Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրավը» գրավ դրվեց

Հոկտեմբեր 26,1995 14:46

ԱԺ եռօրյայի վերջին չորեքշաբթին խոստանում էր նախորդ օրվա դռնփակ նիստերի բացում եւ ցանկալի տեղեկատվության հոսք։ Օրվա ամենաբնորոշ հատկանիշը կառավարության գործուն մասնակցությունն էր՝ ամենաբարձր մակարդակով։ 10.00-ին երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» նախագիծը պետք է դրվեր քվեարկության: Թեեւ պետք է նշել, որ այդ քննարկումները հետաքրքրում էին ոչ բոլոր պատգամավորներին, այլ նրանց մի մասին։ Դռնփակ նիստերի ընթացքում միջանցքները խիստ բազմամարդ էին՝ ըստ երեւույթին տվյալ օրենքի նախագծի հանդեպ դիրքորոշումները տարբերակվում էին՝ կախված պատգամավորի ծննդյան եւ ընտրվելու վայրից, գրաված պաշտոնից եւ մասնագիտական շահերից։ Սակայն վարչապետի գալուստը կանխորոշեց քվեարկության ճակատագիրը, պետաիրավական հանձնաժողովը եւ շահագրգիռ պատգամավորները, առանց իրենց առաջարկների ամրակայման, ակնհայտորեն համաձայն չէին թեկուզ առաջին ընթերցմամբ ընդունելու ՀՀ 10+1 մարզային բաժանման տարբերակը։ Վարչապետի ելույթից հետո Բաբկեն Արարքցյանի կողմից նիստը բացվեց, եւ հայտնի դարձավ, որ Հ. Բագրատյանը եւ պետաիրավական հանձնաժողովը 10 րոպեանոց խորհրդակցությունից հետո կհայտնեն իրենց միացյալ կամքը։ Բնականաբար 10 րոպեն խորհրդանշական թիվ էր, ցանկալի փոխհամաձայնություն կնքելու համար ՀՀ վարչատարածքային բաժանման նախագծի քվեարկությունը հետաձգվում է հաջորդ եռօրյա։ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նման մոտեցման արդյունքում փաստաթուղթը կընդունվի միանգամից։ Պետք է ենթադրել, որ հայրենակցական եւ պաշտոնամետ լոբբին իր լծակները գործի դնելու ժամանակ ստացավ։

Այնուհետեւ   ԱԺ  ձեռնամուխ եղավ «ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկում-քվեարկությանը, որն ընդամենը խմբագրական հավելում էր՝ կապված ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական։ հարցերի մշտական հանձնաժողովի անվան հետ: ԳԽ-ում «տնտեսական» բառը բացակայում էր։ Արագ վավերացվեց նաեւ «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման մասին» ՀՀ օրենքում կատարված խմբագրական փոփոխությունը։

«Գրավ» հասկացությանը վերաբերող երկու օրենք կար այս եռօրյայի օրակարգում, մեկը վերաբերում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությանը, որն արագորեն ընդունվեց, իսկ մյուսն արդեն առավել գործնական խնդիր էր շոշափում։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը առաջարկում էր գրավի մասին պայմանագրերի նոտարական կարգով վավերացման ու գրանցման համար գանձվող տուրքի չափը կայունացնել ՀՀ նվազագույն աշխատավարձի եռապատիկին հավասար, այսինքն՝ 1500 դրամ գումարի սահմաններում։ Այսօր այդ տուրքի չափը հավասարազոր է գրավ դրվող առարկայի արժողության 5 տոկոսին։

Նախագիծը ներկայացնող Արմեն Եղիազարյանը կարճ, սակայն կյանքից բխող օրինակով փաստեց՝ 100 մլն արժողությամբ գրավ ձեւակերպողը նոտարական գրասենյակին 5 մլն տուրք պետք է տա: Բնական է, որ տնտեսական առումով նման «անձնազոհ» քայլի քչերը կդիմեն, մատուցվող ծառայության քանակի եւ որակի անհամապատասխանությունն ակնհայտ է: Գրավադրման գործարքը, հարկավ, պետության մենաշնորհն է եւ այս որոշումը ընդունելու դեպքում պետքյուջե մուտք գործող գումարները կպակասեն, սակայն, ինչպես վկայեց Արմեն Եղիազարյանը, ելնելով իր նախարարական փորձից, բյուջե այս ճանապարհով ոչ մի էական գումար մինչ այսօր մուտք չի գործել, ակնկալիքներ կային ու կան, բայց արդյունքներ՝ ոչ։ «Ազնիվ» եւ «շիտակ» լինելու կոչերը հնչեցին նաեւ մյուս ելույթ ունեցողների շուրթերից։ Արտաշես Թումանյանը, Խոսրով Հարությունյանը հավաստեցին, որ 5 տոկոսանոց տուրքի որոշումը նախորդ ԳԽ-ի հապճեպ, վերջին շնչում վավերացված փաստաթուղթ է: Եթե այն գործեր, նորմալ սուբյեկտները դժվար թե վարկեր վերցնեին։ Նոտարական գրասենյակը պետական բիզնեսի աղբյուր դարձնելը արդարացված չէ: Նույն կարծիքի էր նաեւ «Բարեփոխումներ» խումբը։ Իսկ տնտեսական հարցերի շուրջ գործուն բանավեճեր ծավալող Վ. Խաչատրյանը հակադրվեց՝ վկայակոչելով այս որոշման «հակակառավարական», հակաբյուջետային ուղղվածությունը։ Բաբկեն Արարքցյանը, բովանդակային տեսանկյունից համամիտ լինելով, առաջնորդվեց Սահմանադրության, այսինքն՝ օրենքի սրբազան տառով, առանց կառավարության եզրակացության՝ որոշումներ կայացնելն անհնար է հատկապես որ «թվերը վտանգավոր բաներ են»։ Անգամ Արմեն Եղիազարյանի անձնական բանակցությունները կառավարության հետ, որի արդյունքում ծնվեց փոխզիջում՝ տուրքի 5 տոկոսն իջեցնել մինչեւ 1 տոկոս, իրադրությունը չփոխեց։ Նման փոխզիջումը սկզբունքային պատգամավորներին չէր բավարարում։ Այս որոշումը եւս հետաձգվեց հաջորդ եռօրյա։ Սպառելով օրակարգի բոլոր հարցերը՝ ԱԺ-ն 13.00 ավարտեց իր աշխատանքային օրը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031