Հիմա նաեւ գուշակությունների դար է։ Ոչ միայն՝ ինչ կլինի մեկ տարի հետո, յոթ տարի հետո, քառասուն տարի հետո, այլ մեկ ժամ հետո, յոթ ժամ հետո, մեկ օր հետո, յոթ օր հետո… Եվ այդ ամենը կախված է, թե ինչ եղանակ է խոստանում Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունը։ Արդեն քանի օր, որ ամիս կկազմի, դեռ մի երկու ամիս էլ ավելի, Երեւանի ռադիոն, հեռուստատեսությունը կոկորդապատառ ազդարարում են, որ ավելի շատ Ալլա Պուգաչովան եւ Ֆիլիպ Կիրկորովը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին բացառիկ համերգով հանդես են գալու Երեւանում։ Հրաշալի է: Եվ հատուկ շեշտվում է, որ… Երեւանի հիդրոմետծառայությունը խոստանում է բացառիկ հրաշալի եղանակ՝ հայկական բացառիկ աշնանային լավ տրամադրությամբ։ Պետք է միայն շտապել «Հրազդան» ՝ վայելելու Պուգաչովայի երգը եւ հայոց աշնանային բերքը… Քանի որ մեր օդերեւութաբանները նախատեսել էին ու հեռուստատեսությունն էլ վստահորեն ասել էր, դրա համար էլ ո՛չ քամիները, ո՛չ սառը անձրեւները, ո՛չ ձյան փաթիլները չհամարձակվեցին… հերքել խոստումը։ Իրոք՝ լավ եղանակ։ Բացառիկ համերգ ու բացառիկ լավ եղանակ։
Իհարկե, մենք պարտավոր ենք շարունակել մնալ հյուրընկալ ժողովուրդ, հայոց արեւով ընդունել, պահել ու ճանապարհել մեր հյուրերին, դեռ շաբաթներ առաջ խոստանալ լավ եղանակ։ Բայց ինչո՞ւ չենք մի քիչ էլ մեր մասին մտածում։ Ինչո՞ւ մեր հիդրոմետ ծառայության աշխատողները չեն փորձում լավ եղանակ ապահովել նաեւ մեզ՝ տեղաբնակներիս համար։ Էսպես են ասում, որովհետեւ նրանց անփութության, անհոգության պատճառով, մանավանդ վերջին ձմեռները լինում են սաստիկ ցուրտ, մառախուղ։ Ցուրտը ներխուժում է ոչ միայն մեր հանրապետություն, այլ նաեւ մեր փողոցները, աշխատավայրերը, բնակարանները, ուր ստիպված ենք շարունակել ապրել։ Մի մտերմիկ հարց եմ ուզում ուղղել մեր սիրելի եղանակագետներին, ավելի ճիշտ՝ տրամադրող, հաճելի եղանակ ապահովողներին.
– Ի՞նչ է, պարտադիր պետք է հյուրեր, Ալլա-Ֆիլիպ երգազույգի պես թանկ հյուրե՞ր լինեն, որ լավ եղանակ ապահովեք։ Դիմացը նաեւ ձմեռ է, մտածեք նաեւ սեփական ժողովրդի համար՝ նրան խոստացեք եւ ապահովեք տաք, հաճելի, տրամադրող… ամառային, թեկուզ աշնանային եղանակ։ Ով շնորհակալ չի լինի։ Ձեր շնորհքը էլ ո՞ր օրվա համար եք պահում։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ