Երեկ ԱԺ եզրափակիչ նիստում տնտեսական եւ վարչատարածքային խնդիրներին զուգահեռ՝ պետք է որոշվեր նաեւ «ՀՀ Պաշտպանության օրենքի» ճակատագիրը, թեկուզ առաջին ընթերցմամբ։
Ինչպես հայտնի է, տվյալ օրենքի շուրջ տարաբնույթ լուրեր էին շրջում, ԳԽ-ում կազմված այս օրենքի նախագիծը համարվում էր կորուսյալ։ Սակայն ինչպես փաստեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Սամվել Գեւորգյանը, նման լուրերը ակնհայտորեն չափազանցված են։ Նա ասաց, որ ԳԽ պաշտպանության օրենքի նախագիծը իր գզրոցում է, եւ այնտեղից քաղված շատ դրույթներ այժմ, տեղ են գտել նորակազմ օրենքում։ Նախորդ նախագծի «պաշտոնանկությունը» կապված է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության հետ. այն հակասում էր այսօրվա մեր հիմնական օրենքին։ Թեեւ պետք է նշել, որ ԳԽ «Պաշտպանության օրենքի» նախագիծը մշակվել էր 1992 թվականին, երբ դժվար էր կանխագուշակել 1995-ի Սահմանադրության ոգին։ Պրն Գեւորգյանը ընդունեց, որ ժամկետների խախտում, անկասկած, կատարվել է։
Այնուհանդերձ, լրամշակված, Սահմանադրությանը ներդաշնակ «Պաշտպանության օրենքը» այս եռօրյայի օրակարգից փոխանցվեց հաջորդին, որովհետեւ բացակայում էր կառավարության եզրակացությունը. պրն Գեւորգյանի պարզաբանմամբ, պաշտպանության նախարարությունը եւ կառավարությունը դեռեւս չեն ճշտել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարեւորագույն խնդիրները։ Ելույթ ունենալով ԱԺ-ում՝ նա փաստեց ՍԻՄ խմբակցության եւ անհատ պատգամավորների եռանդուն մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին։ Իսկ Աշոտ Նավասարդյանը օրենքի հետաձգման անհրաժեշտությունը հիմնավորեց նաեւ լեզվի տեսչությունից ակնկալվող պատասխանով։ Լեզվաշինարարության ոգին համակել է ողջ խորհրդարանին, միջազգային եզրույթներ են թարգմանվելու, խմբագրական ճշտումներ կատարվելու։ Երջանիկ ՚Աբգարյանը կատարված աշխատանքին առավել ընդգրկուն բնույթ հաղորդեց. «Ի՞նչ ենք ուզում մենք աշխարհից, ո՞րն է մեր վարդապետությունը»: Կարապետ Ռուբինյանը ելնելով իր վարդապետությունից՝ այս նախագծի քննարկումը հանեց օրակարգից։ Կառավարությունը եւ լեզվի տեսչությունը կասեն իրենց ծանրակշիռ խոսքը։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ