Ինչպես հայտնի է, պրոլետարիատի մեծ առաջնորդը գների միջոցով գանձվող անուղղակի (ակցիզային) հարկերը համարում էր աղքատների շահերին խփող երեւույթ, քանի որ դրանք առնչվում էին նախեւառաջ առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Դժվար թե մեր քաղաքական գործիչներն առանձին հակվածություն ունեն մարքս–լենինյան տնտեսական ուսմունքի հանդեպ, սակայն անապահով խավերի վիճակի մասին մտահոգությունը գերակշռում էր «Ակցիզային հարկի մասին» օրենքի մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ: Ինչպես արդեն հայտնել ենք, խորհրդարանը որոշեց ակցիզային հարկ դնել կառավարության կողմից ներկայացված բոլոր ապրանքների վրա՝ բացի հեղուկ գազից։ Նշենք, որ դրանց մեծ մասը ամենեւին էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն, այլ ճիշտ հակառակը՝ պերճանքի առարկաներ, խավիար, ճենապակի, ոսկեղեն, մորթի, կաշի, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ եւ այլն: Այնպես որ, աղքատների վիճակով մտահոգվելը կարող է վերաբերել հիմնականում բենզինին։ Որոշ պատգամավորների կարծիքով, դա կբերի գների ընդհանուր կտրուկ աճի եւ, որպես հետեւանք, հասարակության ավելի մեծ շերտավորմանը՝ ստվերային կառույցների հետագա զարգացմամբ:
Կառավարության կարծիքով, նման բան չի լինելու։ Ի դեպ, որոշ անկախ տնտեսական փորձագետներ առանձնապես հակված չեն վիճարկել այդ լավատեսական կանխատեսումները։ Նրանց կարծիքով, ակցիզային հարկին զուգահեռ, 1 լիտր բենզինի գինը կբարձրանա 31 ցենտից մինչեւ 35 ցենտ: Ընդ որում, գնի բարձրացմանը զուգահեռ սպասվում է պահանջարկի նվազում։ Քանի որ բենզինի առեւտուրն այսօր ամենաշահութաբեր գործերից մեկն է, այստեղ պետք է գործեն գինը կարգավորող համապատասխան տնտեսական մեխանիզմներ։
Սակայն, եթե աղքատների ճակատագիրը գուցեեւ պետք չէ ուղղակիորեն կապել ակցիզային հարկի հետ, հարցի մյուս կողմը շատ ավելի արդիական է: Որքանո՞վ է ընդունված որոշումը համապատասխանում պետության շահերին եւ խաղալո՞ւ է արդյոք հարկի բարձրացումը, բացի ֆիսկալայինից, նաեւ կարգավորող սոցիալական դեր։ Պարզ է, որ կառավարությունը շահագրգռված է կարճ ժամանակահատվածում կրճատել բյուջեի դեֆիցիտը։ Մասնագետների հաշվարկներով, ակցիզային դրույքաչափերի բարձրացումը կարծես թե պետք է բյուջե բերի շոշափելի գումար։ Ընդսմին, հավաստիացումներ են հնչում, որ
այդ գումարները կօգտագործվեն թոշակների, նպաստների բարձրացմանը եւ պետբյուջետային հիմնարկների աշխատողների բարեկեցությանը։
Չենք ուզում շեղվել դեպի այն հարցի քննարկումը, թե ինչու է բյուջեում նման մեծ ճեղքվածք առաջացել, որը հնարավորություն չի տալիս կատարելու տարվա սկզբից բյուջեում նախատեսված առաջին տողերից մեկը՝ սոցիալական ծրագրերը։
Նշենք միայն, որ այսօր դժվար թե որեւէ մեկը լրջորեն կարող է ենթադրել, թե ակցիզային հարկը կնպաստի պետական գանձարանի որոշիչ համալրմանը։ Շատ հնարավոր է, որ պարզապես ներմուծվող ապրանքի՝ հարկերից խուսափելը կընդունի ավելի խոշոր մասշտաբներ։ Ճիշտ է, հարկային տեսչության՝ կառավարության իրավասություններից դուրս բերելու փաստը կարող է հիմք ծառայել նման երեւույթների դեմ լուրջ պայքարի համար։ Միայն դրանից հետո մենք կարող ենք հուսալ, որ հարկերը (այդ թվում ակցիզայինը), բացի բյուջետային ճեղքվածքը ծածկելու միջոցից, կնպաստեն մեր երկրի եւ նրա քաղաքացիների բարգավաճմանը։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ