Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնյալ մարդկանց կարգավիճակը

Հոկտեմբեր 26,1995 15:54

Մարդու կարեւորագույն հատկանիշներից մեկը, որ նա ժառանգում է սերնդեսերունդ, նրա պաշտպանական բնազդն է: Բնության եւ միջավայրի փոփոխվող պայմաններում նա ձգտում է ապահովության։ Անպաշտպան լինելու վախը հաղթահարում է ամենատարբեր եղանակներով։ Մարդը ձգտում է կայունության։ Կայունությունը նրա համար ապրելու ու գործելու հարմար միջավայր է: Հասարակական եւ անհատական պաշտպանական համակարգերը ստեղծվել են շատ վաղուց եւ անընդհատ կատարելագործվել են։ Բոլոր ժամանակներում եւ բոլոր պետություններում կար հասարակության մի շերտ, կային առանձին անհատներ, որոնք օժտված էին որոշակի արտոնություններով։ «Բոլորը օրենքի առջեւ հավասար են» կարգախոսը միշտ գործել է որոշակի վերապահումներով: Հետխորհրդային շրջանում աշխարհագրական, հսկա տարածքի վրա ձեւավորվել ու հաջողությամբ գործում է պաշտպանվածության մի նոր ինստիտուտ՝ պատգամավորական մանդատ։ Սա այն արտոնությունն է, անձեռնմխելիության այն կարգավիճակը, որ թույլ է տալիս խուսափել արդարադատությունից։ Նրանք օրենքի առջեւ հավասար են մի այլ, ուրիշ հավասարությամբ։

Ռուսաստանի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Գայդանովը, որը ի դեպ այդ պաշտոնին մնաց մի քանի օր, առաջնային համարեց զգուշացնել ռուս ընտրողին, որ գրանցված թեկնածուների մեջ կան բազմաթիվ հանցագործներ, կաշառակերներ, մարդասպաններ։ Օրենքը, նրանց թույլ է տալիս պատգամավոր դառնալ, եւ դատախազը կարող է միայն զգուշացնել…

Ձեւավորված դեմոկրատական հասարակարգ ունեցող երկրներում այս երեւույթը գրեթե բացառվում է: Քրեական տարրը ԱՄՆ-ում երբեք չի դառնա կոնգրեսի անդամ, նրան պարզապես չեն ընտրի, իր հերթին կոնգրեսը չի հանդուրժի նման մարդու ներկայությունը: Մեր իրականության մեջ հաճախ ենք հանդիպում (ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում), երբ խորհրդարանում քրեական գործ հարուցելու թույլտվության միջնորդությամբ հանդես եկող դատախազին մերժում են։ Շատ դեպքերում այդ մերժումը կրում է համերաշխության բնույթ: Դատախազության ներկայացրած ամենածանրակշիռ փաստերը անգամ, հիմք չեն տալիս «կողմ» քվեարկելու, որովհետեւ վաղը այդ խնդիրը կարող է ծագել իրենց առաջ։

Պետդումայի պատգամավոր Մարկ Գորյաչեւը Ռուսաստանում գործող մի կոմերցիոն բանկից վերցրել է 1.5 միլիարդ ռուբլի վարկ։ Այժմ այդ թիվը

տոկոսների հաշվին հասնում է 3 միլիարդի: Պատգամավորը չի պատրաստվում վերադարձնել այդ գումարը, որովհետեւ նա անձեռնմխելի է: Օրենքը նրա առջեւ անուժ է:

Ինչպես նշում են մոսկովյան մեկնաբանները, պառլամենտի խոսնակ Ռիբկինը այդ դեպքերում միայն կարեկցում է վարկատուներին։

Հայ ընթերցողին դեռեւս խորհրդային պառլամենտից քաջ հայտնի Ս. Ստանկեիչը, ըստ դատախազության տվյալների, մեղադրվում է 10 հազար ամերիկյան դոլար կաշառք վերցնելու մեջ, սակայն այժմ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի կարգավիճակը նրան ապահովագրում է:

Նախընտրական  պայքարը քաղաքական ակցիա լինելուց բացի, նաեւ հարաբերությունների պարզման եւ ինքնաապահովագրման շրջան է։ Հիշեք Հայաստանում մինչեւ հուլիսի 5-ը ընկած ժամանակաշրջանը։ Շատերը խաղում էին բաց խաղաթղթերով։ Պատգամավորական անձեռնմխելիության էր ձգտում նոր ձեւավորվող լիբերալ-բուրժուազիան՝ ապահովագրելով իրեն բոլոր անկայունություններից ու հնարավոր անհաջողություններից։ Անձեռնմխելիության էին ձգտում բացահայտ քրեական տարրերը, «թաղի տղերքը» եւ այլն։ Ոմանց դա հաջողվեց, մյուսներին՝ ոչ։ Սակայն մեզ մոտ ոչ մեկը ոչինչ չզգուշացրեց՝ հնարավոր հետեւանքների մասին։ Ռուսաստանի գլխավոր դատախազը պնդում է, որ մեկուսարանից ընտրարշավ վարող թեկնածուն մեղադրվում է մի քանի սպանություններ կատարելու մեջ։ Սակայն ընտրողներին հուշանվերներ բաժանող նրա համախոհները ավելի ազդեցիկ են:

Խորհրդարանական անձեռնմխելիության գաղափարը որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի: Իրավաբանորեն այսօր այն իրեն չի արդարացնում։

ԱՄՆ-ում 1977-87թթ. ընթացքում 21 օրենսդիրներ պատժվել են կաշառակերության համար։ 1990-91թ. 7 կոնգրեսականներ մեղադրվել են պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Մենք դեռ Ամերիկա չենք։ Նախկին խորհրդային հանրապետություններում, նաեւ Հայաստանում, սոցիալական-ընկերային վիճակը թույլ չի տալիս կուրորեն հետեւելու միջազգային պրակտիկային

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031