան պետք է կայուն լինեն պետաիրավական հասկացությունները, որպեսզի պոռոտախոսությամբ աչք ու ականջ շլացնելը մարդկային գիտակցության մթին ծալքերում անգամ չգոյատեւի։  Իսկ եթե անգամ գտնվի մի դատարկախոս կամ զազրամիտ, չգտնվի մեկը, որ նրան անսա:

Յոթ իմաստունները այսպես են շարունակում՝ լավագույն պետությունն այն է, որտեղ «ամենաշատ մրցանակները առաքինության համար են», այնտեղ լավերին մեծարում են, վատերին՝ դիմադրում եւ կամ՝ քաղաքացիները կառավարողներին են հնազանդվում, կառավարողները՝ քաղաքացիներին։

Բոլոր պատասխաններում ձգվում է օրենքի ու արդարության մարգարտաշարը, որը 2500 տարի է՝ գինը չի կորցնում։ Ներկա աշխարհակարգը աչքի է ընկնում պետական կառուցվածքի ու բովանդակության բազմազանությամբ։ Հայկականն այդ շարքում դեռ միայն տարուբերվում է։ Խոր պատմականը, ավանդականն ու ժամանակակիցը համադրելը նրա ամրապնդման միջուկային պայմանն է լինելու։ Մոլորակի ամենակազմակերպված ու հղկված պետություններն իսկ մաֆիայի, ահաբեկչության, գործազրկության, թմրամոլության հիմնախնդիրներ ունեն, ուր մնաց մենք, որ 3-րդ հազարամյակին ենք մղվում տարերային աղետի անսպեղանի վերքերին գումարած ունենալով անփորձության մեր հանդուգն պաշարները։ Բայց մեր պատմությունը մի կարեւորագույն դաս է տվել, մրցանակներն, իրոք, առաքինության համար են։ Ուրեմն, այժմ պիտի այնպիսի պետություն կերտվի, ուր մրցանակներն ու տերերը միմյանց անսխալ գտնեն, եւ հրաշագործության այդ պահի մասնակիցները հասարակության բոլոր անհատները լինեն։ Եվ այս բոլորը՝ գոնե առաջիկա երկուսուկես հարյուրամյակում։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031