Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստը տպավորիչ «թիկնազոր» ուներ

Հոկտեմբեր 26,1995 13:36

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում հերթը հասավ 7-րդ ամբաստանյալ, Լիբանանի քաղաքացի Արա Հարմանդարյանին։ Նա մեղադրվում է ավազակախմբի անդամ լինելու եւ թմրաբիզնեսի մեջ։ Հարմանդարյանը, ինչպես եւ իր ընկերները, իրեն մեղավոր չի համարում, սակայն ի տարբերություն նրանց, ոչ մի նախնական պայմաններ ցուցմունք տալու համար առաջ չի քաշում։ Երեկ նա պատրաստակամությամբ մոտեցավ խոսափողին, չնայած սկզբում նույնպես հրաժարվում էր մասնակցել դատավարությանը։

Ամբաստանյալը պատմեց, որ 1991-ի հունվարին հայրենի հողի նկատմամբ կարոտից դրդված իր ընկեր Արսեն Արծրունու հետ փոխադրվեց Հայաստան։ Այստեղ ընկերների հետ նա հիմնադրեց առեւտրական ֆիրմա, որի տնօրենն էր Արծրունին, իսկ ինքը՝ Հարմանդարյանը, տեղակալը։ Սակայն երիտասարդ բիզնեսմենների գործն այնքան էլ լավ չէր ընթանում, իսկ 93-ին վերջնականապես վատթարացավ։ 1993 թվականի վերջին նրանք հիմնադրեցին «Խանասոր» բաժնետիրական ընկերությունը, որը պահեստներ ստեղծելու նպատակով վարձակալել էր Մասիսի ձկնորսական տնտեսության տարածքի մի մասը: Մտահղացումները շատ էին՝ սուրճի վերամշակում, փայտամշակում, հաց թխելը, սակայն երազանքներն այդպես էլ չիրականացան։ Ըստ Հարմանդարյանի, պահեստային բիզնեսը նույնպես տպավորիչ արդյունքների չբերեց, նրանց հաճախորդներն էին միայն ՀՕՄ-ը եւ Շուշիի գումարտակը։

Սակայն անհաջող աշխատող պահեստի թիկնազորն իր ծավալներով տպավորիչ էր: Աշխատում էր պահակների երեք բրիգադ, դարպասների մոտ, տարածքում եւ երրորդ խումբը, որը հատուկ ուշադրության արժանացավ, քանի որ նրա գրեթե ողջ կազմը այսօր նստած է ամբաստանյալի աթոռին։ Թե ով էր նրանց ղեկավարը, երեկվա նիստում պարզ չդարձավ։ Հարմանդարյանը հայտարարեց, որ «պահակները» իրեն չէին ենթարկվում, ամբաստանյալը նրանց աշխատանքի չէր ընդունում եւ աշխատավարձ չէր վճարում։ Թե ինչ նպատակով էր ստեղծվել այդ խումբը, Հարմանդարյանը չկարողացավ բացատրել։

Պահեստը գոյություն ունեցավ մինչեւ 94-ի սեպտեմբերը։ Այդ ժամանակ ընկերները, ինչպես նշեց ամբաստանյալը, հայրենիքում հաջողության հասնելու հույսը կորցրեցին եւ որոշեցին իրենց ուժերը փորձել Մոսկվայում:

Դեկտեմբերի 3-ին Հարմանդարյանին ձերբակալեցին։ Նա մանրամասնորեն պատմեց, թե ինչպես են խուզարկել իր բնակարանը, սակայն պարզել, թե ինչ է տեղի ունեցել ԱԱՊՎ մեկուսարան տեղափոխելուց հետո, երեկ չհաջողվեց։ Հարմանդարյանը հայտարարեց, որ առաջին հարցաքննության արձանագրության մեջ գրված է, որ այն նկարահանված է տեսաժապավենի վրա։ Նա այդ տեսագրությունը դիտելու ցանկություն հայտնեց։ Կոլեգիան որոշեց տալ այդ հնարավորությունը Հարմանդարյանին, փաստաբաններին եւ բոլոր շահագրգիռ անձանց։ Այդ առթիվ նիստում հայտարարվեց ընդմիջում մինչեւ հոկտեմբերի 27-ը:

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031