Հայաստանն Ադրբեջանցի երեք պատանդ է վերադարձնում
ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարները լի են վճռականությամբ շարունակելու համագործակցությունն ու փոխգործակցությունը։ Այդպիսի հետեւություն կարելի է անել ՆԳ նախարարների Երեւանում ավարտված խորհրդակցության արդյունքներից։ Երկու օր Հայաստանի մայրաքաղաքի կառավարական ընդունելությունների տանը լարված աշխատանք էր ընթանում օրակարգային հարցերի շուրջ։
ԱՊՀ կանոնադրության համաձայն մենք մտադիր ենք մեր խորհրդակցությանը տալ ԱՊՀ ներքգործնախարարների խորհրդի կարգավիճակ, ինչպիսիք են արտգործնախարարների կամ պաշտպանության նախարարների խորհուրդները, մեզ հետ զրուցելիս ասաց Ղրղզստանի ներքգործնախարար, ներքին ծառայության գեներալ-մայոր Մոդալբեկ Մոլդաշեւը։ Այս հարցի շուրջ երեւանյան հանդիպումն ընդունեց համապատասխան որոշում։
Տաջիկստանի ներքգործնախարար, ներքին ծառայության գեներալ-մայոր Սայդամիր Զուհրովի կարծիքով, մշակված ու Երեւանում ստորագրված փաստաթղթերը կօգնեն էապես բարելավել ՆԳՆ-ի գծով օպերատիվ-հետախուզական գործունեությունը։ Հանցագործները չեն սպասում, ժամանակից առաջ են ընկնում, եւ մենք պետք է գործենք, ասաց նախարարը։
Ցավոք, հանցագործ աշխարհը շատ լավ օգտագործեց օրենքի տեսակետից այն խոչընդոտները, որ առաջացան Միության փլուզման հետեւանքով, եւ առաջ ընկավ իրավապահ մարմիններից։ Այս կարծիքը հայտնեց Վրաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար, միլիցիայի գեներալ-մայոր Ջեմալ Գախոքիձեն։ Երեւանյան հանդիպումը թույլ կտա աստիճանաբար լուծել այդ հիմնահարցերը, ասաց նա։ Առայժմ մեր ահաբեկիչները հանգիստ ապրում են ԱՊՀ այլ հանրապետություններում, սակայն ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր լուծումը կստանա, հույս հայտնեց Վրաստանի ներկայացուցիչը։
Նա դրական գնահատեց համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ։ Մենք հարեւաններ ենք, ասաց նա, եւ շահագրգռված ենք, որ համաձայնություն լինի հանցավորության դեմ մղվող պայքարում։ Երեւանյան հանդիպման շրջանակներում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի ու Վրաստանի ՆԳՆ-երի համագործակցության մասին։ Ջ. Գախոքիձեի խոսքերով, այդ փաստաթղթով կհստակեցվեն հանցավորության դեմ պայքարի գործում երկու երկրների իրավապահ մարմինների գործողությունները, կորոշվեն աշխատանքների հստակ ուղղությունները։ Սկզբնական շրջանում մենք բոլորս ձգտում էինք հաստատվել իբրեւ ինքնիշխան հանրապետություններ, իսկ այժմ ջանում ենք մշակել ընդհանուր մոտեցումներ, ընդհանուր մեխանիզմներ հանցավորության դեմ մղվող պայքարում, ասաց Վրաստանի փոխնախարարը։
Ներքին գործերի նախարարների երեւանյան հանդիպման անակնկալն եղավ Հայաստանի որոշումը՝ որպես բարի կամքի դրսեւորում Ադրբեջանին հանձնել ադրբեջանցի երեք պատանդների։ Այդ որոշումը կայացրել է հանրապետության ղեկավարությունը, մեզ հայտնեց ՀՀ ներքգործնախարար Վանո Սիրադեղյանը։ Պատանդների հարցը բարձրացվեց մեր խորհրդակցության ընթացքում եւ դրա լուծումը այս հանդիպման պատվի հարցն էր, ընդգծեց նախարարը։
Հայաստանի քայլը ադրբեջանական կողմի համար մեծ անակնկալ է, որը շատ դրական արձագանք կունենա Ադրբեջանում, մեզ ասաց Ադրբեջանի ՆԳ փոխնախարար, միլիցիայի գնդապետ Ղուրբան Մամեդովը, ինչ պատասխան անակնկալ կմատուցի ադրբեջանական կողմը՝ ցույց կտա ժամանակը, ասաց գնդապետը։ Փոխնախարարի կարծիքով, Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը երեւանյան խորհրդակցությանը մեծ խթան կհանդիսանա հարեւան երկու հանրապետությունների ՆԳ նախարարությունների փոխգործողության համար։
Խորհրդակցությունում չափազանց հետաքրքրական հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ներքգործնախարար, ներքին ծառայության գեներալ-գնդապետ Անատոլի Կուլիկովը։ Երբ երեք ամիս առաջ նշանակվեցի ներքգործնախարարի պաշտոնին, չէի կարող անգամ պատկերացնել կաշառակերության այն մակարդակը, որ տիրում է ՆԳ մարմիններում եւ որին ես բախվեցի, ասաց նախարարը խորհրդակցության դռնփակ քննարկումների ժամանակ։ Ա. Կուլիկովի խոսքերով, եթե չձեռնարկվի սեփական շարքերի զտում, ապա կազմակերպված հանցավորության եւ կաշառակերության դեմ մղվող պայքարը կհանգեցնի սոսկ նրա մակերեւութային դրսեւորումների վերացմանը։
Ըստ ՌԴ ՆԳ նախարարի, նախագահ Բորիս Ելցինը, Ռուսաստանի վարչապետն ու ՆԳՆ ղեկավարությունը առաջնակարգ ուշադրություն են դարձնում կազմակերպված հանցավորության ու կաշառակերության դեմ պայքարին՝ իրավապահպան մարմինների գործունեության կատարելագործման այլ խնդիրների շարքում։
Հայաստանի ՆԳ մարմիններում կաշառակերության դեմ պայքարը սկսվել է տակավին երկուսակես տարի առաջ, մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։
Թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՊՀ ՆԳՆ-երի համագործակցության արդի վիճակն ու հեռանկարները, «Առավոտի» հաջորդ համարում։
Տիգրան ԼԻԼՈՅԱՆ