Լրահոս
Օրվա լրահոսը

Գերադասելի են կրծքերի բնական չափերը

Հոկտեմբեր 25,1995 13:56

Երեկ Ազգային ժողովի 252 սրահում կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդրանիկ ինքնուրույն ասուլիսը, որը վարում էին Հայաստանի եւ ներքին սփյուռքի հնչակների առաջնորդ Եղիա Նաջարյանը եւ քաղաքական դիվանի անդամ Էռնեստ Սողոմոնյանը: Ասուլիսի հրավիրման առիթը, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին կայանալիք ՍԴՀԿ համահնչակյան 16-րդ համագումարն էր։

Եղիա Նաջարյանը ներածական խոսքում անդրադարձավ իր լրագրական հախուռն լեզվական ոճի թյուրըմբռնմանը, որը տեղիք է տալիս որոշ դժգոհությունների։ Թեպետ պրն Նաջարյանը փաստեց, որ ինքը միշտ չէ այդպիսին եղել։

Զուտ ներկուսակցական խնդիրներից առաջինը շոշափվեց հնչակների թվաքանակի հարցը, որը անընդհատ շահարկվում է։ Անցած շաբաթ օրը կուսակցության երեւանյան ժողովը իր 60 հոգիանոց կազմով վկայում է հնչակների թվի մասին չափազանցված լուրերի սնանկությունը. ընդհանուր առմամբ կուսակցությունը ներառում է 2800 անդամ։ Էականը, սակայն, ոչ թե մարդկանց արհեստական հավելումն է, այլ ընկերային-ընտանեկան կապերի ամրապնդումը։ Եղիա Նաջարյանը համոզված է, որ կուսակցությունը պետք է համապատասխանի ընտանիքի մոդելին, եւ յուրաքանչյուր առաջնորդ պարտավոր է իրազեկ լինել իր կուսակցական ընկերոջ կյանքին։

Անդրադառնալով Սփյուռքի կուսակցությունների Մայր Հայաստան գալու փաստին եւ նրանց շարքերի ստվարացմանը՝ ՍԴՀԿ նախագահը յուրօրինակ համեմատություն կատարեց՝ կանխավ ներողություն խնդրելով կին լրագրողներից։ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն նմանվում էին այն կասկածելի կանանց, որոնք հորմոններով արհեստականորեն փարթամացնում էին իրենց… կրծքերը՝ բնական չափերը տվյալ դեպքում ակնհայտորեն գերադասելի են։

Շաբաթ օրը գումարվող կուսակցության համագումարի օրակարգում առաջնայինը կազմակերպական խնդիրն է։ Կուսակցությունը պատրաստվում է իր կառույցը դարձնել զուտ հայաստանյան. այս ճանապարհին խոչընդոտները շատ են՝ ամենից առաջ ՀՀ քաղաքացիության եւ ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին օրենքները։ Արտասահմանի հնչակների առջեւ պահանջ է դրվում, եթե նրանք ընդգրկվելու են հայաստանյան կառույցի մեջ, ապա պետք է հրաժարվեն իրենց, օտարերկրյա քաղաքացիությունից՝ Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, Ավստրալիա… Իհարկե, դժվար է միանգամից նման բեկումնային վճիռ կայացնել, ուստի անցումային փուլում հնարավոր է սփյուռքյան անդամներից բաղկացած կառույցին խորհրդատվական ձայնի իրավունք վերապահել՝ գործադիր իշխանությունը հատկացնելով ընդոծին հնչակներին։ Դատելով ժամանակի տրամաբանությունից՝ կուսակցությունները Սփյուռքում դատապարտված են. պապ-հայր-որդի ժառանգորդական շղթան այլեւս չի գործում, կուսակցությունները, ներառյալ եւ հնչակները, հանգչում են։ Սակայն գալով Հայաստան՝ Սփյուռքի կուսակցականները պետք է «անաղարտանան», ինչպես ավանդական հարսանիքներում հարսն ու փեսան, որոնք վաղօրոք «դուշ» (ցնցուղ) ընդունելուց հետո ձերբազատվում են աղտերից։

Սփյուռքում մնացած կուսակցական մարմինները պետք է դառնան ՀՀ քաղաքականության լծորդը, դրան նպաստող ուժը։ Բացի կազմակերպական խնդրից՝ օրակարգում են Հայրենիք-Սփյուռք, Հայոց Առաքելական եկեղեցու (հնչակները կամենում են խորհրդածել տարանջատված հայ կաթողիկոսությունների մասին) հարաբերությունները եւ կուսակցության ծրագրի վերանայումը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք գաղափարական պայքարի դրոշը՝ սոցիալ-դեմոկրատիան անուշադրության չի մատնված։ Թե՛ Եղիա Նաջարյանը, թե՛ Էռնեստ Սողոմոնյանը պատասխանեցին, որ իրենք երբեւէ չեն հրաժարվել եւ չեն հրաժարվի սոցիալ-դեմոկրատիայից, սակայն իրենք ամենից առաջ ազգային կառույց են՝ «ազատ, անկախ, միացյալ» հայրենիքի ջատագովները։ Առաջնայինը պետականության շահն է. Հայաստանն այսօր մղում է ազգային-ազատագրական պայքար, եւ այս փուլում ընկերային շահերի առաջմղումը ճիշտ չէ:

Անդրադառնալով իրենց համա՚գումարում քննարկվելիք այլ հարցերին՝ նրանք հիմնավորեցին դռնփակ նիստերի անհրաժեշտությունը։ ՍԴՀԿ-ն՝ որպես հնամենի եւ զորեղ կառույց, չի կարող չլինել ինչ-որ առումով մարտաշունչ. «Ի՞նչ կուսակցություն, որը չունենա ոչ թե գաղտնի ռազմական, այլ գոնե հետախուզական կառույց»։ Էռնեստ Սողոմոնյանը հումորով արձանագրեց «Դրո» կառույցի գոյության փաստը նաեւ իրենց շարքերում։

Իսկ Եղիա Նաջարյանը հայտնեց լրագրողներին իր նոր նախաձեռնությունը՝ նոյեմբերի 1-ից օրաթերթ ստեղծելու մասին: Բոլոր շնորհալի, պարկեշտ, գործազուրկ թղթակիցների համար մուտքն ազատ է, եթե նրանք կոմունիստ, դաշնակ կամ ռամկավար չեն։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031